Մատչելիության հղումներ

Չեմ կարծում, որ այդ հանրահավաքները մեծ ազդեցություն ունեն Հայաստանի քաղաքական օրակարգի վրա. Վահագն Ալեքսանյան


Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը չի կարծում, թե ընդդիմության հանրահավաքները մեծ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի քաղաքական օրակարգի վրա։

«Ես մեծագույն հարգանք ունեմ 2-6000 մարդկանց իրավունքների նկատմամբ, որոնք մշտապես մասնակցում են ընդդիմության հանրահավաքներին: Առանձնապես որպես էդպիսին չեմ կարծում, որ այդ հանրահավաքները մեծ ազդեցություն ունեն Հայաստանի քաղաքական օրակարգի վրա, բայց, այնուամենայնիվ, դա մարդկանց իրավունքն է, և Հայաստանի Հանրապետությունը որպես ժողովրդավարական հանրապետություն, պիտի ունենա նաև այդպիսի հանրահավաքներ: Եթե մարդիկ կան, որ ունեն այդ ցանկությունը, թող անեն այդ հանրահավաքները», - նշեց Ալեքսանյանը։

Օրերս էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր արձագանքել ընդդիմության հանրահավաքին։

«Ընդդիմությանը որևէ կերպ չեմ ուզում մեկնաբանել, որովհետև իմ մոտ տպավորություն է, որ իրենք մի լոզունգ կա ռուսերեն՝ "никогда не сдавайся позорься до конца", ինձ մոտ տպավորություն է, որ իրենք այդ լոզունգով են առաջ գնում: Եվ ցավում եմ, որ Իշխան Սաղաթելյանը չի հասկանում, որ քաղաքական ինքնասպանության դերը իրեն են վստահել: Ուղղակի ապշում եմ, որ կարելի է չհասկանալ, որ իրեն դրդում են քաղաքական ոչնչացման: Մենք ընդդիմություն ենք եղել և գիտենք հանրահավաք անելը ինչ է, ինչի համար է, երբ է պետք կանգ առնել, երբ պետք է չշարունակես», - ասել է Սիմոնյանը:

Այսօրվա հանրահավաքին ընդդիմության ներկայացուցիչները կրկին շեշտեցին հիմնական բանակցողի փոփոխության, բանակցային նոր գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին։

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հարթակից հայտարարեց՝ իրական խաղաղության հասնելու համար նախ պետք է ապահովել երկրի պաշտպանությունն և անվտանգությունը։ Առանց դրա մնացածը ազգային նվաստացում և նոր կապիտուլյացիա է: Ասաց՝ կապիտուլյացիան կարելի է կանխել՝ միայն ազգային համերաշխության դրոշով համահայկական զարթոնքի ալիք բարձրացնելով և որպես կարևոր հանգրվան՝ Ազգային իշխանություն ձևավորելով:

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքելով այս հայտարարությանը՝ նշեց. «Որ ասում են՝ խուսափել կապիտուլյացիայից, էդ նույն մարդիկ են, որ մոտավորապես 2 ամիս առաջ նշում էին, որ 2020 թվականի նոյեմբերին ստորագրվել է կապիտուլյացիա, այսինքն՝ արդեն եղել է կապիտուլյացիա, իսկ եթե արդեն եղել է, էլ ոնց կարող ես նորից կապիտուլացվես, ես դա չեմ հասկանում։ Այսինքն՝ էն ժամանակ էին ստում, կամ հիմա են ստում, բայց ցանկացած պարագայում ո՛չ արժանահավատություն, ո՛չ գոնե հասարակ բանականություն այդ մարդկանց խոսքում որպես այդպիսին ուղղակի չկա»։

Ընդդիմությունը կարծում է, որ Երևանը ոչ հայանպաստ տարբերակներ է բանակցում Բաքվի հետ, իշխանությունը, որ Ադրբեջանի կտրուկ մերժումներից հետո չի խոսում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, ընդունում է, որ Ադրբեջանը մաքսիմալիստական մոտեցումներ ունի, բայց նաև պնդում է, թե հարցը բարձրացնում է բոլոր միջազգային հարթակներում։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները խաղաղության պայմանագրի շուրջ կբանակցեն առաջիկա օրերին՝ Վաշինգտոնում ամերիկյան միջնորդությամբ։

Չեմ կարծում, որ այդ հանրահավաքները մեծ ազդեցություն ունեն Հայաստանի քաղաքական օրակարգի վրա. Վահագն Ալեքսանյան
please wait

No media source currently available

0:00 0:03:18 0:00

XS
SM
MD
LG