Մատչելիության հղումներ

Գագիկ Մինասյան․ Գաղտնիք չկա, այդ անունը կորոշվի միայն 2018-ի ապրիլին


Արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի՞ պաշտոնավարել նաև 2018 թվականի ապրիլից հետո, երբ Սերժ Սարգսյանը վայր կդնի Հայաստանի նախագահի լիազորությունները: Անցած շաբաթ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում այս թեման իշխող Հանրապետականի և «Ելք» դաշինքի պատգամավորների միջև սուր բանավեճի առարկա դարձավ: Ընդդիմությունը վաղուց է փորձում ստանալ այս հարցի պատասխանը՝ հասկանալու համար, թե ումից են պահանջելու կառավարության ներկայացրած նոր ծրագրի արդյունքները:

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Գագիկ Մինասյանը, սակայն, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ժամանակ սա «կեղծ օրակարգ» որակեց․

«Ազատություն»․ - Ինչո՞վ է զբաղվելու Սերժ Սարգսյանը 2018-ին, նա՞ է շարունակելու այս ծրագիրը․․․

Գագիկ Մինասյան․ - Գիտե՞ք, ես կարծում եմ, որ դա կեղծ օրակարգ է, և կեղծ օրակարգ է՝ նետված այն քաղաքական գործիչների կողմից շրջանառության մեջ, որոնք ուրիշ որևէ թեմայով չեն կարողանում զբաղեցնել իրենց օրակարգը:

Մի շարք հիմա խնդիրներ կասեմ, որ Ձեզ ցույց կտան, թե ինչպիսի լարված օրակարգ մենք ունենք:

Մենք ավարտեցինք հինգ տարվա ծրագրի քննարկումը: Երկուշաբթի մենք սկսում ենք նախորդ տարվա բյուջեի քննարկումները: Մենք մտնում ենք աշնանային նստաշրջան, չափազանց լարված նստաշրջան, բազմաթիվ օրենքներով, որոնք պետք է ապահովեն մեր ընթացքը, երբ մենք եկող տարվա ապրիլից անցնում ենք 100-տոկոսանոց խորհրդարանական կարգավիճակի: Որակապես փոփոխվում են այդ օրենքները՝ դրանք բազմաթիվ մայր օրենքներ են, դրանից հետո մենք պետք է սկսենք քննարկել 18 թվականի բյուջեի նախագիծը, և այդ ընթացքում այն բոլոր հարցադրումները, որոնք մեր ընդդիմադիրները ասում էին այս ծրագրի քննարկման ժամանակ, այնտեղ շատ ավելի առարկայական կլինեն: Այդ բյուջեի քննարկումները սկսվելու են հոկտեմբերին և շարունակվեն մինչև դեկտեմբեր:

Տեսեք, այս բոլորի մասին խոսելու փոխարեն, իրենք խոսում են, թե 18 թվականի ապրիլին ինչ է լինելու:

«Ազատություն»․ - Պակա՞ս կարևոր է, պարոն Մինասյան, ուզում են իմանալ՝ ո՞վ է այս ծրագիրն իրականացնելու: Օրինակ՝ նախընտրական շրջանում ասում էիք՝ «մեր թեկնածուն Կարեն Կարապետյանն է»:

Մինասյան․ - Հիմա էլ ենք ասում:

«Ազատություն»․ - Չէ, չեք ասում՝ 18-ին ի՞նքն է, թե՞՝ ոչ:

Մինասյան․ - Ոչ մեկը դա չի կարող ասել, ոչ մեկը:

«Ազատություն»․ - Ինչո՞ւ, նա հինգ տարով ծրագիր է բերել:

Մինասյան․ - Հենց հիմա ես Ձեզ կասեմ, իսկ Դուք իմ հետ կհամաձայնվեք: Տեսեք, պատկերացրեք՝ այս հաշվետվությունը, որ բերում է կառավարությունը, Ազգային ժողովը կողմ չի քվեարկում, պա՞րզ է, թե՞՝ ոչ: Պատկերացրեք, որ, ասենք թե, այն ծրագիրը, որ պետք է բերի հաջորդ տարվա համար հոկտեմբերին, էլի չի անցնում խորհրդարանում:

«Ազատություն»․ - Ինչո՞ւ պիտի չանցնի, ձեր մեծամասնության ծրագիրն է:

Մինասյան․ - Ուրեմն, տեսեք, եթե Դուք էդ տեսակետից եք մոտենում, ուրեմն՝ ամեն ինչն էլ մեծամասնությունը կորոշի: Եթե Դուք ասում եք, որ ամեն ինչը որոշելու է՝ և՛, ասենք թե, մեկ շաբաթ հետո, և՛ բյուջեի նախագիծը քննարկելու՝ հետո, աշնանը, մեծամասնությունը, ապա Դուք տալիս եք Ձեր տեսակետից հարցի պատասխանը, և Ձեր տեսակետից հարցի պատասխանը միշտ կիրառելի է, բայց դա՝ միայն Ձեր տեսակետից:

«Ազատություն»․ - Չե՞ք ընդունում այն գրեթե ընդհանրական միտքը, որ բոլոր ընդդիմադիրների շուրթերից հնչեց, որ սա հրաժեշտի իր ելույթն էր՝ մինչև 2018-ի․․․

Մինասյան․ - Ո՞ւմ:

«Ազատություն»․ - Կարեն Կարապետյանի:

Մինասյան․ - Իհարկե ոչ, իհարկե՝ ո՛չ:

«Ազատություն»․ - Ո՞րն է գաղտնիքը, ինչո՞վ է զբաղվելու Սերժ Սարգսյանը՝ Բաղրամյան 26-ից [նախագահական նստավայրից] դուրս գալով:

Մինասյան․ - Գաղտնիք չկա, գաղտնիք չկա, գաղտնիք չկա: Այդ անունը կորոշվի միայն ու միայն եկող տարվա ապրիլին:

«Կիրակնօրյա վերլուծական» հաղորդաշարի հունիսի 25-ի թողարկումը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG