Մատչելիության հղումներ

«Վեոլիա Ջուրը» տուգանվել է 20 միլիոն դրամով


Մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Վեոլիա Ջուր» ընկերությունն այսօր տուգանվեց 20 միլիոն դրամով։ Որոշումը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովինն է։

4 ամիս առաջ հանձնաժողովին դիմել էր ջրաչափեր արտադրող տեղական «Արազեն» ընկերությունն ու պնդել, որ «Վեոլիայի» անօրինական գործողությունների պատճառով իրենք դուրս են մղվել շուկայից։ Դիմումի հիման վրա հանձնաժողովն ուսումնասիրություն էր սկսել՝ արդյունքում պարզելով, որ Հայաստանի խմելու ջրի համակարգը սպասարկող ֆրանսիական ծագմամբ օպերատորը ջրաչափեր ձեռք բերելու նպատակով տնտեսվարողների համար չի ապահովել հավասար մրցակցային պայմաններ․ սարքերը ներմուծել է արտերկրից, որոնք իրենց գնով եռակի անգամ գերազանցել են Հայաստանում առկա գները։

«Կատարված համադրումները ցույց են տվել, որ, օրինակ, 2017 թվականի ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերությունը ներմուծել է շուրջ 34 հազար ջրաչափ, և այդ ներմուծված ջրաչափերի ինքնարժեքը միջինում 20 տոկոսով ավելի բարձր էր, քան նույն ժամանակահատվածում «Արազեն» ընկերության իրացման գներն էին: Այսինքն՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը նախընտրել է մինչև 20 տոկոս ավելի բարձր գներով ջրաչափեր ձեռք բերել՝ հրաժարվելով «Արազեն» ընկերության ջրաչափերի ձեռք բերումից», - ասաց ՏՄՊՊՀ վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը:

Նիստին ներկա «Արազեն» ընկերության տնօրենը այսօր պնդեց, թե 2017 թվականից այս որոլտում մենաշնորհ ստացած «Վեոլիան» բնակիչների ստիպում է ջրաչափեր ձեռք բերել բացառապես իրենից՝ չընդունելով ոչ մի այլ արտադրանք։

Այնինչ դեռ 2001-ից իրենք շուկայում են, նախկինում էլ առանց որևէ խնդրի համագործակցել են «Երևան ջուր» ընկերության հետ․ - ««Վեոլիա Ջուր» ընկերություն պատճառով մենք կանգնել ենք փաստի առաջ: Արդեն բավական ժամանակ ա դադարեցրել ենք արտադրությունը, որովհետև, եթե մենք պետք է ջրաչափ արտադրենք և չկարողանանք մեր արտադրած ջրաչափերը իրացնել Հայաստանի Հանրապետությունում, ինչի՞ համար ենք աշխատում»:

Ֆրանսիական ընկերության ներկայացուցիչերից նիստին ոչ ոք չէր ներկայացել, թեև տեղի ու ժամի մասին նախապես ծանուցվել էին: Այս հանգամանքը, սակայն, չխանգարեց հանձնաժողովականներին, որ
խոսեն իրենց մտահոգող փաստերի մասին։ Քանի որ ի սկզբանե ջրի սակագնի մեջ ընկերության ծախսերը չեն ներառվել, հետևաբար, ըստ Գնել Ալավերդյանի, «Վեոլիան» աշխատում է «Գնումների մասին» օրենքի պահանջներից դուրս, ինչը նշանակում է, որ թույլ է պետական վերահսկողությունը միակ օպերատորի գործունեության նկատմամբ․ - «Ընկերությունը ինքնուրույն է որոշում, թե որտեղ ինչ ապրանքներ, ինչ որակական հատկանիշներով, ինչ գներով ներդրումներ իրականացնի: Ինքնուրույն է որոշում այդ ապրանքների և ծառայությունների մատակարարներին, և պետությունը ընդհանրապես մասնակցություն չունի այդ գործընթացում: Նաև շատ հետաքրքիր է, որ այդ մատակարարների հիմնական մասի ընտրությունը իրականացվում է Հայաստանի տարածքից դուրս»:

15 տարով Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը վարձակալած «Վելոիան» պայմանագրով պարտավորվել է 37,5 միլիարդ դրամի ներդրում կատարել ոլորտում։ Սրա մեջ մտնում են նաև ջրաչափերի ձեռք բերումը, ջրագծերի ու պոմպակայանների կառուցումը։ Ըստ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի, եթե այս ամենը կատարվի շուկայականից բարձր գնով, կստացվի, որ «Վեոլիայի» ներդրումային պարտավորությունները նվազում են:

Շաբոյանն ասաց, որ իրենք առաջարկում են կառավարությանը ընդլայնել վերահսկողության լծակները ֆրասիական օպերատորի նկատմամբ, իսկ «Վեոլիային» հորդորում են աշխատել հավասար պայմաններում․ - «Սրանից հետո հանձնաժողովի պահանջն է «Վեոլիա Ջուր» ընկերության նկատմամբ, որ երբ որ ձեռք բերի ջրաչափեր, անպայման դրանց ձեռք բերման գործընթացի ժամանակ պետք է հավասար հնարավորություն տա բոլոր տնտեսվարողներին, այդ թվում՝ հայաստանյան արտադրող ընկերություններին»:

20 միլիոն դրամով տուգանված «Վեոլիա»-ում, սակայն, դեռ չեն շտապում մեկնաբանել այս որոշումը։ Ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ համաձայն չեն որոշման հետ։ Հարցի վերաբերյալ դիտողությունները պաշտոնական հայտարարությամբ կներկայացնեն առաջիկայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG