Մատչելիության հղումներ

Լրագրողական ՀԿ-ները ուշադրություն են հրավիրում Ադրբեջանի կողմից լրագրողների դեմ ոտնձգությունների վրա


Հայաստան - Մարտունիում վիրավորված Le Monde-ի թղթակից Ալան Կավալին ուղղաթիռով տեղափոխում են Երևանի օդանավակայան, որտեղից նա վերադարձավ հայրենիք, Երևան, 2-ը հոկտեմբերի, 2020թ.
Հայաստան - Մարտունիում վիրավորված Le Monde-ի թղթակից Ալան Կավալին ուղղաթիռով տեղափոխում են Երևանի օդանավակայան, որտեղից նա վերադարձավ հայրենիք, Երևան, 2-ը հոկտեմբերի, 2020թ.

Հայաստանյան լրագրողական շուրջ մեկ տասնյակ կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ միջազգային կառույցների և արտասահմանցի բոլոր գործընկերների ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից լրագրողների դեմ ուղղված ոտնձգությունների վրա և կոչ անելով բողոքի ձայն բարձրացնել և գործնական քայլեր ձեռնարկել այդ գործողություններին հակազդելու համար։

Հայտարարությունում մասնավորապես ասված է․ - «Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում ահագնացել են պատերազմական գործողությունները։ Դրա հետ կապված ծայրահեղ բարդացել է հակամարտությունը լուսաբանող հայ և օտարերկրյա լրագրողների աշխատանքը։ Ինտենսիվ հրթիռակոծության ենթարկելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Ադրբեջանը կոպտորեն խախտում է Ժնևյան կոնվենցիայով նախատեսված հումանիտար նորմերը։ Կրակի թիրախ են դառնում ոչ միայն քաղաքների ու գյուղերի բնակիչները, այլ նաև այդտեղ իրենց մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչները»։

Հաղորդագրությունում նշվում է, որ «այդ մարդատյաց գործողությունների հետևանքով 2020թ․ հոկտեմբերի 1-ին վիրավորվել են երկու արտասահմանցի և երկու հայ լրագրողներ», «հաջորդ օրը ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հետապնդումից հրաշքով են փրկվել ավտոբուսով տեղափոխվող մի խումբ լրագրողներ, երեկ էլ Ստեփանակերտում գրանցվել են լրագրողների կյանքին և առողջությանը սպառնացող դեպքեր»:

«ԶԼՄ-ների ներկայացուցիչներին թիրախավորելու փաստերը հոկտեմբերի 2-ին տարօրինակ կերպով փորձեց հիմնավորել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ըստ նրա՝ արտասահմանցի բոլոր լրագրողներն ապօրինի են գտնվում Լեռնային Ղարաբաղում, քանի որ թույլտվություն չեն ստացել ադրբեջանական կառավարությունից, հետևաբար Բաքուն պատասխանատվություն չի կրում նրանց անվտանգության համար։ Սա ոչ այլ ինչ է, քան լրագրողներին հասցեագրված անուղղակի սպառնալիք, որն իրականում ուղղորդվում է նրանց նկատմամբ կիրառվող մարտական գործողություններով։ Փաստորեն Ադրբեջանը, փոքր բացառությամբ, չի հավատարմագրում հակամարտությունը լուսաբանել ցանկացող օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներին և ամեն կերպ փորձում է խոչընդոտել նրանց աշխատանքը հայկական կողմում՝ կյանքի ու առողջության համար սպառնալիքներ ստեղծելով։ Սրանով խախտվում է նաև ռազմական դրության պայմաններում տեղեկատվություն ստանալու հանրության իրավունքը», - ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Մարտունիում ադրբեջանական բանակի հրետակոծության հետևանքով վնասվածքներ էին ստացել ֆրանսիական "Le Monde" պարբերականի 2 և հայաստանյան ԶԼՄ-ների 2 ներկայացուցիչներ: Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ ադրբեջանական բանակը անցել է հստակ գործողությունների՝ թիրախավորելով տեղական, հայաստանյան և միջազգային լրագրողական խմբերին։ «Ըստ ունեցած տվյալների՝ Ադրբեջանի կողմից ձևավորվել են հատուկ խմբեր, ում առաջադրանք է տրված հետևել լրագրողների շարժին, թիրախավորել և հնարավորինս շատ վնաս հասցնել մարտական գործողությունները լուսաբանող լրագրողներին», - ասված էր հայտարարությունում:

XS
SM
MD
LG