43-ամյա Վարդանյանը մեղադրվում է հափշտակության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության, Արա Վարդանյանը հիմնադրամի առանձնապես խոշոր չափերով գույքը յուրացնելու նպատակով կազմակերպություններից մեկի տնօրենի օժանդակությամբ կազմել, հաստատել և ստորագրել է Արցախի դպրոցներին շուրջ 300 միլիոն դրամ արժողությամբ գույքի կեղծ պայմանագրեր։ Իրավապահների պնդմամբ, այդ գումարը հափշտակվել է, դպրոցներին նախատեսված գույքը չի մատակարվել։
Վարդանյանի մեղադրական եզրկացության մյուս դրվագը հիմնադրամի միջոցները աձնական նպատակով ծախսելուն է վերաբերում։ ԱԱԾ-ն հայտնում է՝ 2014-ին Վարդանյանը բանկերից մեկի հետ վարկային քարտի պայմանագիր է կնքել՝ գրավադրելով հիմնադրամի հաշվին գտնվող «Մոզիյան» ֆոնդի 28 միլիոն դրամ ավանդը։ Այնուհետև հիմնադրամին պատկանող դրամական միջոցների մի մասն օգտագործել է իր անձնական կարիքների համար։ 2016-ից 2018 թվականներին օնլայն խաղատներում խաղադրույք կատարելու նպատակով, ինչպես նաև անձնական այլ կարիքները հոգալու համար վերը նշված քարտի հաշվում առկա դրամական միջոցներից խաղատների հաշվեհամարներին փոխանցել կամ կանխիկացրել է գրեթե 137 միլիոն դրամ։
«Մեղադրանքը չենք ընդունում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։ - «Մի կողմ թողնենք, որ Արա Վարդանյանը պաշտոնեական դիրք չի ունեցել, որ չարաշահի, այլ ընդամենը հիմնադրամի տնօրեն է եղել և չի հանդիսանում պաշտոնեական դիրք չարաշահելու հանցակազմի սուբյեկտ։ Բացի այդ, ակնհայտ է, որ նրա գործողություններում առհասարակ քրեորեն հետապնդելի որևէ բան չկա, երբ որ նա բանկային քարտից ինչ-որ վճարումներ է կատարել տարբեր տերմինալներ, որից հետո կանխիկ գումարը մեկ-երկու օրվա ընթացքում բերել-վերադարձրել է հիմնադրամի հաշվին։ Ես չգիտեմ այստեղ ով ինչպես է ինչ-որ հանցագործություն նշմարում»։
Գրեթե 2 տարի առաջ ԱԱԾ-ն հայտնել էր՝ Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով։ Ըստ իր խոսքերի, վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը հետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն՝ դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը:
Վարդանյանը գործի հարոցումից հետո հրաժարական էր ներկայացրել զբաղեցրած պաշտոնից՝ նշելով, որ քաջ գիտակցում է, որ իր հետագա պաշտոնավարումը կվնասի Համահայկական հիմնադրամի հեղինակությանը:
Մեղադրանքի՝ շուրջ 300 միլիոն դրամի յուրացումների վերաբերյալ դրվագներին Արա Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը արձագանքում է՝ իր վստահորդը այդ ամենի հետ կապ չունի․ - «Այդ դրվագների հետ քրեական գործի նյութերին ամբողջապես ծանոթանալուց հետո կարող ենք պնդել, որ Արա Վարդանյանը առհասարակ կապ չունի բացարձակապես։ Ով ում ինչ չի մատակարարել, ով ում ինչ մատակարարել է․․․ էդ ամենը կոնկրետ Արա Վարդանյանի հետ որևէ առնչություն չունի։ Եվ քրեական գործում առկա չեն նրա մեղավորությունը որևէ կերպ հիմնավորող ապացույցներ»։
Վարոսյանի խոսքով, դատարանում հանրությանը հետաքրքիր անակնկալներ են սպասվում․ - «Հատկապես էդ յուրացման դրվագով․ թե ինչ է իրականում տեղի ունեցել, արդյոք մատակարարումներ եղել են, թե չեն եղել․․․ շատ հետաքրքիր զարգացումներ կսպասվեն»։
Արա Վարդանյանն այս գործի շրջանակում նախկինում շուրջ 2 ամիս կալանավորված է եղել, սակայն այժմ ազատության մեջ է։