Մատչելիության հղումներ

Երևանը չի արձագանքում առաջիկայում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ Բաքվի հայտարարություններին


Ադրբեջանը հույս ունի, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծումը, APA գործակալության փոխանցմամբ այսօր Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Ալիևի օգնականն նաև ասել է, որ իրենց կարծիքով՝ Հայաստանի կողմից վարանումներ կան խաղաղության պայմանագրի կնքման շուրջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից այսօր չարձագանքեցին պաշտոնական Բաքվի հայտարարությանը՝ միայն նշելով. - «Հանդիպման արդյունքների վերաբերյալ կտարածվի համապատասխան հաղորդագրություն և կտրվի տեղեկատվություն քննարկված թեմաների շուրջ»։ Իշխանական պատգամավորները ևս խուսափեցին արձագանքել Հաջիևին՝ հորդորելով այս հարցերով դիմել կառավարությանը։

Իսկ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ եթե առկա իրավիճակում փաստաթուղթ ստորագրվի, ապա դա կլինի ոչ թե խաղաղության, այլ՝ կապիտուլացիայի պայմանագիր։

«Եթե Հայաստանն այսօր «խաղաղության» պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ, որի էությունը կլինի կապիտուլյացիան, նշանակում է՝ Հայաստանը ձեռքերը լվանում է Արցախից: Արմեն Գրիգորյանի այդ թեզը, որ եկեք Արցախն առանձնացնենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև եղած խնդիրներից, դա ուղղակի Արցախից ձեռքերը լվանալու թեզ է, որովհետև եթե այսօր Ադրբեջանի պայմաններով կնքվի այդ խաղաղության պայմանագիրը և Արցախի հարցին անդրադարձ չլինի, մենք այլևս երբեք հնարավորություն չենք ունենա արծարծել Արցախի հարցը, այն կմոռացվի», - ասաց Խաչատրյանը:

Ընդդիմադիր մյուս խմբակցության՝ «Պատիվ ունեմի» ղեկավար Հայկ Մամիջանյանը վտանգավոր է որակում, այն, որ Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպմանը քննարկվելիք հնարավոր հարցերի շարքում չեն դիտարկվում հայ ռազմագերիների վերադարձի, Ադրբեջանի ԶՈՒ կողմից Հայաստանի սուվերեն տարածքի զբաղեցման և Արցախի կարգավիճակի մասին խնդիրները։

«Հաջիևի վերջին հայտարարությունը մի քանի մակարդակով խնդիրներ է առաջացնում մեր երկրի համար. իրենք բացահայտել են բրյուսելյան հանդիպման իրենց մասով օրակարգը, իսկ, ինչպես անցյալ փորձն է ցույց տալիս, ցավոք, այդ հանդիպումների օրակարգը Ադրբեջանի կողմից է թելադրվում, ու նորից Հայաստանի համար կարևորագույն կետերը բացակայում են այդ օրակարգում, դա մեկ: Երկրորդ՝ վերահաստատումը՝ կապված նրա հետ, որ ղարաբաղյան հակամարտությունն իրենց համար փակված է համարվում և կապված Մինսկի խմբի, այսպես կոչված, իրենց կողմից որակվող անգործության հետ, վտանգներ է ներկայացնում մեր երկրի համար: Սա շարունակում է լինել տվյալ ապիկար, կապիտուլյանտ իշխանությունների ձախողումների արդյունքը», - նշեց Մամիջանյանը:

Ընդդիմադիրները կարծում են՝ Երևանը պետք է ավելի արագ ու սուր արձագանքի Բաքվի այն հայտարարություններին, որոնք չեն բխում հայկական կողմի շահերից։

«Տևական ժամանակ է պաշտոնական Երևանը չի արձագանքում մեր երկրի հանդեպ արված որևէ հայտարարության այս կամ այն միջազգային դերակատարի կողմից, ուստի սա իմ համար զարմանալի չէ», - ընդգծեց Մամիջանյանը:

«Հայաստանի իշխանությունները ուղղակի դիմադրելու իմիտացիա են սարքելու՝ թուրքերի հետ համաձայնեցված, թուրքերի կողմից հավանաբար կլինի ինչ-որ ցավոտ գործողություն և Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ կասի, որ ճանապարհը դեպի խաղաղություն փշոտ է, հարթ չի անցնելու, բայց այլ ելք չունենք», - ասաց Խաչատրյանը:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նախորդ հանդիպումը ևս կայացել է Բրյուսելում, երեք ամիս առաջ՝ մայիսի 22-ին, Եվրամիության խորհրդի նախագահի նախաձեռնությամբ: Փաշինյան-Ալիև հանդիպման նախորդ օրն էլ՝ օգոստոսի 30-ին, Մոսկվայում հանդիպելու են սահմանազատման հարցերով հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը։

Երևանը չի արձագանքում առաջիկայում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ Բաքվի հայտարարություններին
please wait

No media source currently available

0:00 0:03:59 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG