Մատչելիության հղումներ

Մասիսի միջադեպը Ընտրական օրենսգրքի կրախն է․ Բագրատյան


Արխիվ -- Ընտրարշավը Մասիսում նախորդ ընտրաշրջանում
Արխիվ -- Ընտրարշավը Մասիսում նախորդ ընտրաշրջանում

Հանրապետականը անընդունելի է համարում այն միջադեպը, որը տեղի է ունեցել Մասիսում կուսակցության ցուցակով առաջադրված երկու պատգամավորության թեկնածուների միջև:

«Երևույթը, որպես այդպիսին, անընդունելի է մեզ համար, սակայն քարոզչության ընթացքում նյարդերը հաճախ տեղի են տալիս, անկախ նրանից՝ որ խմբակցության անդամ են պատգամավորության թեկնածուները, որ կուսակցության անդամ են: Բայց, միանշանակ, դա մեզ համար անընդունելի է: Ես կարծում եմ, որ հարցը քննարկման առարկա կդառնա և նմանատիպ երևույթներին վերջ կտրվի», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Մելիքյանն անձամբ խոսել է իրենց համապետական ցուցակում 114-րդ տեղը զբաղեցնող Արայիկ Գրիգորյանի և 121-րդ տեղը զբաղեցնող Մուրադ Մուրադյանի հետ, նրանք պատգամավորներ են նաև այս՝ 5-րդ գումարման Ազգային ժողովում․ - «Այն, ինչ տեղի է ունեցել քարոզչության ընթացքում տարբեր շտաբների անդամների միջև՝ նրանք ևս համարում են անընդունելի, և իրենց գործընկերներին կհորդորեն, որ նմանատիպ երևույթներից զերծ մնան»:

Մասիսում տեղի ունեցած այս բախումը Գագիկ Մելիքյանը չի համարում տարածքային բաց ցուցակների՝ այսպես կոչված ռեյտինգային համակարգի ներդրման արդյունք, թեև նախկինում արդեն հնչել է քննադատություն, թե՝ ռեյտինգային ցուցակները և նույն տարածքում ազդեցություն ունեցող մի քանի անձանց առաջադրումը կարող է սրել իրավիճակն ու հանգեցնել բախումների:

«Պատճառը, համենայնդեպս, դա չէ: Ուղղակի երիտասարդներ, որոնք այդ պահին իրար չեն կարողացել հասկանալ: Կարծում եմ, որ նրանք արդեն հարթել են այդ միջադեպը», - նշեց Մելիքյանը:

Իշխանության մաս կազմող Դաշնակցության համար այս միջադեպն անակնկալ չէր: Դաշնակցության խորհրդարանական խմբակցությունն ու ներկայացրած ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը երկու հանրապետականների բախումը հենց տարածքային բաց ցուցակների հետ է կապում:

«Ռեյտինգային թեկնածուներից ամեն մեկի բերած ձայնը ընդհանուր գումարը մեծացնելու է․ սա է եղել տրամաբանությունը: Բայց քանի որ ամեն մեկը չի մտածում, որ ընդհանուր գումարը մեծանա, այլ մտածում է՝ կոնկրետ ինքը անցնում է, թե չի անցնում, կոնկրետ ինքը, որպես անձ, այդ տարածքում դառնո՞ւմ է թիվ 1-ը, թե ոչ», - մեկնաբանում է Արմեն Ռուստամյանը՝ շարունակելով․ - «Որովհետև ընտրակարգերի տրամաբանությունը մինչև հիմա այն է եղել, որ օլիգարխական շրջաններ են առաջացել, ֆեոդալական շրջաններ, որ այդ տարածքը նայողը այսինչ մեկն է, որ այդ տարածքը նայում է, ու հանկարծ պակաս ձայն բերի, սա կլինի խայտառակություն: Այսինքն այնտեղ ֆեոդալ փոխելու խնդիր կարող է առաջանալ: Այդ իներցիան դեռևս գործում է: Սա դեռ առաջինն է: Մենք ենթադրում էինք, որ այդ պայքարը այդտեղ է»:

Ռուստամյանի խոսքով՝ իրենք ի սկզբանե դեմ էին, սակայն ի վերջո գնացին փոխզիջման․ - «Սա մեր սրտով չէ, սա կոմպրոմիսի արդյունք էր, որովհետև սա ընդունելով՝ մենք լուծել ենք բազմաթիվ հարցեր: Սա առաջին քայլն է, հնարավոր է՝ մի քիչ լավ չստացվի, սխալներ լինեն, բայց ես վստահ եմ, որ կշտկվի սա, հաջորդ ընտրություններում հաստատ ռեյտինգայինի այս ձևը կվերանայվի»:

Ընդդիմադիր պատգամավոր, նախկին վարչապետ և Ազատ դեմոկրատների վարչապետության թեկնածու Հրանտ Բագրատյանն ասում է՝ համամասնականի անվան տակ գործ ունենք ամբողջովին մեծամասնական ընտրակարգի հետ: Բագրատյանն ասում է՝ առաջիկայում էլ նման միջադեպեր կլինեն այն վայրերում, որտեղ իշխող ուժի թեկնածուները չեն կարողանա միմյանց միջև կիսել ընտրատարածքը․ - «Սա այդ Ընտրական օրենսգրքի կրախն է: Օրենսգիրքը չի աշխատում, աշխատում է պայմանավորվածությունը, ադաթը, շարիաթը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG