Մատչելիության հղումներ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ կոռուպցիոն սկանդալի կիզակետում


Դմիտրի Մեդվեդև, արխիվ
Դմիտրի Մեդվեդև, արխիվ

Ալեքսեյ Նավալնու գնահատմամբ, Մեդվեդևի հարստությունը կազմում է մոտ 70 միլիարդ ռուբլի, ինչը համարժեք է 1,2 միլիարդ դոլարին։

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու գլխավորած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ը նոր հետաքննություն է հրապարակել, որի գլխավոր հերոսն այս անգամ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է։ Տեսահոլովակը, որն այս օրերին ամենաքննարկվողներից է դարձել ռուսական ինտերնետ տարածքում, Նավալնին անվանել է ՝ «Նա Դիմոնը չէ: Պալատներ, զբոսանավեր, խաղողի այգիներ․ Դմիտրի Մեդվեդևի գաղտնի կայսրությունը»։

Ռուսաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նատալյա Տիմակովան հրաժարվել է մեկնաբանել այս կոռուպցիոն մեղադրանքները, ասելով միայն, թե Նավալնու հետաքննությունը նախընտրական քարոզչական հարձակում է, ինչն անիմաստ է մեկնաբանել։

Հետաքնության հեղինակները պնդում են՝ չնայած Մեդվեդևը հասարակության մեջ ոչ այնքան լուրջ ընկալում ունի, իրականում նա կոռուպցիայի վրա հիմնված հսկայական կայսրության հիմանդիր է։ Մասնավորապես՝ նշվում է, թե Մեդվեդևին են պատկանում հինգ միլիարդ ռուբլի արժողությամբ առանձնատուն մերձմոսկովյան Ռուբլյովկայում։

Նավլանին փաստեր է ներկայացնում այն մասին, որ այդ առանձնատունը նրան է նվիրել օլիգարխ Ալիշեր Ուսմանովը։ Ռուբլյովկայում Մեդվեդևը մեկ այլ առանձնատուն էլ ունի, բացի այդ՝ շքեղ առանձնատներ ունի Կուրսկի մարզում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, խաղողի այգիներ՝ Անապայի մոտակայքում և Իտալիայում։ Եվա այս ամենը նրա հարստության միայն մի մասն է, պնդում են աղմկահարոյց հետաքննության հեղինակները։

Այդ առանձնատներից բացի, Ռուսաստանի վարաչապետի հետ կապված կառույցներին են պատկանում նաև երկու զբոսանավեր։ Ընդհանուր առմամբ՝ Նավալնին Մեվդեդևի հարստությունը գնահատում է 70 միլիարդ ռուբլի, ինչը կազմում է մոտ 1,2 միլիարդ դոլար։ Մեդվեդևի անվանն առնչվող կառույցներին նշված առանձնատները, այգիներն ու զբոսանավերը նվիրել են ռուսաստանցի օլիգարխներ Ուսմանովը, Միխելսոնը, Սիմանովսկին, «Գազպրոմ»-ը և «Բաշնեֆտ»-ը։

Այդ կառույցները, ըստ հետաքննության հեղինակների, ունեն նաև օֆոշորային հաշիվներ։ Ալեքսեյ Նավալնին նաև պնդում է՝ բերված տվյալները բավարար են, որպեսզի վարչապետի գործունեությամբ հետաքրքրվեն իրավապահ մարմինները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG