Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 562 հոգի, 6172-ը ԲԿ-ներում են


Կորոնավիրուսը Ֆրանսիայում ավելի ու ավելի լայն տարածում է գտնում: Առողջապահության նախարարության կողմից հրապարակված վերջին տվյալներով` վիրուսի հետևանքով մահացել է 562 հոգի, վարակակիրների թիվը հասել է 14,500-ի, 6172-ը հիվանդանոցում են, նրանցից 1525-ը գտնվում են լուրջ վիճակում:

Ըստ Առողջապահության նախարարության, որն արտակարգ առողջապահական իրավիճակ է հայտարարել երկրում, դրությունը ավելի է սրվելու առաջիկա շաբաթվա ընթացքում: Իբրև կորոնավիրուսի դեմ պայքարելու հիմնական միջոց` իշխանությունները ընտրել են բնակչության մեկուսացումը:

«Պետք է մնալ տներում, մենք պատերազմի մեջ ենք, թշնամին անտեսանելի է, բայց նա առկա է, առաջ է գնում», - ասել էր նախագահ Էմանյուել Մակրոնը մարտի 16-ին` նշելով նաև մի շարք արտակարգ միջոցառումներ կորոնավիրուսի դեմ պայքարի համար և միաժամանակ համախմբման կոչ ուղղելով ժողովրդին:

6-րդ օրն է արդեն, որ մարդիկ մեկուսացած են իրենց տներում, դուրս գալ թույլատրված է առաջին անհրաժեշտության կարիքների` սննդամթերք, դեղորայք հայթայթելու համար: Փողոցները դատարկ են, ամենուր լռություն է:

«Մեկուսացումը կդադարի այն ժամանակ, երբ վիրուսը կդադարի շրջել», - հայտարարել է առողջապահության նախարարը` նշելով, որ երկուշաբթի մեկուսացման ժամկետի մասին իր եզրակացությունն է հայտնելու կորոնավիրուսի համաճարակն ուսումնասիրող գիտական խորհուրդը:

«Մենք այժմ ավելի լավ ենք ճանաչում մեր թշնամուն, պարզ է մի բան, որ պետք է զինվել համբերությամբ և գործադրել մեկուսացումը ճշտապահությամբ, քանի որ այն լավագույն բանալին է համաճարակը հաղթահարելու և կյանքեր փրկելու համար», - նշել է նա:

Ոստիկանական խիստ հսկողություն է սահմանվել կարգապահությունը խախտողների համար: Խիստ տուգանքներ են նախատեսվել, որոնք կարող են 135 եվրոյից սկսած հասնել դրա կրկնակիին, և այդ թիվը նույնիսկ կարող է բազմապատկվել որոշ դեպքերում:

Կիրակնօրյա թերթերից մեկին այսօր տված իր հարցազրույցում հանրապետության նախագահը ասել է, թե երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որը «քննություն կհանդիսանա մեր դեմոկրատիայի, հանրության համար»: «Համաճարակն առկա է, և մենք պետք է ցույց տանք, որ ընդունակ ենք պաշտպանել մեր ժողովրդին առանց ոչինչ զիջելու մեր արժեքներից», - նկատել է Մակրոնը, որն իր հաջորդական հայտարարություններով կապ է պահպանում ժողովրդի հետ, թեպետ ոմանք կշտամբում են նրան շատ հապաղելու մեջ:

Բժշկական աշխատանքը կազմակերպվում է հնարավորինս արդյունավետությամբ, ոտքի է հանվել բանակն իր առողջապահական համակարգով, նավատորմը, հանրային հիվանդանոցներին օրերս միացել են մասնավոր, ավելի փոքր հիվանդանոցներն իրենց անձնակազմերով, իշխանությունները կոչ են ուղղել կամավորներին: Առողջապահության նախարարությունը 250 միլիոն բժշկական դիմակ է պատվիրել ամենից առաջ բժշկական համակարգի պաշտպանությունը ապահովելու համար, և մի շարք այլ միջոցառումներ են իրականացվել:

Ի դեպ, մարտի 15-ին կայացած ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը հետաձգվել է մինչև հունիս: Հայերի և Հայ դատի բոլոր բարեկամները, այդ թվում` նրանք, ովքեր բարեկամության համաձայնագիր էին ստորագրել Արցախի հետ, հաջողության են հասել ընտրությունների առաջին փուլում: Փարիզի քաղաքապետ, ֆրանսահայերի բարեկամ Անն Իդալգոն, ով իր սոցիալիստական-բնապահպանական միացյալ ցանկով հետևում է թողել հանրապետականների թեկնածու Ռաշիդ Ալ Դատիին, ով իր քաղաքականությամբ Ադրբեջանի կոռումպացված իշխանությունների քաղաքականության քարոզիչն է Ֆրանսիայում:

XS
SM
MD
LG