Մատչելիության հղումներ

Արտաշատում ծեծկռտուքը «աղջկա թեմա է», ՀՀԿ-ի հետ կապ չունի, պնդում է Ալիկ Սարգսյանը


Այսօր զենքի կիրառմամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Արտաշատի կենտրոնական հրապարակում գտնվող ՀՀԿ նախընտրական շտաբի առջև, որին մասնակցել է Հանրապետականի Արարատի տարածքային խորհրդի նախագահ, Արարատի մարզում ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Ալիկ Սարգսյանի վարորդի որդին:

Ըստ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, դեպքը որևէ կապ չունի առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ, թեև լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ծեծկռտուքի մյուս կողմը՝ Արարատի մարզում ՀՀԿ ռեյտինգային մեկ այլ թեկնածու Արայիկ Գրիգորյանի մարդիկ էին:

«Ես չգիտեմ ում կողմնակիցներն էին, մինչև այս պահը չգիտեմ նույնիսկ ովա էդ տղան: Ճիշտն ասած ինձ չի էլ հետաքրքրում», - «Ազատությանն» ասաց նախկին ոստիկանապետը․ - «Զանգել են, ասել են, որ միջադեպա եղել և պատմել են, որ իմ վարորդի տղան իր բարեկամուհու արժանապատվության հետ կապված վիճաբանություն է ունեցել ինչ-որ մեկի հետ»:

Սարգսյանը հավաստիացրեց, որ դեպքը կապ չունի առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ:

«Ընդամենը սա անձնական մի խնդիրա, որ երկու երիտասարդներ իրար հետ ինչ-որ հարցեր են պարզաբանել: Ընտրական գործընթացի հետ ընդհանրապես կապ չունի», - հայտարարեց նա:

Հարցին, թե ինչպե՞ս կբնութագրի իր հարաբերությունները ռեյտինգային մյուս ռեյտինգային թեկնածուի՝ Արայիկ Գրիգորյանի հետ, Սարգսյանը պատասխանեց․ - «Բնութագրում եմ շատ լավ, նույնիսկ ջերմ: Հենց այսօր առավոտյան միասին ենք եղել, ինքն էլ այդ մասին տեղյակ չի եղել, ես էլ: Ոչ էլ հիմա զանգահարել եմ, որովհետև դրա կարիքը չկա, մարդը կարա վիրավորվի, ասի՝ ես ի՞նչ կապ ունեմ, ինձ ինչի՞ ես դրա համար ասում»:

Սարգսյանի վարորդը՝ Ազատ Մայիլյանը, ում որդին՝ Լյուդվիգը, ոստիկանությունում է, «Ազատությանն» ասաց, թե իր տեղեկությամբ որդու հետ վիճաբանողի անունը Գոռ է, ու անմիջապես հավելեց՝ այլ բան չգիտի Գոռի մասին, թեև ավելի ուշ խոստովանեց՝ Գոռի հետ կապվածը տևական պատմություն է:

«Կապ չունի ընդհանրապես ընտրությունների հետ: Էդ տղեն ուզումա տղուս քենուն, զգուշացնումա, որ աղջիկը քեզ չի ուզում, նեղություն մի տուր աղջկան: Եվ դա առաջին օրը չի, ոչ էլ տասը օրվա․․․ երկար պատմությունա», - նշեց Ազատ Մայիլյանը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի ֆեյսբուքայն գրառման համաձայն, «երիտասարդներից մեկի քենին վերջինիս բողոքել է, որ մյուս երիտասարդը անհանգստացնում է իրեն, կողմերը հանդիպել են, պարզաբանումը թեժացել է, վիճել են, ինչի ժամանակ էլ նրանցից մեկը գործի է դրել օդամղիչ ատրճանակ, միջադեպի մասնակիցներից ոչ ոք վնասվածք չի ստացել, այս պահին նրանք գտնվում են ոստիկանության Արտաշատի բաժնում, կատարվում են համապատասխան գործողություններ»:

Օրվա ընթացքում փորձեցինք կապվել նաև անկուսակցական պատգամավոր, Արարատի մարզում Հանրապետականների ռեյտինգային թեկնածու Արայիկ Գրիգորյանի հետ: Տևական փնտրտուքից, հեռախոսազանգերից հետո պատասխանողը ներկայացավ որպես Գրիգորյանի վարորդ: Նշեց, որ Գրիգորյանը հանդիպման է, չի կարող պատասխանել զանգին և կախեց հեռախոսը:

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Արայիկ Գրիգորյանի և Հանրապետական կուսակցության այլ ռեյտինգային թեկնածուների անունները առաջին անգամ չէ, որ արծարծվում են ծեծկռտուքների առնչությամբ: Մոտ տասը օր առաջ, ըստ մամուլի, Մասիս քաղաքում բախում էր տեղի ունեցել ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված թեկնածուների՝ Արայիկ Գրիգորյանի և Մուրադ Մուրադյանի կողմնակիցների միջև: Օրեր անց՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական հաղորդումների տնօրեն, դաշնակցական Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ իշխող Հանրապետականի կողմից տարածքային թեկնածու առաջադրված Բազմասեր Առաքելյանը Փարպի գյուղի իր տանը մի քանի տասնյակ կողմնակիցների հետ դաժան ծեծի է ենթարկել համագյուղացիներից մեկին՝ միայն այն բանի համար, որ նա ոչ թե իրեն, այլ Դաշնակցությանն է մտադիր ձայն տալ: Մարտի 1-ին հայտնի դարձավ, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում դանակահարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվիստ Աբրահամ Ադամյանը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն «Ազատությանն» ասել էր, որ դանակահարողը ՀՀԿ ներկայացուցիչ է և «այս ամենը հրահրում են մարզի հանրապետականները», նպատակ ունենալով «ընտրությունները վերածել սոդոմ գոմորի»:

Հատկանշական է, որ վերոհիշյալը հաջորդեց փետրվարի 25-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությանը, որի ժամանակ, ըստ պատգամավոր Սեյրան Սարոյանի, Հանրապետականի առաջնորդը ՀՀԿ ռեյտինգային բոլոր թեկնածուներին հանձնարարել է «կռիվ-դավի չանել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG