Մատչելիության հղումներ

Պավլիկ Մանուկյանը գրավի դիմաց ազատ արձակվեց


Շենգավիթի առաջին ատյանի դատարանն այսօր բավարարեց «Սասնա Ծռեր» զինված խմբի անդամներից Պավել Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի միջնորդությունը՝ վերացնելով Մանուկյանի խափանման միջոց կալանքը. 1 միլիոն դրամ գրավի դիմաց Մանուկյանն ազատ արձակվեց։

Դատարանի դահլիճն այսօր, սակայն, սովորականից ավելի լուռ էր. ընկերները և «Սասնա Ծռեր» խմբի համակիրները սգում են «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանի մահը:

47-ամյա Խանդոյանն, ըստ նախնական եզրակացության, մահացել է սրտի կաթվածից: Ընկերոջ մահվանից հետո Պավլիկ Մանուկյանը դադարեցրել է մեկ շաբաթ տևած հացադուլը:

«Դատավոր Մակյանը մի հատ հրովարտակ կարդաց է, վերջում ասաց՝ «Պավել Մանուկյանն էլ առաջվա ջանը չունի», բավականին վատ եմ՝ մի շաբաթ էլ հացադուլի մեջ, պլյուս՝ չապաքինված վերքեր, թույլ եմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանուկյանը։

Պավել Մանուկյանը Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործի շրջանակում մեղադրվում է երկու հոդվածներով՝ շենք, շինություններ գրավելու և ապօրինի զենք, զինամթերք կրելու ու փոխադրելու համար։

«Սասնա ծռեր»-ը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվեց երեք ոստիկան:

Դատական նիստերից մեկի ժամանակ Պավել Մանուկյանն աղմկահարույց հայտարարություն արեց՝ պնդելով, որ ոստիկաններից մեկին կրակել է ոչ թե նրա սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանը, այլ Էդվարդ Գրիգորյանը, որի խափանման միջոց կալանքը դատարանը ևս փոխել է և նա այժմ ազատության մեջ է:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Պավել Մանուկյանը վերահաստատեց իր հայտարարությունը, սակայն հրաժարվեց մանրամասներ ներկայացնել: «Ես ասացի բացարձակ ճշմարտություն է», - ասաց Մանուկյանը։

Պավել Մանուկյանի հայտարարությունից հետո խմբի մյուս անդամները և Մանուկյանի պաշտպանը նշել էին, որ իրենց հետ տեղեկությունը համաձայնեցված չի եղել:

Այսօր խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ: «Հիմա աղմկահարույց հայտարարությունները մեկնաբանելու օր չէ, կներեք», - ասաց Ավետիսյանը։

Ոստիկանների սպանության մեջ մեղադրվող և դեռևս կալանքի տակ գտնվող «Սասնա Ծռեր» խմբի անդամներից վերջին երկուսի՝ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի պաշտպաններն այսօր միջնորդություն ներկայացրին դատարանին՝ թույլատրել ամբաստանյալներին մասնակցել Արայիկ Խանդոյանի հուղարկավորությանը: Միջնորդությունը դատարանը մերժեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG