Մատչելիության հղումներ

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային նշանակել է երկրի առաջին փոխնախագահ: Հրամանագրի տեքստը տեղադրված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում:

Անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանում ընդունված սահմանադրական փոփոխություններով սահմանվեցին երկրի առաջին փոխնախագահի և փոխնախագահի պաշտոնները:

«Մեյդան» հեռուստաընկերությունը, հաղորդելով, որ առաջին տիկինը նշանակվեց առաջին փոխնախագահ, հիշեցնում է, որ սահմանադրական փոփոխությամբ երկրի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, հրաժարականի կամ մահվան դեպքում մինչև նախագահական նոր ընտրությունները երկրի ղեկավարի լիազորություններն անցնում են ոչ թե վարչապետին, ինչպես նախկինում էր, այլ՝ առաջին փոխնախագահին: Կարճ և պարզ ասած՝ եթե Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախագահ չլինի, նրան կփոխարինի կինը՝ Մեհրիբան Ալիևան:

Այսօր Իլհամ Ալիևը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, որտեղ ներկայացրել է առաջին փոխնախագահին:

Ադրբեջանական մամուլը ներկայացնում է առաջին փոխնախագահի լիազորությունները և կենսագրությունը: Մեհրիբան Ալիևան 53 տարեկան է, մասնագիտությամբ ակնաբույժ է: Նա Ադրբեջանի խորհրդարանի երեք գումարման պատգամավոր է եղել, Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի նախագահ, Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահն է: 2012-ին գլխավորել է Բաքվում անցկացված «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմկոմիտեն, իսկ 2015-ին՝ Եվրոպական խաղերի կազմկոմիտեն:

Երկրի առաջին փոխնախագահի լիազորությունների մասով, Contact.az-ը ենթադրում է, որ նա վերահսկելու է կառավարության աշխատանքը: Ակնկալվում է, որ կառավարությունը ևս լուրջ փոփոխությունների կենթարկվի:

Իլհամ Ալիևը նավթով հարուստ Ադրբեջանի նախագահն է 2003 թվականից: Երկրի ղեկավարի պաշտոնում նա փոխարինեց հորը՝ Հեյդար Ալիևին, ով կյանքի վերջին ամիսներին կառավարման համակարգում փոփոխություններ կատարեց՝ որդու համար ճանապարհ հարթելով դեպի նախագահի պաշտոնը:

Իլհամ Ալիևը քննադատվում է իրավապաշտպան խմբերի ու արևմտյան կառավարությունների կողմից՝ ընդդիմադիր քաղաքական գործիչներին, մարդու իրավունքների պաշտպաններին և լրագրողներին ճնշելու համար:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Խադիջա Իսմայիլովան 17 ամիս բանտում անցկացրեց ֆինանսական բնույթի մեղադրանքներով, սակայն նա և նրա աջակիցները պնդում էին, որ իշխանությունները վրեժխնդիր են լինում լրագրողից կոռուպցիան բացահայտող հաղորդումների համար, որտեղ ներգրավված էին նաև Ալիևը և նրա ընտանիքի անդամները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG