Մատչելիության հղումներ

Գարեգին Բաղրամյանն անարդար է համարում իր անվան շահարկումը «Վեոլիա» ընկերությանն առնչվող գործում


Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն անարդար է համարում իր անվան շահարկումը «Վեոլիա» ընկերության գործում:

Ոստիկանությունը օգոստոսի վերջին հայտարարություն էր տարածել, որ «Վեոլիա ջրի» կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման 2017-2018 թվականների հայտը հաստատելու նպատակով ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի ևս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա ջրի» ֆինանսական ծախսային միջոցներից գնել են Երևան - Փարիզ - Երևան ուղղությամբ, ավելի քան 4 մլն դրամի 8 ավիատոմս, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են ևս 15 հազար եվրո: Դրանից հետո ՀԾԿՀ-ը խմելու ջրի սակագինը մոտ 11 դրամով բարձրացնելու որոշում է կայացրել: Փարիզ այցելողներից է եղել նաև Գարեգին Բաղրամյանը:

«Եթե գործող ենթաօրենսդրական ակտերին ծանոթ լինեիք, նման հարց կարող ա չբարձրացնեիք, որովհետև սակագնի ձևավորումը բացարձակ կապված չէ մարդկային գործոնի հետ», - նշեց Բաղրամյանը:

Մինչև նախարար նշանակվելը Բաղրամյանը եղել է ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետը, սակայն պնդում է, որ ջրի սակագնի գոյացման հարցում մարդկային գործոնը բացառվում է: Նրա փոխանցմամբ, հաշվարկման համար գործում է հստակ բանաձև, որտեղ մուտքագրվող տվյալները հրապարակային են:

Սակագնի գոյացման վրա Փարիզ գործուղման ազդեցությունը բացառեց նաև ՀԾԿՀ նախագահի տեղակալ Միքայել Սողոմյանը: Նա պնդեց, որ այցը բացառապես ճանաչողական է եղել, իսկ սակագինը կարգավորվում է մինչև այդ այցը կառավարության և «Վեոլիայի» միջև կնքված պայմանագրով․ - «Հիմա հարցը հակառակ ուղղում եմ ձեզ․ եթե սակագները ֆիքսված են տասնհինգ տարվա համար, ինչո՞վ պետք ա շահագրգրեր «Վեոլիա դեզո» ընկերությունը, որպեսզի սակագների հետ կապված մենք որևէ ազդեցություն ունենայինք: Սակագները ձևավորվել են Կառավարության կողմից կազմակերպված մրցույթի արդյունքում՝ որպես ամենանվազ սակագին տասնհինգ տարվա համար, և հանձնաժողովը որևէ իրավական գործառույթ չունի էդ սակագների վրա ազդեցության»:

Նախարարի պաշտոնակատար Բաղրամյանը ներկայացնում է այցի նպատակը, ասում է, որ այն փորձի փոխանակման ճանաչողական բնույթ ուներ: Այցելել են «Վեոլիայի» մայր գրասենյակ, եղել են մաքրման կայանում, սպառողների գրասենյակներում, կապեր են հաստատել Ֆրանսիայի էներգետիկայի հանձնաժողովի հետ: Գարեգին Բաղրամյանը համոզված է, իրենց այցը շահերի բախում չէր կարող առաջացնել, իսկ բողոքը Վեոլիա ընկերության մի աշխատակցի կողմից է ներկայացվել իրավապահներին:

Բաղրամյանի նախկին գործընկեր Միքայել Սողոմոնյանը շարունակեց․ - «Ճանաչողական, ուսուցողական այց էր, որը կազմակերպվել ա, և մենք բյուջեի գումար չենք ծախսել: Գնացել ենք, էնտեղ սովորել ենք: Վատ բան կա՞ ըտեղ»:

Գարեգին Բաղրամյանը համոզված է, որ իրենց այցը շահերի բախում չէր կարող առաջացնել: Բողոքը, նրա խոսքով, «Վեոլիա» ընկերության մի աշխատակցի կողմից է ներկայացվել իրավապահներին․ - «Էն աշխատակցի կողմից, որը հեռացվել էր «Վեոլիայից» ինչ-ինչ պատճառներով»:

«Վեոլիա» ընկերության հասարակության հետ կապերիպատասխանատու Մուրադ Սարգսյանը չպարզաբանելով, թե ինչ աշխատակցի մասին է խոսքը և ինչու է նա հեռացվել՝ անջատեց հեռախոսը և դադարեց պատասխանել «Ազատության» զանգերին:

Գարեգին Բաղրամյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ ինքը «Վեոլիայի» գործում ներգրավված է որպես վկա, սակայն դեռ չի հարցաքննվել:

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկացրեց՝ գործով որևէ մեկին մեղադրանք դեռ առաջադրված չէ․ - «Նշված գործով նախաքննությունը շարունակվում է, սակայն նախաքննության շահերից ելնելով, այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»:

Ավելի վաղ, «Վեոլիա»-ում չարաշահումների մասին ոստիկանությանը տվյալներ էր տրամադրել վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը: Ըստ ուսումնասիրության, չարաշահումները հատում են 3,7 մլրդ դրամի սահմանը:

Երեկ ՏՄՊՊՀ որոշմամբ, մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Վեոլիա Ջուր» ընկերությունը տուգանվեց 20 միլիոն դրամով։

«Վելոիան» խմելու ջրի սակագնի վերջին հայցը ներկայացրել է օգոստոսին, այն ՀԾԿՀ պետք է քննի մինչև նոյեմբերի 28-ը: Հայտի համաձայն առաջարկվում է մեկ խմ ջրի սակագինը գործող 191-ից բարձրացնել մինչև 205 դրամի: Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ կմտնի 2019-ի հունվարի 1-ից:

XS
SM
MD
LG