Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Ընտրությունների շրջանում Ադրբեջանի հնարավոր սադրանքները արժանի հակահարված են ստանալու


Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԵԿՄ համագումարում, 18-ը փերվարի, 2017 թ․

Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԵԿՄ համագումարում, 18-ը փերվարի, 2017 թ․

ԵԿՄ համագումարում կազմակերպության նախագահի պաշտոնում վերընտրված Մանվել Գրիգորյանն իր ելույթում հայտարարեց, որ երկրապահներն ակտիվորեն ներգրավվելու են ընտրական գործընթացում և աջակցելու են Սերժ Սարգսյանին։ «Համոզված ենք, որ ջանք ու եռանդ չեք խնայում՝ կառուցելու հզոր, զարգացած Հայաստան, որտեղ պաշտպանված կլինեն հայրենիքի սահմանները, և որտեղ բարեկեցիկ, խաղաղ կյանքով կապրի մեր ժողովուրդը»,- ասաց գեներալ-լեյտենանտը:

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների շրջանում Ադրբեջանը կարող է նոր սադրանքների դիմել: Այսօր ԵԿՄ համագումարին ունեցած իր ելույթում այս մասին զգուշացրեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ կոչ անելով «վառոդը միշտ չոր պահել»։

Սարգսյանի խոսքով, Ադրբեջանում ոմանք դեռ պատրանքներ ունեն, թե «իբր ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը» լինելու է շատ զբաղված, հետևաբար և խոցելի:

«Այդ սին պատրանքներից ելնելով՝ միգուցե Ադրբեջանը փորձի նոր սադրանքների դիմել: Ես իմ պարտքն եմ համարում համագումարի այս ամբիոնից հայտարարել, որ բոլոր հնարավոր սադրանքները արժանի հակահարված են ստանալու: Կոչ եմ անում ձեզ շարունակել վառոդը չոր պահել, քանի որ մեր պայքարը դեռ շարունակվում է»,- իր ելույթում ասաց Սարգսյանը:

Ղարաբաղյան խնդիրը, Սերժ Սարգսյանի խոսքով, հայ ժողովրդի գործն է, Արցախի ապագան որոշողն էլ Արցախի ժողովուրդն է։ «Մենք բոլորս՝ ինչպես այստեղ ներկաները, այնպես էլ այս դահլիճից դուրս գտնվողները, սարի պես կանգնած ենք Արցախի մեր քույրերի և եղբայրների թիկունքին: Ձեզնից շատերը հիշում են, թե 90-ական թվականների սկզբներին, երբ շաբաթը մեկ Ադրբեջանում պաշտպանության նախարար էր փոխվում, նրանցից յուրաքանչյուրն իր պարտականությունն էր համարում ելույթ ունենալ և ասել, որ մեկ շաբաթ հետո, մի քանի օր հետո ինքը Ստեփանակերտում թեյ է խմելու:

Բայց, ինչպես պատմությունը ցույց տվեց՝ ձեր և մեր ժողովրդի այլ հերոս զավակների ջանքերով այնպես ստացվեց, որ նրանք ոչ միայն Ստեփանակերտում թեյ չխմեցին, այլ զրկվեցին Աղդամում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում, Կուբաթլիում, Քարվաճառում և այլ վայրերում թեյ խմելուց: Մենք, անկեղծ եմ ասում, Ադրբեջանին տառապանք չենք ցանկանում, սակայն և ոչ մեկին թույլ չենք տա տենչալ մեր ժողովրդի տառապանքը»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, նա վստահեցրեց՝ հանրապետականները փորձելու են Սահմանադրությունը կյանքի կոչել։ Իշխող ուժի՝ օրերս հրապակված ընտրական ցուցակում, հիշեցնենք, ընդգրկվել են կուսակցության գրեթե բոլոր «հնաբնակները», այդ թվում անձինք, որոնց անունը շոշափվում է քրեական ու օֆշորային սկանդալների համատեքստում:

«Մենք այս ընտրություններին գնում ենք քաջածանոթ մարդկանցով, բայց իրականում նոր թիմով, և այդ թիմի ձայնը շատ բարձր է հնչելու։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գալիք ընտրություններին ներկայանալու է պինդ թիմով, գործիչներով, ովքեր ժողովրդի քվեն ստանալու դեպքում պատրաստ են լինելու Մոսկվայի, Բրյուսելի, Վաշինգտոնի ամբիոններից, աշխարհի առաջատար լրատվականների եթերներից, բոլոր հնարավոր և անհնար հարթակներից տեղ հասցնել Հայաստանի Հանրապետության ձայնը: Նրանք պատրաստ են լինելու ամենօրյա աշխատանքով Սահմանադրությունը կյանք դարձնել, իրենց հավատամքը ցանկացած բանավեճում առաջ են տանելու մտքի, հռետորության և կամքի ուժով միայն»,- իր ելույթում վստահեցրեց Սերժ Սարգսյանը:

Քաղաքական մյուս ուժերին նա թեև չանդրադարձավ, սակայն, բավական թափանցիկ մի ակնարկ արեց՝ ընտրողներին չեն խաբելու, էլեկտրաէներգիան ու գազն անվճար չեն դարձնելու։ Հոսանքի ու գազի սակագնի նվազեցման խոսումներ, ի դեպ, առկան են քաղաքականություն վերադարձած Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Ծառուկյան դաշինք»-ի, ինչպես նաև ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի նախընտրական ծրագրերում։

«Հանրապետականները մարդկանց չեն խաբելու, չեն ասելու, որ մի տարի հետո Հայաստանը դարձնելու են դրախտ, չեն խաբելու, չեն ասելու, որ եթե քվեն տաք իրենց, իրենք մեր ժողովրդին հոսանքն ու գազն անվճար են տալու, չեն ասելու, որ մենք երիտասարդներին բանակ չենք տանելու: Նրանք ասելու են այն, ինչ ի վիճակի են լինելու անել: Նրանք ասելու են, որ ամեն օր մեր երկիրն առաջ են տանելու:

Եվ իմ իսկ նախաձեռնությամբ, բայց, անշուշտ, իր համաձայնությամբ, մենք այդ թիմում ներառել ենք նաև մեր հարգարժան գեներալին՝ Մանվել Գրիգորյանին՝ նրա փորձն ու անձնական ունակությունները հաշվի առնելուց բացի, նաև որպես ակնառու խորհրդանիշ, որպեսզի վաղը, ովքեր էլ ընտրվեն Ազգային ժողովի պատգամավոր, իրենց յուրաքանչյուր նախաձեռնության, յուրաքանչյուր ելույթի ու քվեարկության ժամանակ, անգամ մի քանի բառանոց ռեպլիկի ժամանակ, տեսնեն գեներալի հայացքը, որ մարմնավորումն է ազատամարտի և պարտադրանքն է մեր ապագա հաղթանակների»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարում այսօր կազմակերպության նախագահ վերընտրվեց Մանվել Գրիգորյանը։ Գեներալ-լեյտենանտը, ում անունը ևս տեղ է գտել ՀՀԿ համապետական ցուցակում, իր ելույթում հայտարարեց, թե երկրապահներն ակտիվորեն ներգրավվելու են ընտրական գործընթացում և աջակցելու են նախագահ Սերժ Սարգսյանին։

«Հարգելի Սերժ Ազատի, մենք հավատում և վստահում ենք Ձեզ: Դուք մեր մարտական ընկերն եք: Մենք համոզված ենք, որ ջանք ու եռանդ չեք խնայում կառուցելու հզոր, զարգացած Հայաստան, որտեղ պաշտպանված կլինեն հայրենիքի սահմանները, և որտեղ բարեկեցիկ, խաղաղ կյանքով կապրի մեր ժողովուրդը: Դա է երկրապահներիս երազանքը: Մենք էլ աջակցում ենք Ձեր բոլոր նախաձեռնություններին»,- ասաց ԵԿՄ նախագահը:

Սերժ Սարգյանն, իր հերթին, շնորհակալություն հայտնեց երկրապահներին, ընդգծելով նրանց դերակատարությունը ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ «Ձեզնից շատերը, արդեն ճերմակած մազերով, գնացին կանգնելու մեր երիտասարդ առյուծների կողքին: Գնացին թեթևացնելու նրանց գործը։ Նրանց համար դուք արդեն «հոպարներ» էիք: Ազատամարտի տարիներին դա մեզնից ոչ մեկի մտքով չէր անցնում: Ես հիմա ձեզ կդիմեմ հենց այնպես, ինչպես ձեզ դիմում էին մեր երիտասարդ զինվորները: Հոպարնե՛ր, Թո՛ղ ոչ ոք չկասկածի, որ մենք անմնացորդ նվիրված ենք մեր հայրենիքի պաշտպանությանը, որ մենք ցանկացած պահի պատրաստ ենք լինելու առաջնագծում, պատրաստ ենք լինելու խրամատում մեր երիտասարդների, մեր կանոնավոր բանակի հետ միասին պաշտպանելու մեր հայրենիքը»,- իր ելույթում ասաց Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG