Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, Երևան, 15-ը մայիսի, 2019թ․
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, Երևան, 15-ը մայիսի, 2019թ․

Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից։ Քրեակատարողական ծառայության փոխանցմամբ, մեղադրյալ Քոչարյանն արդեն ազատության մեջ է։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, հրապարակեց խափանման միջոցը փոխելու որոշումը, որի համաձայն` Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց անձնական երաշխավորության դիմաց․ - «Ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխել, որպես խափանման միջոց ընտրել անձնական երաշխավորությունը»:

Պաշտոնաթող նախագահի համար երաշխավորագիր էին ներկայացրել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ վճարելով 1 միլիոն դրամ։ Դատարանում նախագահները վերահաստատել էին իրենց երաշխավորությունն այն մասին, որ ազատության մեջ Քոչարյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ։

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները մեծ ոգևորությամբ, իսկ նրա ընդդիմախոսները՝ զայրույթով ընդունեցին դատավորի որոշումը։

Որոշումը դատարանից վերցնելուց հետո նախկին նախագահի պաշտպանները շտապեցին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ նրան րոպե առաջ արձակելու համար։

Փաստաբան Արամ Օրբելյանն ասաց՝ կատարվեց իր գնահատմամբ վատատեսական սցենարը։ «Ասուլիսի ժամանակ ասեցի՝ կա վատատեսական, լավատեսական սցենարներ, լավատեսական սցենարների դեպքում ընդհանրապես գործի կարճում էինք ենթադրում, վատատեսական սցենարի դեպքում, էդ իմ անձնական գնահատականն էր՝ անձնական երաշխավորություն: Ստացանք իմ գնահատած վատատեսական սցենարը: Հիմա, կա ճնշում, թե չկա ճնշում՝ չեմ ուզում հիմա գնահատական տամ: Մենք շարունակում ենք պնդել, որ կա ռիսկ արդարադատությանը խոչընդոտելու, մենք տեսնում ենք դա ամեն քայլի և ցանկանում ենք տեսնենք պետության գործողությունները այդ ռիսկը վերացնելու ուղղությամբ», - հայտարարեց նախկին նախագահի պաշտպանը:

Մեղադրող կողմը պնդում է՝ բողոքարկելու է այս որոշումը Վերաքննիչ ատյան:

«Հաշվի առնելով, որ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածության, և մենք սկզբունքորեն գտնում էինք, որ ընտրված խափանման միջոց կալանավորումը այս պահին ընտրված էր ճիշտ և դա միակն էր, որ կարող է զսպել նրա պատշաճ վարքագիծը, հետևաբար՝ մենք պետք է բողոքարկենք այդ դատական ակտը: Իսկ հիմնավորվածության մասով և դատարանի պատճառաբանություններին ծանոթանալուց հետո առավել մանրամասն մեր դիրքորոշումը կարտահայտենք», - ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը:

«Չպետք է շեշտադրում անել հատկապես նախագահների կողմից երաշխավորությունը ներկայացնելու հանգամանքի վրա, որովհետև մենք հարցը դիտարկում ենք բացառապես իրավական տիրույթում: Իսկ իրավական տիրույթում դիտարկելու պարագայում, գործընկերս արդեն նշեց, մեր դիրքորոշումն էլ դուք նկատել եք, տեսել եք հրապարակային դատական քննության ընթացքում, այսինքն՝ խնդրո առարկա հարցի կապակցությամբ, կոնկրետ խափանման միջոցի հարցի կապակցությամբ, և ըստ այդմ էլ մեր դիրքորոշումը, բնականաբար, այս փուլում չի փոխվել», - հավելեց դատախազ Կարեն Բիշարյանը:

Արդեն քրեակատարողական հիմնարկի մոտ Քոչարյանին սպասելիս լրագրողների հետ զրույցում պաշտոնաթող նախագահի մյուս պաշտպան Հայկ Ալումյանն ասաց՝ այս որոշումը բողոքարկման ենթակա չէ։ «Ազատության» հարցին՝ նշանակո՞ւմ է դա արդյոք, որ ողջ դատաքննության ընթացքում Քոչարյանը կմնա ազատության մեջ, Ալումյանը պատասխանեց՝ եթե իրենց պաշտպանյալը չխախտի որոշակի պայմաններ․ - «Եթե չխախտի, իսկ ես համոզված եմ, որ չի խախտի, եթե չխախտի ազատ արձակելու պայմանները: Իսկ ազատ արձակելու պայմաններն են՝ որպեսզի ինքը չխոչընդոտի քննությանը և չթաքնվի քննությունից»:

Ռոբերտ Քոչարյանն ու նրա պաշտպանները ամիսներ շարունակ պնդում էին՝ նա ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Հարցին՝ արդյոք ազատ արձակվելու որոշումից հետո է՞լ են այդպես մտածում, Ալումյանը պատասխանեց․ - «Ուղղակի քաղբանտարկյալ արդեն դժվար է ասել էս պահին, որովհետև էս պահին բանտարկյալ չի, մի ժամ առաջ բանտարկյալ էր ու քաղբանտարկյալ էր, հիմա արդեն կարելի է ասել՝ քաղաքական դրդապատճառներով հետապնդվում է, քրեական հետապնդման է ենթարկվում»:

Հայաստանի նախկին նախագահը կալանավորված էր անցած տարվա դեկտեմբերի 7-ից: Այս գործով անցնում են ևս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ՝ Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը: Մարտի 1-ի բուն գործից անջատված այս վարույթի դատաքննությունը, ըստ Քոչարյանի փաստաբանների, կմեկնարկի երկու շաբաթից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG