Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատրաստվում է իր ամբողջ զորախումբը դուրս բերել Սիրիայի հյուսիսից


ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպեր, արխիվ
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպեր, արխիվ

Միացյալ Նահանգները պատրաստվում է ամերիկյան ամբողջ զորախումբը՝ մոտավորապես 1000 զինծառայող, դուրս բերել Սիրիայի հյուսիսից: Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը:

«Չնայած մեր անհամաձայնությանը՝ նրանք որոշեցին ներխուժել Սիրիա, իրավիճակը շատ վատ է այս պահին: Վերջին 24 ժամվա ընթացքում մենք իմացանք, որ Թուրքիան մտադիր է ընդլայնել իր ռազմական գործողությունը դեպի հարավ ու նաև դեպի արևմուտք, ինչը նախապես պլանավորված չէր: Մենք նաև իմացանք, որ Սիրիական ժողովրդավարական ուժերը ձգտում են գործարքի գնալ Սիրիայի կառավարության ու Ռուսաստանի հետ՝ թուրքերի դեմ հակահարձակման անցնելու համար», - CBS-ի հարցազրույցում ասել է Էսպերը, նաև հայտնելով, որ շաբաթ գիշերը խոսել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ ու հանձնարարություն ստացել ամերիկյան զորախումբը դուրս բերել Սիրիայի հյուսիսից:

Էսպերն ասել է, թե իր համար պարզ էր, որ Թուրքիան անցելու է Սիրիայի սահմանը: «Ռեջեփ Էրդողանը տեղեկացրել էր մեզ այդ մասին, նա թույլտվության չէր խնդրել», - նշել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը:

Էսպերի խոսքով՝ ամերիկացիները հայտնվել են երկու հակառակորդ զորքերի միջև, և դա շատ վատ իրավիճակ է:

Զորքերը դուրս բերելու կոնկրետ ժամկետները նա չի նշել, նաև պարզ չէ, թե ուր են տեղափոխվելու ամերիկացի զինվորականները՝ Սիրիայի տարածքում ավելի ապահով վայրե՞ր, թե՞ ընդհանրապես դուրս են բերվելու Մերձավոր Արևելքից:

Նախագահ Թրամփը Թվիթերի իր էջում գրել է, որ շատ խելացի է չմիջամտել Թուրքիայի սահմանին ծավալվող ռազմական գործողություններին: Նա կրկին նշել է, որ ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքի հակամարտությունում ներքաշելը սխալ որոշում էր, և ովքեր այդ որոշումն ընդունել են, գաղափար չունեն, թե որքան վատ որոշում են ընդունել, ու մինչև հիմա պնդում են, որ պետք է կռվել:

Փոխարենը՝ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայի դեմ ուժեղ պատժամիջոցներ են նախապատրաստվում: Կիրակի օրը Թվիթերում նա գրել է, որ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի և Կոնգրեսի շատ անդամների, ներառյալ՝ դեմոկրատների հետ քննարկվում է Թուրքիայի նկատմամբ հզոր պատժամիջոցներ կիրառելու հարցը: Ֆինանսների նախարարությունը պատրաստ է, հնարավոր է՝ լրացուցիչ օրենսդրության կարիք լինի: «Թուրքիան խնդրել է, որ դա տեղի չունենա, կապ մեջ», - գրել է Թրամփը՝ նշելով, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում մեծ կոնսենսուս կա:

XS
SM
MD
LG