Մատչելիության հղումներ

Արցախի ԱԳՆ. Ադրբեջանի կողմից ձևավորվել են հատուկ խմբեր, ում առաջադրանքն է հետևել լրագրողների շարժին


Արցախի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ` ադրբեջանական բանակը անցել է հստակ գործողությունների՝ թիրախավորելով տեղական, հայաստանյան և միջազգային լրագրողական խմբերին։

«Ըստ ունեցած տվյալների՝ Ադրբեջանի կողմից ձևավորվել են հատուկ խմբեր, ում առաջադրանք է տրված հետևել լրագրողների շարժին, թիրախավորել և հնարավորինս շատ վնաս հասցնել մարտական գործողությունները լուսաբանող լրագրողներին։ Լրագրողական խմբերին թիրախային հարվածներ հասցնելու համար հակառակորդը կողմնորոշվում է լրագրողների՝ ռազմական գործողությունները հեռարձակվող տեսանյութերով և ուղիղ եթերներով։ Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ տեղում աշխատող լրագրողներն ունեն համապատասխան «PRESS» |տարբերանշաններով վերնազգեստ, իսկ նրանց տեղափոխող մեքենաներին ամրացված է նույն նշանը։ Ավելին՝ լրագրողները թիրախավորվել են այն ժամանակ, երբ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում էին քաղաքացիական բնակավայրերում, այլ ոչ թե մարտական գործողությունների թեժ կետերում», - նշում են ԱԳՆ-ից։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, լրագրողների, այդ թվում՝ նաև օտարերկրյա քաղաքացիների, ֆիզիկական անվտանգությունը և կյանքի իրական ուղիղ սպառնալիքը՝ որոշում է կայացվել վերջիններիս ժամանակավոր տեղափոխել տեղեկատվական նոր կենտրոն, որը գտնվում է ապահով վայրում։

Հիշեցնենք, որ Մարտունիում ադրբեջանական բանակի հրետակոծության հետևանքով վնասվածքներ էին ստացել ֆրանսիական «Le Monde» պարբերականի 2 և հայաստանյան ԶԼՄ-ների 2 ներկայացուցիչներ:

XS
SM
MD
LG