Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը ձերբակալել է Ալեքսեյ Նավալնիին


Ցուցարարը փորձում է փակել ձերբակալված Ալեքսեյ Նավալնիին տեղափոխող ոստիկանական միկրոավտոբուսի ճանապարհը, Մոսկվա, 26-ը մարտի, 2017թ.
Ցուցարարը փորձում է փակել ձերբակալված Ալեքսեյ Նավալնիին տեղափոխող ոստիկանական միկրոավտոբուսի ճանապարհը, Մոսկվա, 26-ը մարտի, 2017թ.

Այսօր Մոսկվայի Տվերսկայա փողոցում՝ հակակոռուպցիոն երթի ժամանակ ձերբակալվել է ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Այս մասին հաղորդել է «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի ղեկավար Ռոման Ռուբանովը։

Նավալնիի հետ միասին ևս մի քանի ցուցարարներ են ձերբակալվել։ Ձերբակալության ընթացքում ընդդիմադիր գործիչը կոչ է արել ցուցարարներին՝ շարունակել հակակոռուպցիոն երթերը։

Ռուսաստանի մի շարք քաղաքներում, հիշեցնենք, այսօր հակակոռուպցիոն ցույցեր են անցկացվում։ Մոսկվայում այս բողոքի ակցիաներն արդեն անվանել են «Մեդվեդևի դեմ երթ»։

Նշենք, որ Ալեքսեյ Նավալնիի գլխավորած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը» մարտի 2-ին հետաքննություն էր հրապարակել, որի գլխավոր «հերոսը» Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն էր։

Հետաքննության հեղինակները պնդում են՝ չնայած Մեդվեդևը հասարակության մեջ ոչ այնքան լուրջ ընկալում ունի, իրականում նա կոռուպցիայի վրա հիմնված հսկայական կայսրության հիմնադիր է։ Մասնավորապես՝ նշվում է, թե Մեդվեդևին են պատկանում հինգ միլիարդ ռուբլի արժողությամբ առանձնատուն մերձմոսկովյան Ռուբլյովկայում։

Մոսկվայի քաղաքային իշխանություններն արգելել էին Նավալնիի մարտի 18-ի հանրահավաքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG