Մատչելիության հղումներ

Էրդողան․ Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի նոր հարձակումն անխուսափելի է


Թուրքիայի զինված ուժերի զինտեխնիկայի շարասյունը Սիրիայի տարածքում, օգոստոս, 2019թ․
Թուրքիայի զինված ուժերի զինտեխնիկայի շարասյունը Սիրիայի տարածքում, օգոստոս, 2019թ․

Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի նոր հարձակումն անխուսափելի է: Նախօրեին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հերթական նստաշրջանի բացմանը նման հայտարարությամբ հանդես եկավ Ռեջեփ Էրդողանը: Թուրքիայի նախագահի խոսքով՝ Անկարան ստիպված կլինի դիմել այդ քայլին, քանի որ Միացյալ Նահանգների հետ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտիների ստեղծմանն ուղղված համատեղ ջանքերը այդպես էլ որևէ արդյունքի չեն հանգեցրել:

«Եփրատի արևելյան ափին մենք այդպես էլ չենք կարողացել հասնել մեր նախանշած նպատակներից և ոչ մեկին: Թուրքիան այս հարցում անգամ մեկ օր կորցնելու իրավունք չունի: Սեփական ուժերով գործողություններ նախաձեռնելուց բացի մենք այլ ելք պարզապես չունենք», - հայտարարում էր Էրդողանը` նշելով, որ թուրքական բանակի հարձակումը կարող է մեկնարկել ցանկացած պահի:

«Մենք կարող ենք մեկ գիշերում գալ, հանկարծակի», - ասում էր Էրդողանը` կրկնելով այն նույն արտահայտությունը, որ հնչեցրել էր Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի կողմից ձեռնարկված նախորդ երկու` «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» գործողությունների մեկնարկից առաջ:

«Թուրքիան պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, սիրիացիների քաղաքական և վարչական միասնությունը: Սիրիայում մեր գտնվելու միակ պատճառը ահաբեկչական այն սպառնալիքն է, որ մեր սահմանը պատնեշի է վերածել սիրիացիների համար», - հայտարարում էր Էրդողանը:

Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի սահմանի երկայնքով, անվտանգության մեկ միասնական գոտու ստեղծման շուրջ համաձայնությունը Անկարան և Վաշինգտոնը ձեռք էին բերել դեռ ամռանը: Անվտանգության գոտին պետք է 480 կիլոմետր երկարություն և շուրջ 30 կիլոմետր խորություն ունենար` կանխելով նախևառաջ այս շրջանում գործող քուրդ զինյալների մուտքը Թուրքիայի տարածք: Մոտ մեկ ամիս առաջ այս շրջանում սկսել էին նաև համատեղ թուրք-ամերիկյան պարեկային խմբեր գործել: Դրանց արդյունավետությունը, սակայն, Անկարայում բավական ցածր են գնահատում, ինչի արդյունքում էլ կրկին սկսել են խոսել թուրքական բանակի գործողությունների անխուսափելիության մասին:

Էրդողանի խոսքով՝ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծումը նաև հնարավորություն կտա լուծել Թուրքիայում բնակվող միլիոնավոր սիրիացի փախստականների հայրենադարձության հարցը: Թուրքիայի նախագահի պնդմամբ՝ անվտանգության այդ գոտում հնարավոր կլինի բնակեցնել շուրջ երկու միլիոն փախստականների:

XS
SM
MD
LG