Մատչելիության հղումներ

Արա Բաբլոյանը և Գագիկ Հարությունյանը հարցաքննվել են ՀՔԾ-ում


Արա Բաբլոյան, 23-ը հոկտեմբերի, 2019թ.
Արա Բաբլոյան, 23-ը հոկտեմբերի, 2019թ.

«Բոլոր հարցերին հստակ պատասխանել եմ», - Հատուկ քննչական ծառայությունում իշխանությունը յուրացնելու հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը։

ՀՔԾ-ում հարցաքննվել է նաև Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որի կարգավիճակն դեռ հայտնի չէ: Նա այսօր հեռացավ ոչ կենտրոնական մուտքով և լրագրողները նրան չտեսան:

Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ինքը որևիցե խախտում չի արել։ Լրագրողների հարցին, թե մարտի 2-ին այդ դիմումն իսկապե՞ս տեսել է, Բաբլոյանը պատասխանեց.- «Միանշանակ, որևիցե մեկը, ով ինձ ճանաչում է, ինքը չի էլ կարող պատկերացնել, որ ես կարող է առանց դիմում տեսնելու թուղթ ստորագրեմ»։

Արա Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց, որ Բաբլոյանի կարգավիճակը չի փոխվել, և նա անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա իշխանության յուրացման հոդվածով հարուցված քրեական գործով ունի կասկածյալի կարգավիճակ։

«Ես ինքս ուղղակի այս փուլում զերծ եմ մնում մեկնաբանություններից։ Տեղի է ունեցել քննչական գործողություն՝ հարցաքննություն, հետևաբար այդ ժամանակ հարցաքննությունը իրականացվում է՝ քննիչ-պաշտպան-հարցաքննվող», - ասաց Վարդևանյանը։

Հիշեցնենք, պատգամավոր Արման Բաբաջանյանը պնդում է, որ 2018 թվականին մի խումբ պաշտոնյաներ, այդ թվում Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը օրինախախտումներով բռնազավթել են սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը:

ՀՔԾ-ն հոկտեմբերի 22-ին հաղորդագրություն էր տարածել, որ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում կասկածյալ է ներգրավել նախկին իշխանության օրոք Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով:

Այս գործով այսօր երկու ամսով կալանավորվեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Նա մեղադրվում է իշխանության յուրացմանն օժանդակելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Հատուկ քննչական ծառայությունը հայտարարում է, որ Արսեն Բաբայանը այն ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մարտի 5-ին ստացած դիմումը կեղծել է՝ այն թվագրելով մարտի 2-ով: ՀՔԾ-ն պնդում է, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մինչեւ ՍԴ նախագահի հրաժարականի դիմումը ստանալը ապօրինի ստորագրել է և հայտարարել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին։ Գագիկ Հարությունյանի դիմումը թվագրված է եղել մարտի 1-ով, սակայն Սահմանդրական դատարանից Աժ է հասել մարտի 5-ին: Հարցն այն է, որ եթե գործընթացը տեղի ունենար մարտի 5-ից հետո, ապա Հրայր Թովմասյանը չէր կարողանալու ՍԴ նախագահ ընտրվել նախկին Սահմանադրությամբ, որով պաշտոնավարման ժամկետը մինչեւ 70 տարեկանն է, կընտրվեր նոր Սահմանադրությամբ եւ կպաշտոնավարեր վեց տարի:

Հրայր Թովմասյանը գործում որևէ կարգավիճակ չունի: Ըստ Սահմանադրության՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու համար անհրաժեշտ է բարձր դատարանի որոշումը: Թեև այս դեպքում իրավաբանների մեկնաբանությունները տարբեր են, կարծիքներ կան, որ հնարավոր է նաև առանց ՍԴ որոշման, քանի որ գործում հիշատակված է Հրայր Թովմասյանի՝ մինչեւ ՍԴ անդամ, ապա նախագահ դառնալու ժամանակահատվածը: Այսինքն պատգամավորի դիմումում հիշատակված օրինախախտումները չեն բխում Թովմասյանի գործող լիազորություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG