Մատչելիության հղումներ

Վարդան Բոստանջյան. «Փողոցային չեմ, որ փողոց դուրս գամ»


Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը փողոց դուրս չի գա, եթե Սերժ Սարգսյանը որոշի 2018-ից հետո շարունակի երկիրը ղեկավարել վարչապետի պաշտոնում:

Բոստանջյանի փոխանցմամբ, նման տրամադրություններ «Ծառուկյան» դաշինքում նույնպես չկան:

Հիշեցնենք, ընդդիմադիր «Ելք» դաշինքը հայտարարեց, թե ամեն ինչ անելու է՝ Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու ծրագիրը խափանելու համար:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ընդգծել էր, թե Հանրապետականը հետ կկանգնի այդ քայլից, եթե տեսնի, որ ժողովուրդը պատրաստ է դուրս գալ փողոց:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր հերթին շեշտել էր, թե Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու որոշումը կարող է փողոցային պայքարի առիթ դառնալ, ինչն էլ հնարավոր է հանգեցնի «թավշյա հեղափոխության»:

Հակադարձելով ընդդիմադիր գործընկերների այն պնդումներին, թե Սերժ Սարգսյանը չպետք է շարունակի պաշտոնավարել, քանի որ նախորդ տասը տարիների բոլոր ձախողումների պատճառը հենց նա է, Վարդան Բոստանջյանը հորդորում է հիշել հաջողությունների, այդ թվում՝ 2016-ի ապրիլյան պատերազմից պատվով դուրս գալու մասին:

Բոստանջյան. - Իսկ հաջողությունների մասին իրենք գիտե՞ն։

«Ազատություն». - Եղե՞լ են հաջողություններ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին։

Բոստանջյան. - Խաղաղություն, ընդհանրապես լարվածության բացակայություն և այլն։

«Ազատություն». - Ապրիլյան պատերազմ ունեցանք, սահմանին անընդհատ զինվորներ են զոհվում։

Բոստանջյան. - Եթե տեղի է ունեցել, այն էլ հասկանալի է՝ ինչ դրդմամբ, ում կողմից՝ հզորների՝ այդ չորսօրյա պատերազմը։ Մենք պատվով ենք էլի դուրս եկել, իսկ օրինակի համար, ես էդ պարագայում կուզենայի մտածել՝ «հանկարծակի այլ պարագայում մենք կարո՞ղ էինք նման պատվով դուրս գալ»։

«Ազատություն». - Եթե չլինե՞ր Սերժ Սարգսյանը։

Բոստանջյան. - Այո, այո, մենք կարո՞ղ էինք նման պատվով դուրս գալ։

«Ազատություն». - Եթե չլիներ Սերժ Սարգսյանը։

Բոստանջյան. - Այո՛, թույլ տվեք, որ այդպես եմ մտածում։

«Ազատություն». - Ճի՞շտ եմ հասկանում, պարոն Բոստանջյան, որ եթե ընդդիմությունը դուրս գա փողոց, եթե Սերժ Սարգսյանը որոշի, որ վարչապետ է ուզում դառնալ, Դուք փողոց դուրս չեք գա, այս խնդիրը Ձեզ փողոց դուրս չի բերի։

Բոստանջյան. - Փողոցային չեմ, որ փողոց դուրս գամ, և ընդհանրապես ես չէի ուզենա, որ ընդհարումներ լիներ, քաղաքացիական իրարից ձգումներ և այլն, և այլն...

«Ազատություն». - Թավշյա հեղափոխություն, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է ասում...

Բոստանջյան. - Թավշյա հեղափոխությունը ո՞րն է, ի՞նչ են հասկանում... հազար անգամ մարդը թավշյա հեղափոխություն արեց, թող անի, եթե սովոր է, ես ի՞նչ կարող եմ ասել, ինքս չեմ կարող մխրճվել այդ դաշտը։

«Ազատություն». - Կարո՞ղ ենք ասել, որ «Ծառուկյան» խմբակցությունն ամեն դեպքում փողոց դուրս չի գա։

Բոստանջյան. - Ես իմ անունից եմ խոսում, «Ծառուկյան» դաշինքում ես երբևիցե չեմ լսել հակվածություն փողոցի վերաբերյալ, ոնց որ ես ասացի՝ «փողոցային չեմ», նույն ձևի էլ...

«Ազատություն». - Այսինքն, եթե Սերժ Սարգսյանը որոշի շարունակել ղեկավարել երկիրը վարչապետի պաշտոնում, դա նորմալ է, Դուք դա կընդունեք որպես փաստ, կշարունակեք աշխատել։

Բոստանջյան. - Գիտեք ինչ, ես նորմալ ընդունում եմ այն, որ իմ Հայաստանի Հանրապետությանը ընդհանրապես վտանգ չսպառնա։

«Ազատություն». - Եվ դրա երաշխավորը Սերժ Սարգսյա՞նն է։

Բոստանջյան. - Դե ես հիմա իրան եմ տեսնում որպես այդպիսին։

Այն, որ ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքում դեմ չեն, որպեսզի Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլից հետո շարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում, չէր թաքցրել նաև խմբակցության մեկ այլ պատգամավոր, Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Նա էլ News.am-ի հետ զրույցում ասել էր, թե որևէ խնդիր չի տեսնում, որ Սերժ Սարգսյանը 2018-ին լինի վարչապետ։

Հավելենք, որ «Ծառուկյան» դաշինքի մեկ այլ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը կոնկրետ չպատասխանեց «Ազատության» այն հարցին, թե արդյո՞ք կիմանան իրենց ընդդիմադիր գործընկերներին՝ Սերժ Սարգսյանի վերարտադրության ծրագիրը խափանելու համար:

Ըստ Տոնոյանի, «Ծառուկյան» դաշինքում 2018-ի ծրագրերը դեռ չեն քննարկել. - «2018 թվականի հետ կապված որևէ քննարկում ոչ կուսակցությունում և ոչ էլ համապատասխանաբար խմբակցությունում տեղի չի ունեցել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG