Մատչելիության հղումներ

Առաջին նախագահը, որը ներկա չէր նաև երեկ դաշինքի նախընտրական ծրագրի հրապարակմանը, ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով, այլ մարտավարություն ունի․ - «Ամեն անգամ ինքը իրավունք ունի յուրովի վարվել: Եվ էդպես էլ անում է: Նա երբեք ստերեոտիպների մեջ չի մտնում և ստերեոտիպներ, կարծրատիպներ չի կիրառում քարոզչության մեջ»

«Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով ընդդիադիր դաշինքի ներկայացուցիչներն այսօր շրջեցին Արագածոտնի մարզի մի շարք քաղաքներում, խոսեցին հիմնականում նախընտրական ծրագրի թերևս ամենաառանցքային կետի՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին։

Ապարան քաղաքի կուսակցության շտաբում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ փոխզիջումների միջոցով փորձելու են հասնել արժանապատիվ խաղաղության․ - «Խաղաղություն, որը ապահովելու է, միջազգային դիտորդներով ու միջազգային կազմակերպություններով հաստատագրելու է մեր հաղթանակները: Եվ այդ հաղթանակները, մենք բաց ասում ենք, որ փոխզիջումների մեջ են»:

Մանուկյանի կարծիքով, առանց խաղաղության Հայաստանի զարգացումը հնարավոր չէ, իսկ ղարաբաղյան հարցի կարգավորումը, ըստ պատգամավորի, շղթայական կլուծի նաև Հայաստանի առջև ծառացած մյուս խնդիրները․ - «Փոխզիջումային տարբերակը բերելու է Հայաստանին ճանապարհների բացում, տնտեսության զարգացում, ինտեգրացման հնարավորություն, զինվորական ամենօրյա զոհերի դադարեցում և Ղարաբաղի տարածքի ֆիզիկական անջատում Ադրբեջանից»:

Արժանապատիվ խաղաղության ձգտող կուսակցությունը այսօր եղավ նաև Ուջանում ու մարզկենտրոն Աշտարակում։

Հանրահավաքների փոխարեն դաշինքն այս համայնքներում նույնպես քարորզարշավը անցակցրեց ՀԱԿ կուսակցության գրասենյակներում։ Ելույթների հիմնական թեման կրկին ղարաբաղյան հարցի կարգավորումն էր:

Ընդդիմադիր պատգամավորները հայտարարում էին, որ ստատուս քվոյի պահպանումը արդեն վտանգավոր է երկրի անվտանգության համար։ «Մենք իսկապես կարող ենք հասցնել երկիրը մի վիճակի, երբ որ հաղթանակը մեր ձեռից կգնա: Դրա համար մենք հիմա ասում ենք՝ ժամանակն է սթափվելու: Էս ընտրություններն էլ շատ լավ հնարավորություն են մեր ժողովրդին էդ բանը ասելու, ամբողջ ճշմարտությունը բացելու», - ասաց Լևոն Զուրաբյանը:

Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում, Կոնգրես - ՀԺԿ դաշինքը 7 պատգամավորի թեկնածու է առաջադրել տարածքային ցուցակով։ Նրանցից հանրության առավել հայտնի է 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո ազատազրկված, նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը:

Մալխասյանն այսօր պնդեց, թե Արագածոտնի մարզում շատերն են կողմնակից դաշինքի առաջ քաշած գաղափարախոսությանը․ - «Այսօր դժվարին պայքար է սկսվում, որովհետև այս վեհ գաղափարը մրցակցության մեջ է մտած փողի հետ: Կարծում եմ, մեր ժողովրդի բանականությունը ճիշտ կգիտակցի գաղափարը և կգերադասի խաղաղությունը, և պարտություն կկրեն փողի կուսակցությունները: Մեզ բարի երթ»:

Ի դեպ, այսօրվա հանդիպումներին չէր մասնակցում նաև ՀԺԿ նախագահ, դաշինքի համապետական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Ստեփան Դեմիրճյանը:

XS
SM
MD
LG