Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին ևս 2 մեղադրանք է առաջադրել


Արա Վարդանյան
Արա Վարդանյան

Ազգային անվտանգության ծառայությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի մասնակցությամբ նոր հափշտակության դեպք է բացահայտել։

ԱԱԾ-ի հրապարակած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ Վարդանյանին դեռ անցած տարվա հուլիսին առաջադրված՝ յուրացումներ կատարելու լիազորությունները և լիազորությունների չարաշահելու մեղադրանքը լրացվել է: Ըստ այդմ, Արա Վարդանյանը 2017 թվականի հոկտեմբերի 26-ին կնքել է պայմանագիր Արցախի շրջանների վարչակազմերի կրթության բաժիններին շուրջ 150 միլիոն դրամի գույք մատակարարելու մասին, սակայն գույքը չի մատակարարվել, իսկ հիմնադրամից այդ նպատակով դուրս գրված գումարը յուրացնելու նպատակով կազմվել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրենի փաստաբան Երվանդ Վարոսյանը պնդում է, թե ապացույցներ չկան, որ իր պաշտպանյալը տեղյակ է եղել հիմնադրամում տեղի ունեցող գործընթացներից․ - «Մնացածը թող քննեն, պարզեն, իմանան, ո՞ւր ա էդ ապրանքը, ո՞ւր ա գնացել, ո՞ւր չի գնացել, ինչո՞ւ չի գնացել: Էդ ամեն ինչը թող պարզեն: Բայց էս փուլում, էս իրավիճակում, էս ապացույցների շրջանակում անձի նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխությունը ինքնին արդեն ցույց է տալիս, որ իրականում քննելու ցանկություն էլ չկա»:

Վարդանյանի խափանման միջոցը երկու օր առաջ է փոխվել։ Նա անցած տարի հուլիսի 3-ին կալանավորվել էր ու ավելի ուշ ազատ էր արձակվել՝ գրավի դիմաց։ Դեռ այն ժամանակ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել էին, թե փաստական հանգամանքների ճնշմամբ Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

Վարդանյանին կրկին կալանավորելու որոշումը նրա պաշտպանները քաղաքական են համարում։ Նրա փաստաբանները համոզված են, որ անցած տարի, երբ Վարդանյանը քաղաքական գործունեությամբ չէր զբաղվում և «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենն էր, այդ ժամանակ ևս նրան մեղադրանք առաջադրելը քաղաքական էր:

«Նրա ձերբակալությունը, այն, թե ինչպես այդ ձերբակալությունը իրականացվեց, որտեղ իրականացվեց, դա խոսում է այն մասին, որ միանշանակ այդ ամեն ինչը կապված է, ընդ որում, դա միայն Արա Վարդանյանի հետ չի կապված, ես համոզված եմ, որ սա նաև ուղղված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դեմ, որը ինչ-որ ծրագրերի է խանգարում», - նշեց Վարոսյանը:

Ազգային անվտանգության ծառայությունից, սակայն, հայտնում են, որ նոր մեղադրանքներն առաջադրվելն են դեռևս 2018 թվականի հուլիսի 2-ին լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ։

«Հայաստան» համահայկական հիմնադրամից նախկին տնօրենի հետ կապված իրավական զարգացումները չեն մեկնաբանում:

Այդուհանդերձ, երեկ հիմնադրամի նոր տնօրենը՝ Հայկակ Արշամյանը, Ֆեյսբուքում գրառում էր կատարել, որում, հաշվետվություն էր ներկայացրել իր պաշտոնավարման մեկ տարվա ժամկետի վերաբերյալ և ընդգծել էր, որ այս ընթացքում բարելավվել են հիմնադրամի հաշվապահական հաշվառման, գնումների գործընթացը, ֆինանսական միջոցների ծախսման թափանցիկությունը և արդյուանվետությունը:

Արշամյանը նաև նշել էր, որ հիմնադրամը գործադրելու է բոլոր ջանքերը, որպեսզի նախկինում որևէ անձի կողմից իրականացրած որևէ արարք չստվերի հիմնադրամի 28-ամյա բարձր առաքելությունը, քանի որ հիմնադրամի միջոցով շուրջ 350 միլիոն դոլարի ծրագրեր են իրականացվել:

XS
SM
MD
LG