Մատչելիության հղումներ

«Երբ գտնենք Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու վերջնական բանաձևը, անմիջապես կհրապարակենք». «Ելք»-ի պատգամավոր


«Երբ որ մենք գտանք վերջնական բանաձևը՝ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու, երբ որ մենք ունենանք հստակ ճանապարհային քարտեզ, անմիջապես կհրապարակենք», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, օրեր առաջ ընդդիմադիր դաշինքը հայտարարեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի կանխի վարչապետի պաշտոնում իշխանությունը երկարաձգելու Սերժ Սարգսյանի ծրագիրը։ «Ելք» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը նույնիսկ վստահեցրեց՝ Սերժ Սարգսյանի ծրագիրը խափանելու համար անհրաժեշտության դեպքում իրենք պատրաստ են ժողովրդին մոբիլիզացնել։

Ի դեպ, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն էլ օրերս չէր բացառել, որ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու որոշումը կարող է փողոցային պայքարի առիթ դառնալ, ինչն էլ հնարավոր է հանգեցնի «թավշյա հեղափոխության»: Հովհաննիսյանն այս հարցում նաև ընդդիմադիր ուժերին համագործակցության առաջարկ էր արել` հորդորելով պայքարել «սերժապետության դեմ»:

Արարատ Միրզոյանի խոսքով՝ նման գործողության գնալու համար հստակ ճանապարհային քարտեզ է պետք։

«Թող հստակ ճանապարհային քարտեզ ցույց տան։ Ժողովրդին միշտ համարում ենք այնտեղ դրած իր, որ երբ պետք է՝ վերցնեն օգտագործեն, երբ պետք է՝ ասեն «արի փողոց», երբ պետք է՝ ասեն, որ «այս անգամ էլ չստացվեց», «ես գնացի աղոթելու», «ես պիտի գնամ թեյ խմելու», <...>, ու տենց 1995-96 թվականներից ժողովրդին ասում եք՝ «եկեք-գնացեք», ժողովուրդն էլ էլ չի գալիս, տեսնո՞ւմ եք: Հիմա էդ նույն մեթոդաբանությունը փորձում են շարունակել` նույն օրակարգով։ Հստակ ճանապարհային քարտեզ թող ցույց տան», - ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ շարունակելով. - «Այսօր էլ տարբեր ընդդիմադիր ուժեր առաջարկում են փողոց դուրս գալ։ Հստակ ճանապարհային քարտեզ է պետք՝ ի՞նչ ենք անելու, էսօր դուրս եկանք՝ ի՞նչ ենք ասելու, դրանից մի ժամ հետո ի՞նչ ենք անելու, ի՞նչ ուլտիմատում է դրվելու՝ գնացի՞ն ընդառաջ, չգնացի՞ն, չգնալու դեպքում ի՞նչ ենք անելու։ Որովհետև ժողովուրդը մեղք է, չի կարելի այսպես խաղալ ժողովրդի հետ»։

«Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է՝ «միավորենք ջանքերը՝ կանխելու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագիրը», նա կարծում է, որ ընդդիմադիր ուժերի մեծ ճակատով կարել է թավշյա հեղափոխության հասնել, ինչո՞ւ չմիավորվել», - այս հարցին Միրզոյանը պատասխանեց. - «Միավորվենք, խնդիր չկա, միավորվենք, որ վաղն էլ հեռացնենք Հանրապետականին, բայց խնդրում եմ ինձ ասեք ՝ո՞նց, ի՞նչ քայլերի հաջորդականությամբ, ի՞նչ գործիքակազմով, այսինքն՝ նենց, ոնց որ 20 տարի է անո՞ւմ ենք, հավաքվենք կտենա՞նք, կրիտիկական զանգվածը կհավաքվի՝ կտենա՞նք․ չի աշխատում այս տարբերակը, ուրիշ բան է պետք առաջարկել ժողովրդին»։

Հարցին, թե ի՞նչ է առաջարկում «Ելք»-ը, 2018 թվականը սարերի հետևում չէ, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. - «Մենք նախ չենք ասել, որ հաստատ առաջարկելու ենք, երբ որ մենք գտանք վերջնական բանաձև Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու, երբ որ մենք ունենանք հստակ ճանապարհային քարտեզ, անմիջապես կհրապարակենք, որովհետև հրապարակայնությունն ու թափանցիկությունը մեր գործունեության հիմնարար սկզբունքն է»։

Դիտարկմանը, թե այդ ընթացքում Սերժ Սարգսյանն ամենայն հավանականությամբ վարչապետ դարձած կլինի, Միրզոյանն այսպես արձագանքեց. - «Դա կլինի ժողովրդի թույլտվությամբ»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG