Մատչելիության հղումներ

Վահե Գրիգորյան․ ՍԴ-ում նոր դատավորների ընտրությամբ ամբողջությամբ խնդիրը լուծված կլիներ


Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակին էր օրերս անդրադարձել Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն՝ դրան տալով «բացահայտ կոնֆլիկտ» բնորոշումը: Բուքիքիոն իր հայտարարությամբ կողմերին զսպվածության, փոխադարձ հարգանքի և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցության կոչ էր արել՝ «մտահոգիչ իրադրությունը թուլացնելու և Հայաստանի Սահմանադրության նորմալ կիրառումը վերականգնելու համար»:

Թեմայի շուրջ Հրայր Թամրազյանը զրուցել է «Կիրակնօրյա վերլուծականին» հյուրընկալված Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հետ:

Ստորև՝ հատված հարցազրույցից․

«Ազատություն»․ - Դուք չեք մասնակցում դատարանի նիստերին, բոյկոտում եք նիստերը, ոմանք էլ ասում են, թե Դուք աշխատավարձ եք ստանում, սակայն չեք աշխատում: Ինչպե՞ս կարձագանքեք այս մտահոգություններին:

Վահե Գրիգորյան․ - Շատ ճիշտ են ասում, որ ես այդ նիստերին, այդ միջոցառումներին չեմ մասնակցում, ես իսկապես չեմ մասնակցել որևէ նիստի այդ դատարանում հրավիրված և անցկացված և Սահմանադրական դատարանի անդամներին բացատրել եմ իմ չմասնակցելու պատճառները, մասնակի բացատրել եմ այդ պատճառները: Աշխատավարձ իսկապես և աշխատավարձին հավասարեցված վճարներ իսկապես ստանում եմ: Չեմ օգտվում մնացած բոլոր այլ արտոնություններից, ինչ-որ մի պահ օգտվում էի նաև․․․ Կներեք, որ այսքան կենցաղայնացնում եմ կամ կենցաղային-նյութականացման աստիճանի եմ իջեցնում, բայց սրանով նաև ցույց եմ տալիս այս հարցի մանրությունը ընդհանուր բարձրաձայնված խնդրի շուրջ, և նաև, իհարկե, բնականաբար, պիտի հեռուստադիտողներին բացատրեմ, թե ինչի եմ էդպես անում: Այո, ստանում եմ աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված վճարներ և ինչ-որ ժամանակ օգտվում էի նաև ծառայողական ավտոմեքենայից, հիմա չեմ օգտվում ո՛չ ծառայողական ավտոմեքենայից, ո՛չ փոխադրամիջոցի փոխհատուցումից էդ վառելիքի, բացառապես աշխատավարձ: Հեռուստադիտողներին ուզում եմ հավաստիացնել, որ այդ ժամանակը ես չեմ վատնում որևէ այլ մասնավոր կամ այլ նպատակի համար:

Գիտե՞ք, խնդրի նսեմացման ամենահեշտ ճանապարհը խնդիրը անձնականացնելն է՝ փորձել ներկայացնել որպես անձնական խնդիր: Եվ ես պիտի ասեմ, որ սա բավականին անհաջող փորձ է՝ ոչ միայն խնդիրն անձնական է, այլ անձնական-կարիերիստական տիրույթում է գտնվում, չգիտեմ, Վահե Գրիգորյանը ցանկանում է դառնալ Սահմանադրական դատարանի նախագահ, Հրայր Թովմասյանի փոխարեն իշխանությունը ուզում է դնել Վահե Գրիգորյանին, և նման, ես պիտի ասեմ, բավականին ցածր կենցաղային պարզունակ բացատրությունների շրջանակում է փորձվում կորցնել Հայաստանի համար, Հայաստանի սահմանադրական անվտանգության համար թիվ մեկ խնդրի ողջ խորությունը: Ի՞նչ անձնական խնդիր պիտի լինի իմ, պարոն Թովմասյանի, տիկին Գյուլումյանի, չգիտեմ, պարոն Դիլանյանի, մյուսի, մյուսի միջև: Երբ խոսքը վերաբերվում է Սահմանադրական դատարանի ճգնաժամին և Սահմանադրական դատարանի դեմոկրատական լեգիտիմության խոցերին, էստեղ խոսել ընդամենը «քաղաքական փոփոխությունների դեպքում դատական իշխանության կազմի փոփոխություն պիտի չլինի» շատ բանալ, թեկուզև ճիշտ ձևակերպումներով՝ կներեք, սա խնդրին ոչ մի նկարագրություն չի տալիս, և ես կարծում եմ, որ ելակե՛տը պիտի փոխվի: Բայց որպեսզի ելակետը փոխվի նաև միջազգային պաշտոնյաների կողմից և իրենց մոտ, ես տեսնում եմ, որ պաշտոնական փաստաթղթերում այս արձանագրությունները բացակայում են, և սա, թերևս, արդեն մենք խոսում ենք Ազգային ժողովի լիազորությունների տիրույթի մասին: Եվ ես կարծում եմ, առնվազն՝ հուսով եմ, որ Ազգային ժողովը լրջագույն քննության առարկա է դարձնելու այդ, Հայաստանի Սահմանադրական դատարանի անցյալում դերակատարությունը, և ըստ այդմ՝ խնդրի հանգուցալուծումը բխելու է ախտորոշումից:

«Ազատություն»․ - Բոլորն ասում են՝ ճգնաժամ, մեկը ասում է՝ կոնֆլիկտ, հիմա, լավ, այս կոնֆլիկտը, ճգնաժամը ինչպե՞ս պետք է հանգուցալուծվի:

Գրիգորյան․ - Իմ խորին համոզմամբ՝ 2015 թվականի դեկտեմբերի հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարանի թե՛ սահմանադրականության, թե՛ կազմի սահմանադրականության, թե՛ դեմոկրատական լեգիտիմության խնդիրների վերացման լավագույն ճանապարհը նոր դատավորների ընտրությունն է այդ դատարանում, որը ամենևին չի բացառում եղած դատական անդամների կազմից առաջադրումներ կատարելը, եթե նման ցանկություններ կունենան, ես էդ մասին բաց խոսել եմ: Դրանով ամբողջությամբ խնդիրը լուծված կլիներ: Բայց ես առաջարկել եմ միջակայք լուծումների, այսինքն՝ ստատուս քվոյի ճանաչում և Սահմանադրական դատարանի անդամների և դատավորների կարգավիճակի միջև բոլոր տարբերությունների վերացում, որոնք, բնականաբար, կան, և դրանք ճանաչված են նույնիսկ Վենետիկի հանձնաժողովի նախագահի կողմից՝ տարբերությունները նկատի ունեմ, ընդհուպ՝ դատավորների թափուր տեղերի համալրում նոր թեկնածուներ առաջադրելով և դատավորներ ընտրելով: Այս միջակայքում լուծումը կարող է գտնվել նաև Սահմանադրության որոշ դրույթների փոփոխության [ճանապարհով]․․․

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի նոյեմբերի 3-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG