Մատչելիության հղումներ

Ծառուկյանը խուսափեց ապրիլի 2-ը իշխանափոխության օր հայտարարելուց


«Ծառուկյան դաշինքն» այսօրվա հանրահավաքները սկսեց Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքից:

Հանրահավաքին ելույթ ունեցա միայն դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով, ի տարբերություն «Ծառուկյան դաշինքի» համապետական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանի, ապրիլի 2-ը իշխանափոխության օր չհայտարարեց:

Ավելին՝ Գագիկ Ծառուկյանի խոսքով, իշխանափոխության մասին պետք չէ մտածել: Նա հավաքվածներին հորդորեց ձայնը տալ իրենց նախընտրած քաղաքական ուժին՝ հավելելով այդուհանդերձ, թե առանց «Բարգավաճ Հայաստանի» առաջարկած ծրագրի Հայաստանը չի կարող զարգանալ․ - «Անկախ ամեն ինչից, թե դուք ձայնը ում կտաք, ես ձեզ ասում եմ, այսօր էլ կարող եմ հաստատել՝ այդ տասնհինգ կետերը մինչև իրականություն չդառնան, տնտեսական ճգնաժամը ավելի է խորանալու, արտագաղթը ավելի է շատ լինելու, գործազրկությունը ավելանալու է և համապատասխան աղքատությունը մեծանալու է»:

Ծառուկյանն անդրադարձավ նաև երկրի սոցիալ-տնտեսական վիճակին՝ առանց հասցեական քննադատության անդրադառնալով բանկային համակարգին, կուտակային կենսաթոշակային համակարգին, «կարմին գծերին», ԱՊՊԱ համակարգին: Նրա խոսքով, այս ամենը ստիպում է, որ շատերը բռնեն արտագաղթի ճանապարհը․ - «Այսօր մարդիկ թողնում-գնում են՝ կարիքից ելնելով, պարտքերի տակ, տոկոսների տակ․․․ տունը չի կարողանում պահել: Մեկ տարի հետո նա կարողանում է դրսից փող էլ ուղարկել, տուն էլ առնել: Ի՞նչն է պատճառը: Պատճառը մենք ենք, պատճառը օրենքն է, պայմանն ու հնարավորությունն է: Պետք է մենք մեր ժողովրդին ավելի լավ պայմաններ առաջարկենք: Էսօր ոչ մեկը չի կարող ասել, թե 2009 թվականից հետո իր առօրյայում, իր կյանքում ինչ-որ բան լավացել է»:

Հանրահավաքից հետո բազմաթիվ մարդիկ նամակ-խնդրանքներ հանձնեցին Գագիկ Ծառուկյանին: Վերջինս խոստանում էր լուծում տալ շատերի խնդիրներին:

«Ծառուկյան դաշնինքն» այսօր հանրահավաք է անցկացնելու նաև Նոյեմբերյան քաղաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG