Մատչելիության հղումներ

Սահմանադրական փոփոխությունների միջոցով ՍԴ-ի ճգնաժամի հանգուցալուծումը փակուղային է. փաստաբան


Փաստաբան Կարապետ Բադալյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 25-ը հուլիսի, 2019թ․
Փաստաբան Կարապետ Բադալյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 25-ը հուլիսի, 2019թ․

Սահմանադրական փոփոխությունների միջոցով Սահմանադրական դատարանում (ՍԴ) ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն անհնար է: Դա իրավական փակուղի է, պնդում է Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը:

«Սահմանադրական դատարանը մինչև եզրակացություն չտա դրական, փոփոխությունները չեն կարող կատարվել՝ յուրաքանչյուր դրույթի, սա է խնդիրը։ Այսինքն, իրավական ինչ-որ տեղ փակուղի է նաև առաջանում էս տեսակետից, եթե ուզում ենք անհատական վերաբերմունք ցույց տանք», - նշեց Բալայանը։

Սահմանադրական փոփոխությունները անցած շաբաթ «Ազատության» հետ հարցազրույցում չէր բացառել Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հայտարարել էր, թե Սահմանադրական դատարանի անդամները հայտնվել են դատարանում օրենսդրական մանիպուլյացիայի արդյունքում: 2019 թվականի Հայաստանը պետք ունենա 2019 թվականի Սահմանադրական դատարան: Այս խնդիրը քաղաքական է և պետք է լուծվի: Խոսքը ՍԴ յոթ անդամի մասին է, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի:

«Ի վերջո, եթե Սահմանադրական դատարանի այս սեփականաշնորհված նոտարական գրասենյակի կարգավիճակից անհրաժեշտ լինի գնալ էնպիսի քայլերի, որ պետք է Սահմանադրական դատարանի հարցը լուծել, էս համատեքստում, այո, կարելի է նաև գնալ այդ մասով՝ սահմանադրական փոփոխությունների», - ասել էր Փաշինյանը:

Կիմ Բալայանը հակադարձում է՝ այդպիսի օրենսդրական նախաձեռնությունը մինչև հանրաքվեի կամ խորհրդարանի քվեարկությանը ներկայացնելը նախ պետք է այս Սահմանադրական դատարանի կազմի հավանությանն արժանանա:

«Պարոն Փաշինյանը իրավաբան չի և հետևապես չի կարող իրավական մտածողություն ունենա: Ինքը քաղաքական գործիչ է, քաղաքական հայտարարություն է անում: Բայց, իմ խորին համոզմամբ, քաղաքական հայտարարություններ անելուց առաջ իրավական կողմը պետք է ապահովվի։ Ես այս պահին փակուղային եմ տեսնում այդ հայտարարության իրականացումը», - ասաց Սահմանադրական դատարանի նախկին անդամը։

Ավելի վաղ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն էր հայտարարել, որ նախկին Սահմանադրությամբ ընտրված ՍԴ անդամները դատավորների լիազորություն չունեն և չեն կարող որոշումներ ընդունել: Դատավորներ են միայն ինքն ու Արման Դիլանյանը: Որոշումներ ընդունելու համար առնվազն հինգ կամ վեց դատավորի քվե է հարկավոր, այս դատարանի կազմում լեգիտիմության խնդիր կա, և ստեղծված իրավիճակը ճգնաժամային է:

Այս գնահատականին համաձայն է նաև փաստաբան Կարապետ Բադալյանը: Նա էլ սահմանադրական փոփոխությունները համարում է փակուղային, բայց իրավական լուծման այլ ճանապարհ է առաջարկում: Իրավասու մարմինները պետք է ՍԴ դատավորի յոթ թափուր պաշտոնում թեկնածու առաջադրեն:

«Այո, իրենք որևիցե նախագիծ, որը իրենց է վերաբերում ոչ միայն հավանություն չեն տա, այլև պետք է ձեռնպահ մնան, պետք է որոշում չկայացնեն, որովհետև անձնական շահագրգռություն ունեն։ Փակուղին հենց դրանում է՝ ո՞նց է ինքը լուծելու իր վերաբերյալ հարցը։ Հիմա ամենաիրատեսական տարբերակը նա է, որ Սահմանադրական դատարանը համալրվի դատավորներով, այսինքն՝ կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը, նախագահը առաջարկեն Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների, և Ազգային ժողովը նրանցից հաստատի և համալրի Սահմանադրական դատարանի կազմը։ Սա այս պահի դրությամբ, արդեն որքան գնում է, այնքան ավելի եմ համոզվում դրանում, որ մնացել է միակ լուծումը։ Պետք չի ժամանակ կորցնել, պետք է շատ արագ անցնել այդ լուծման», - ընդգծեց Բադալյանը։

Վահե Գրիգորյանի ընդդիմախոսները, այդ թվում՝ Հրայր Թովմասյանը, հղում են անում Սահմանադրության 213-րդ հոդվածի անցումային դրույթին, թե ՍԴ անդամները կարող են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ավարտը: ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը ասում է՝ եթե անգամ Սահմանադրության փոփոխությամբ փորձեն դադարեցնել կամ կրճատել նրանց պաշտոնավարման ժամկետը, ապա դա կդիտարկվի անձի իրավական վիճակի վատթարացում, իսկ Սահմանադրությամբ ամրագրված է, որ իրավիճակը վատթարացնող օրենքները հետադարձ ուժ չունեն:

Կարապետ Բադալյանը համաձայն չէ այս դիտարկմանը: Հարցը լուծվում է սոցիալական երաշխիքներով, օրինակ՝ պաշտոնավարումը դադարեցնելուց հետո կարող են թոշակը բարձրացնել: Բայց գլխավոր խնդիրը սա չէ: Սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու համար ՍԴ դատավորների դրական եզրակացությունն է հարկավոր: Բադալյանն էլ շեշտում է, թե այդ եզրակացությունը անհավանական է այն պատճառով, որ ՍԴ կազմի մեծամասնությունը օրինական չէ և եզրակացություն տալու իրավունք չունի:

«Վատթարացման հետ կապված որևիցե խնդիր չկա ընդհանրապես։ Նույնիսկ եթե տեսականորեն ենթադրենք նման վիճակ կարող է լինել, դա էլ իր լուծումներն ունի և որևիցե բացասական հետևանքներ չեմ մտածում, որ կարա լինի։ Օրինակ, ասենք, ավելի շուտ են գնում թոշակի՝ ոչ թե 70, այլ 65 տարեկանից, սակայն ստանում են ավելի բարձր թոշակ», - նշեց Բադալյանը։

Վահե Գրիգորյանն էլ իր հայտնի նամակում Սահմանադրական դատարանի ճգնաժամից դուրս գալու երեք ճանապարհ էր մատնանշել, որից մեկը ՍԴ դատավորի յոթ թափուր պաշտոնում թեկնածուներ առաջադրելն էր: Թափուր տեղերի համար առաջադրումներ կատարում են հաջորդաբար հանրապետության նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովը և կառավարությունը: Այժմ հերթը կառավարությանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG