Մատչելիության հղումներ

Զոհրաբյան․ «Ապրիլի 2-ը նշանակենք իշխանափոխության օր»


Նաիրա Զոհրաբյանը Տավուշի մարզում, 6-ը մարտի, 2017 թ․

Նաիրա Զոհրաբյանը Տավուշի մարզում, 6-ը մարտի, 2017 թ․

«Ծառուկյան դաշինքն» այսօր քարոզչություն արեց Տավուշի մարզում:

«Ապրիլի 2-ը նշանակենք իշխանափոխության օր»: Այսօր Տավուշի մարզում, գյուղից գյուղ շրջելով, նման հայտարարություն էր անում «Ծառուկյան դաշինքի» նախընտրական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող՝ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա այսօր այցելեց Նոյեմբերյանի շրջակա 5 գյուղեր: Զոհրաբյանին կուսակցության մյուս առանցքային դեմքերն այսօր չէին ուղեկցում: Վերջինս իր հետ Տավուշի մարզ էր տարել նաև պաստառներ, ելույթներ ունենում էր միայնակ։ «Ապրիլի 2-ը հայտարարում եմ իշխանափոխության օր, իշխանափոխության ժամ՝ մինչև կփակվի վերջին տեղամասը»:

Զոհրաբյանը ներկայացնում էր նաև իշխանափոխության բանաձևը, ըստ այդմ՝ անհրաժեշտ է, որ Հաղթանակի, մյուս գյուղերի ու ողջ երկրի ընտրողների մեծամասնությունը վստահի իրենց, ինչի դեպքում արդեն «Ծառուկյան դաշինքը» կիրականացնի իր ծրագիրը։ «Մենք ձեզ ասում ենք՝ Ծառուկյանը եկել է իր խաչը կրելու, մենք մեկ նպատակ ունենք, և ես ձեզ հավատացնում եմ, ապրիլի 2-ին մենք ունենալու ենք նոր իշխանություն»:

Ըստ Զոհրաբյանի, իրենց դաշինքը Հայաստանի «քանդված տնտեսության պայմաններում» շատ իրատեսական ծրագիր է ներկայացրել, բարեփոխումների 15 հրատապ քայլեր, որոնք «հետ կպահեն Հայաստանը վերջնական փլուզումից»։

«Ծառուկյանը մեր տնտեսագետների հետ շատ երկար է խարհրդակցել և ասել է՝ շատ հեշտ է էս վիճակում գտնվող ժողովրդին խաբելը: Հիմա գալու են էստեղ վաղը-մյուս օրը քաղաքական ուժեր, խոստումներ են տալու, որ ընտրեք իրենց և ձեր հավատները մի օրում կվերադարձնեն: Որ ընտրեք իրենց, չգիտեմ, ձեր աշխատավարձը կսարքեն 1000 դոլար: Չհավատաք, ժողովուրդ: Հնարավո՞ր է էսօր թոշակը բարձրացնել 50 հազարով, ոչ՛, հնարավոր չի: Բայց հնարավո՞ր է 25 հազարով բարձրացնել, այո, հնարավոր է, և էդ առաջարկը մեր կետերում կա»,- իր ելույթերից մեկում նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Կբարձարցնեն նաև նվազագույն աշխատավարձը, կվերացնեն արագաչափերն ու կարմիր գծերը, առաջիկա 3 տարիներին փոքր ու միջին ձեռնարկություններին կազատեն հարկային բեռից: Սակայն, Զոհրաբյանի ընդգծմամբ, իրենց առաջարկած «արժանապատիվ ծրագիրն» իրագործելու համար մեծամասնության քվեն է պետք։ Միևնույն ժամանակ, Զոհրաբյանը տարակուսած է՝ ինչու՞ պիտի շարքային ընտրողը ձայնը տա իշխող Հանրապետականին, որը, նրա խոսքով, ահաբեկում է քաղաքացիներին։

«Վախեցնում, ահաբեկում են, հանկարծ չգնաք հանրահավաքներին, հանկարծ սենց չանեք, գործից կհանենք: Բա դուք ասում եք՝ էնքան լավ իշխանություն եք, էս ժողովուրդն էլ ձեր նկարը պատերին դրած, տակն ամեն օր 7 հատ մոմ ա վառել: Բա ինչի՞ եք վախենում: Եկեք, հանդիպեք ժողովրդին, ոնց որ մենք՝ «Ծառուկյան դաշինիքի» ներկայացուցիչները, ոնց որ Գագիկ Ծառուկյանը: Կանգնեք բաց ճակատով, նայեք ժողովրդին: Չեն կարա, որովհետև գիտեն՝ պատառ-պատառ կանեն, հանկարծ մեկը համարձակվի գա»,- ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

Եթե օրինակ «հարևան Վալոդը խնդրում է ընտրողին գնալ կեղծիքի», այդ դեպքում ևս լուծում կա, բացատրում էր Նաիրա Զոհրաբյանը: Անդրադառնալով կեղծիքների հնարավոր տարբերակներին, նա մանրամասնում էր, թե ինչպես է կարելի է մոլորեցնել ընտրակեղծիք պահանջող գործատուներին, հարևաններին, գյուղապետերին և մյուսներին։ «Ես հասկանում եմ՝ դժվար է, բայց մի անգամ մենք ազգովին պիտի մեր մեջ գտնենք էդ վճռականությունը՝ ապրիլի 2-ին մեծ վերջակետ դնելու էս իշխանոթւյան վրա»:

«Հաղթանակ» գյուղի կենտրոնում հավաքված բնակիչները Զոհրաբյանին հաճախ ծափահարում էին, միայն թե վստահ չէին, որ իրենց գյուղում Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքը հաղթանակ կտոնի։ «Բայց ձայներ կունենա»,- ասաց գյուղացիներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG