Մատչելիության հղումներ

Հանրապետականի քարոզչությունը կլինի «Անվտանգություն և առաջընթաց» նշանաբանով


ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) որոշել է իրականացնել շատ ակտիվ քարոզարշավ, կօգտվի ընդունված բոլոր միջոցներից, քարոզչության հիմքը պետք է լինի Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդումը, ինչպես նաև տնտեսական առաջընթացի ապահովումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարության զարգացումը: Այդ մասին հինգշաբթի երեկոյան լրագրողներին հայտնեց իշխող կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք դեռ մարտի 5-ին կներկայացնենք մեր ծրագիրը, կներկայացնենք հանրությանը մեր քարոզչության հիմնական թիրախները, պարզապես նշեմ, որ քննարկել ենք ծրագիրը, ընդունել ենք ծրագիրը՝ արդեն հաստատվել է, և կուսակցության նախընտրական քարոզչությունը կլինի «Անվտանգություն և առաջընթաց» նշանաբանով», - փոխանցեց Շարմազանովը Հանրապետականին գործադիր մարմնի նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ՝ ընդգծելով․ - «Մեզ համար Հայաստանի թիվ մեկ մարտահրավերը մնում է անվտանգությունը»:

«Այսօր Ձեր կուսակցական ընկեր Լեռնիկ Ալեքսանյանը, խոսելով ընտրակաշառքների մասին, ասաց, որ դրանք բարեգործություններ են ընդամենը և ընտրակաշառքներ չեն: Դո՞ւք ինչ եք մտածում այս հարցի հետ կապված», - «Ազատության» այս հարցին իշխող կուսակցության խոսնակը արձագանքեց․ - «Առհասարակ ընտրակաշառք երևույթին և առհասարակ բոլոր հակաօրինական երևույթներին ոչ միայն ես, այլ նաև մեր թիմը շատ բացասաբար է վերաբերվում: Մենք ունենք շատ հստակ հանձնարարական՝ իրականացնել բացառապես օրենքի սահմաններում քարոզարշավ: Լրատվամիջոցները շատ բան են գրում՝ միգուցե մի մասը ճիշտ է, մի մասը իրականության հետ կապ չունի, ես դեռևս կոնկրետ փաստեր չեմ տեսել, որ կոնկրետ քաղաքացին ասի: Իսկ եթե լսելու լինենք՝ մենք էլ ենք շատ բան լսել, որ այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչը տարբեր ձևով փորձի շահագրգռել: Բայց քանի որ ընտրակաշառքը բարդ է, եթե չկա քաղաքացու բողոքը, կոնկրետ վկայությունը, շատ բարդ է ներկայացնել: Բայց քանի որ ընտրական պրոցեսին, գործընթացին որպես ծանոթ ներկայացուցիչ, մարդ, որը 99 թվականից ընտրական գործընթացների մեջ է, ես կարծում եմ՝ ավելի շատ դրանք սենսացիոն հայտարարություններ են գոնե այս փուլում, որովհետև դժվար թե երկու ամիս առաջ ընտրություններից ինչ-որ մեկը․․․ և երկրորդը՝ ամենակարևորը՝ ես շատ բարձր եմ գնահատում մեր հասարակության, մեր ժողովրդի գիտակցության մակարդակը և ազատության և անկախության»:

«Ազատություն»․ - Բայց Ձեր գործընկերը խոսում է բարեգործության մասին, ինչո՞ւ են որոշում ընտրությունների նման բարեգործություն անել:

Շարմազանով․ - Ես բարեգործության վերաբերյալ ունեմ իմ հատուկ կարծիքը, որի մասին բազմիցս արտահայտել եմ: Այն բարեգործությունը, որը <...> ասում է, որ՝ «ես եմ», իմ կարծիքով՝ դա բարեգործություն չէ: Ամեն մեկս իր կարծիքն ունի: Դա ավելի շատ «Տժվժիկի» պատմությունն է: Բայց հիմա ես չեմ ուզում էստեղ դատավորի ֆունկցիա վերցնեմ և գնահատականներ հնչեցնեմ: Հստակ ասում ենք՝ մեր քարոզարշավը անելու ենք բացառապես օրենքով սահմանված կարգով: Կլինե՞ն տեղեկություններ, կլինե՞ն կեղծ տեղեկություններ, կլինե՞ն արդեն հստակ հարձակումներ Հանրապետականի վրա՝ ընտրակաշառք-մընտրակաշառք, չեմ բացառում, որովհետև դրանք նախընտրական հնարքներ, կներեք՝ ոչ ընդունելի հնարքների մի մասն են, դրանք և՛ նախկինում են եղել, և՛ հիմա կան, և՛ ապագայում կլինեն, և դրանք միայն Հայաստանի Հանրապետության քաղաքական քարոզարշավին չեն վերաբերում, դրանք հատուկ են շատ երկրներում: Բայց ես էլ ձեզ խնդրում եմ՝ որպես կուսակցության գործադիր մարմնի ներկայացուցիչ, եթե կա որևէ փաստ՝ խոսենք ոչ թե ընդհանուր, այլ ներկայացնեք փաստերը: Թե չէ, եթե լսելով լինի, ես էլ շատ բան եմ լսում, որ այս կամ այն ընդդիմադիր ուժը տարբեր խոստումներ է տալիս:

«Ազատություն»․ - Նախագահ Սարգսյանը բազմիցս խոսել է քաղաքական նոր մշակույթի մասին, բայց հարցեր են առաջանում, օրինակ, ընդդիմադիր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հետ կապված՝ Օսկանյանի որդու ձերբակալությունը ընկալում են որպես ճնշում ընդդիմադիր ուժի նկատմամբ: Ի՞նչ կարող եք ասել:

Շարմազանով․ - Ես չեմ կարծում, որ Դուք կարծում եք, որ իշխանությունը գնա նման ճանապարհով:

«Ազատություն»․ - Բայց ընտրությունների շեմին նման․․․

Շարմազանով․ - Ի՞նչ է նշանակում՝ ընտրությունների շեմին: Կա իրավական խնդիր, պարոն Օսկանյանի որդին օրենքով սահմանված կարգով ազատ է արձակվել, և անկախ նրանից, եթե կա բողոք՝ իմ որդին է, Ձեր որդին է, Պողոսի կամ Պետրոսի որդին է՝ բոլորս պետք է օրենքի առջև լինենք հավասար: Ես մերժում եմ և պաշտոնապես հերքում եմ որևէ քաղաքական ճնշման, որևէ քաղաքական հետապնդման փորձ Հայաստանի Հանրապետությունում, այն էլ՝ ընդդիմադիր մեր գործընկերների և նրանց ընտանիքների նկատմամբ:

XS
SM
MD
LG