Մատչելիության հղումներ

Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման համաձայնագիրն ստորագրվեց


Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի միջև մարտի 3-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը և Հայաստանի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն այսօր համաձայնագիր են ստորագրել՝ ստեղծելու հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ։

Ըստ Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հաղորդագրության, կողմերը մտադիր են մշակել ներդրումային գրավչություն ունեցող ծրագրեր` նպաստելով երկու երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացմանը և Հայաստանի` Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրմանը:

Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստան կատարած այցի շրջանակներում:

«Մենք ուրախ ենք ողջունել ԱՊՀ երկրներից մեր առաջին համաներդրող միջազգային գործընկերոջը։ Հայաստանը Ռուսաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերն է, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում։ Ստեղծվելիք հիմնադրամը կնպաստի մեր երկրների տնտեսության հետագա զարգացմանը տարբեր նախագծերի իրականացման շնորհիվ այնպիսի գերակա ոլորտներում, ինչպիսին են գյուղատնտեսությունը, արդյունաբերական արտադրությունը, տրանսպորտային, լոգիստիկ ենթակառուցվածքները», - ասել է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրևը։

Իր հերթին, «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը նշել է. - «Ուրախ ենք համագործակցել Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ, որի միջազգային փորձը ներդրումային փոխգործակցության ոլորտում հայ-ռուսական համատեղ ծրագրերի արդյունավետության բարձրացման տեսանկյունից շատ կարևոր է։ Վստահ ենք, որ մեր համատեղ ներդրումները կխթանեն Հայաստանի և Ռուսաստանի տնտեսության հետագա ինտեգրումը, առևտրաշրջանառության աճը և երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG