Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը մերժեց Yerevan. Today լրատվական կայքի 3 բողոքներից մեկը


Սեպտեմբերի 17-ին Քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցները խուզարկություն էին կատարել կայքի խմբագրությունում, խմբագրի և խմբագրի հարևանի տանը:

Պատճառը կասկածներն էին, որ Yerevan. Today-ը կապ կարող է ունենալ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսազրույցի գաղտնալսման հետ:

Բանն այն է, որ հայտնի ձայնագրությունը տարածվելուց երկու օր առաջ այն հրապարակվել էր կայքի յութուբյան էջում: Խմբագիրը մինչդեռ հերքում է դա՝ պնդելով, որ Google-ի որոնողական համակարգում հաճախ ամսաթվերը ստույգ չեն ցուցադրվում:

Կայքի շահերը պաշտպանող Արմեն Ֆերոյանը մանրամասներ հաղորդեց դռնփակ նիստից: Վերաքննիչում 3 բողոքով փորձում են ապացուցել, որ խմբագրության, խմբագրի ու նրա հարևանի տունը ապօրինի է խուզարկվել:

«Առաջին բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը որոշման հանգեց, որ պետք ա մերժի մեր ներկայացրած բողոքը, և անցավ մեր մյուս երկու բողոքների քննարկմանը: Մյուս երկու բողոքների քննարկման ժամանակ ես ժամանակ եմ խնդրել ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար, քանի որ երեք գործերով էլ բոլոր փաստական հանգամանքները ըստ էության նույնն են, և դատարանը արդեն իսկ ունի ձևավորված կանխակալ վերաբերմունք: Հետևաբար, իմ խորին համոզմամբ, դատարանը այլևս չի կարող մյուս երկու վերաքննիչ բոլոքները քննել օբյեկտիվ», - ասաց Ֆերոյանը:

2014 թվականին հիմնված Yerevan. Today-ի անունը մամուլը կապում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Սեպտեմբերի 17-ի խուզարկության ընթացքում խմբագրությունից առգրավվել է համակարգիչներից մեկն ու կոշտ սկավառակները, որոնք, փաստաբանի պնդմամբ, մինչև հիմա չեն վերադարձվել: Արմեն Ֆերոյանը տեղի ունեցածը լրատվամիջոցի վրա ճնշում է որակում՝ չնշելով, թե ինչը կարող է լինել ճնշման պատճառը․ - «Yerevan. Today լրատվական կայքում համոզմունք է առկա, որ այդ անօրինականությունները արել են, որպեսզի ճնշումներ գործադրեն: Որպեսզի լրատվական ընկերությունը էդ դաշտում դադարեցնի իր գործունեությունը»:

Ֆերոյանը պնդում է, թե խուզարկությունն ապօրինի է, և դա հիմնավորում է՝ հիշատակելով Վճռաբեկ դատարանի 2015 թվականի որոշումը․ - «2015 թվականին Վճռաբեկ դատարանը որոշում հրապարակեց՝ նշելով, որ մենակ օպերատիվ աշխատակցի գրության հիման վրա չի կարելի անձի բնականարում խուզարկություն կատարել, քանի որ դրանով անձի բնակարանի անձեռնմխելիությունը ընդհանրապես չի պաշտպանվում»:

Yerevan. Today-ի՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը դատարանը կքննի հոկտեմբերի 27-ին նշանակված նիստի ընթացքում:

XS
SM
MD
LG