Մատչելիության հղումներ

Մխիթարյանը՝ «Ռոստով»-«Մանչեսթր Յունայթեդ» հանդիպման լավագույն խաղացող


Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում խփած հերթական գոլից հետո, արխիվ
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում խփած հերթական գոլից հետո, արխիվ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է երեկ երեկոյան Դոնի Ռոստովում կայացած «Ռոստով»-«Մանչեսթր Յունայթեդ» հանդիպման լավագույն խաղացող: Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքէջը:

ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի 1/8 եզրափակիչ առաջին խաղը ռուսաստանյան և անգլիական ակումբների միջև ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, 35-րդ րոպեին «Մանչեսթր Յունայթեդ»-ից գոլի հեղինակ դարձավ Մխիթարյանը՝ Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո: 53-րդ րոպեին Ալեքսանդր Բուխարովը հավասարեցրեց հանդիպման հաշիվը:

Նշենք նաև, որ Մխիթարյանը խաղաց մինչև հանդիպման 67-րդ րոպեն, երբ նրան փոխարինելու դուրս եկավ Էնթոնի Մարսիալը:

Հայ ֆուտբոլիստի խփած գնդակը և արտագնա խաղում ոչ-ոքին բավական մեծ շանսեր է ապահովում «Մանչեսթր Յունայթեդ»-ի համար սեփական հարկի տակ մարտի 16-ին կայանալիք պատասխան հանդիպումից առաջ:

«Մանչեսթր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքէջում հրապարակված հարցազրույցում Մխիթարյանը հայտարարել է, թե հուսով է՝ իր գոլը նվեր դարձավ Ռոստովի մարզադաշտ եկած հայ երկրպագուների համար:

Նշելով, որ երջանիկ է վնասվածքի պատճառով խաղեր բաց թողնելուց հետո խաղադաշտ վերադառնալու և գոլի հեղինակ դառնալու համար, նա շարունակել է․ - «Շնորհակալ եմ հայ երկրպագուներից, որ եկան սատարելու ինձ, և գուցե ես նրանց լավ նվեր մատուցեցի գոլ խփելով, ու նրանք հաճույք ստացան՝ դիտելով մեր խաղը»:

Անգլիական ակումբի կայքը հաղորդում է նաև, որ «Մանչեսթր Յունայթեդ»-ի երկրպագուների հարցման արդյունքներով՝ թիմի փետրվար ամսվա լավագույն գոլ է ճանաչվել «Լեսթեր»-ին Հենրիխ Մխիթարյանի խփած գնդակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG