Մատչելիության հղումներ

Կոնգրես - ՀԺԿ դաշինքը «զանգվածային արտագաղթը վերածելու է զանգվածային ներգաղթի»


ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան
ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան

Այսօր Եղվարդում (Կոտայքի մարզ) Կոնգրես - ՀԺԿ դաշինքը ընտրողների հետ հանդիպումն անցկացրեց քաղաքապետարանի հարևանությամբ տեղակայված գրասենյակի դիմաց:

Մոտ երկու տասնյակ հավաքվածներին պատմեցին, որ ընտրություններում հաղթելու դեպքում 25 տոկոսով նվազեցնելու են գազի և էլեկտրաէներգիայի սակագները՝ պնդելով, որ հաշվարկն «օդից չեն վերցրել»․ - «Իրենք ամբողջ ներդրումների գինը դնում են ձեր ուսերին, սպառողների ուսերին» (ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան):

Զուրաբյանը փոխանցեց ընդդիմադիր դաշինքի տեսակետը՝առանց ղարաբաղյան խնդրի կարգավորման, չի կարող լինել զարգացում:

Ընդդիմադիր երկու ուժերը ընտրությունների են գնում «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով, նպատակը բոլոր հարևանների հետ հաշտության հասնելն է․ - «Ամենակարևոր խնդիրը, որ մենք կլուծենք, բացի նրանից, որ Հայաստանը կդառնա զարգացող երկիր, մենք այս զանգվածային արտագաղթը կվերածենք զանգվածային ներգաղթի»:

Ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանը (ՀԱԿ) շարունակեց՝ հաղթանակն արդեն տարել ենք, մնում է միջազգայնորեն ճանաչել տալ․ - «Օրումեջ զոհ ունենք: Եվ մեր իշխանությունների դուխները չի հերիքում ասեն՝ ժողովուրդ, մեզ հարկավոր ա մի հատ պերեդիշկա, մի հատ շունչ քաշել, որ մենք ուժեղանանք, նորից առաջ գնանք: Մեծ-մեծ խոսացողների շքերթ ա: Շաքարը գրպանները՝ գնանք Կիրովաբադում չայ խմենք․․․ Այն կողմից էլ մի հատ պոռոտը կա՝ գնանք Սևանում լողանանք․․․ Ժողովուրդ, սա պատասխանատվության բացակայության նշան ա: Հարկավոր ա պահել, թե չէ կարաս կորցնես մնացածն էլ»:

Լևոն Զուրաբյանը հավաքվածներին ասաց, թե հստայական տարբերություն կա զինադադարի և խաղաղության պայմանագրի միջև․ խաղաղության հաստատման երաշխիքը պայմանագիրն է՝ երաշխավորված միջազգային հանրության կողմից:

Հանդիպման եկած ընտրողներից մեկն ասաց․ - «Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ չի: Ղարաբաղը թողնենք մի կողմ: Ինքը խի՞ ա մեր Տավուշի մարզը գնդակոծում, ու Ռուսաստանը ոչ մի բան չի անում: Ես ո՞նց վստահեմ դրանց»:

«Շատ լավ իմացեք հետևյալը», - պատասխանեց Զուրաբյանը․ - «Ռուսաստանի շահերը միշտ չէ, որ անպայման համընկնում են Հայաստանի շահերին: Բայց և՛ Ռուսաստանը, և՛ Միացյալ Նահանգները, և՛ Ֆրանսիան, և՛ Իրանը, և՚, եթե ուզում եք իմանաք, Թուրքիան շահագրգռված են, որ էս տարածաշրջանում լինի խաղաղություն: Որովհետև եթե ղարաբաղյան կոնֆլիկտը բռնկվի, դա ունենալու է շատ ծանր հետևանքներ ամբողջ ռեգիոնի համար»:

Արամ Մանուկյանի հայտարարությունը, թե ընտրությունը լինելու է փողի և խաղաղության միջև, նույնպես անարձագանք չմնաց: «Իրանք գիտեն փող բաժանողներն ով են: Թող էթան թևերը բռնեն․․․ Եղվարդի հասարակությունն ո՞ւր ա․․․ սաղ վախեցած փողի են սպասում», - ասաց հանդիպմանը եկած մեկ այլ ընտրող։

Մանուկյանի արձագաքնը․ - «Լուծումը ասեմ: Եթե մարդը ստիպված է, սպառնում են իրան, կյանքին վտանգ կա․․․ ախպեր, վերցրու, գնա քու ուզածն արա՝ եթե ծայրահեղ ես»:

Ընտրողների հետ հանդիպմանը որոշ եղվարդցիներ նախընտրել էին հեռվից հետևել:

«Մեզ աշխատանք է պետք, որ էթանք աշխատենք: Մենք պալիտիկայից հեռու մարդիկ ենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց նրանցից մեկը:

Ընտրություններին մասնակցելու են․ - «Բացի Հանրապետականից, ում էլ ընտրենք, մեկ ա մեզ: Հանրապետականի քաշվածն էլ, էլի: Բոլ չի՞»:

Նրանք, այդուհանդերձ ընտրությունների հետ հույսեր կապում են․ - «Էդ հույսն էլ եթե կտրվավ, հենա վերջացավ»:

ՀԱԿԿ-ին անդամակցող եղվարդցի Արտյոմ Բեյբությանը վստահեցրեց, որ իրենց վրա ճնշումներ առայժմ չեն եղել․ - «Վախացնելով ձայներ կորզեն կամ ինչ անեն, տենց բաներ դեռ չենք լսել»:

Կոտայքում Կոնգրես - ՀԺԿ դաշինքից 9 թեկնածու կպայքարի: Առաջադրվել է նաև 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով մեղադրյալ, Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանը:

XS
SM
MD
LG