Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկվել են կուսակցության գրեթե բոլոր «հնաբնակները»


Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ՀՀԿ ներկայացուցիչների հետ, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ՀՀԿ ներկայացուցիչների հետ, արխիվ

Ի տարբերություն իշխող Հանրապետականի համապետական ցուցակի առաջին հինգ անունների՝ ավելի ստորին հորիզոնականներում, այսպես կոչված, «անակնկալ թեկնածուներ» չկան: 14 տարվա ընթացքում այս խորհրդարանական ընտրություններն առաջինն են, որոնց ընդառաջ, նախագահ Սերժ Սարգսյանը չի ընդգրկվել իշխող ուժի ցուցակում:

ՀՀԿ-ի՝ այսօր հրապարակած ցուցակից պարզ է դառնում, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, նրա տեղակալ Հերմինե Նաղդալյանը, գեներալ Մանվել Գրիգորյանը, Գեներալ Սեյրան Սարոյանը, Սամվել Ալեքսանյանը, Առաքել Մովսիսյանն ու իշխող Հանրապետականի մնացյալ հնաբնակները ևս ընդգրկված են ՀՀԿ համապետական 197 հոգանոց ցուցակում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած վերջնաժամկետից շուրջ մեկ ժամ առաջ ներկայացնելով իրենց ցուցակը՝ Հանրապետականի ներկայացուցիչները դեռ չէին պարզաբանում իշխող ուժի պատգամավորության թեկնածուների ամբողջական կազմը՝ միայն նշելով, որ առաջին տասնյակում նախօրեին հայտարարված անունները չեն փոխվել: ԱԺ նախագահի օգնական Սեյրան Յուզբաշյանը, ի պատասխան լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ցուցակի առաջին տասնյակն արդեն ծիծաղի առարկա է դարձել, ասաց՝ «Ովքեր ծիծաղում են, նրանց հարցրեք, ես մտահոգված չեմ»:

14 տարվա ընթացքում այս խորհրդարանական ընտրություններն առաջինն են, որոնց ընդառաջ, նախագահ Սերժ Սարգսյանը չի ընդգրկվել Հանրապետականի ցուցակում: Այս անգամ, վեցերորդ գումարման խորհրդարանական ընտրություններին գնացող իշխող ուժի ցուցակը գլխավորում է վեց տարի նախագահի աշխատակազմը ղեկավարած, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով ընդամենը երեք ամիս է, ինչ համալրել է ՀՀԿ-ի շարքերը: Երկրորդ տեղում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, նա միակն է Հանրապետականի ցուցակի առաջատարներից, ով նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ևս առաջնորդող հնգյակում էր: Երրորդ տեղում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է: Ամենահնաբնակը չորրորդ հորիզոնականում գտնվող Արա Բաբլոյանն է: Հնգյակը եզրափակում է մեկ ամիս առաջ Հանրապետականի շարքերը համալրած, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

ՀՀԿ ցուցակի 6-րդ տեղում կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն է, նրան հաջորդում են Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանն ու Կարեն Ավագյանը: Ի պաշտոնե երկրի երկրորդ դեմքը հանդիսացող Գալուստ Սահակյանը 11-րդ տեղում է: Երկրորդ անգամ իշխող ուժի ցուցակով պատգամավորության է հավակնում նաև երգչուհի Շուշան Պետրոսյանը՝ հանգրվանելով ցուցակի 16-րդ հորիզոնականում: «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը հերթական անգամ Հանրապետականի ցուցակում է, իսկ ՀՀԿ-ի երկրորդ տասնյակը եզրափակում են Խոսրով Հարությունյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանի օգնական Շուշան Սարդարյանը:

Բացի նախագահ Սարգսյանից, ինչպես նաև վերջերս Հանրապետականի շարքերը համալրած վարչապետ Կարեն Կարապետյանից՝ ՀՀԿ ցուցակում չեն նաև նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցության ցուցակի երրորդ տեղում հանգրվանած՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու ներկայումս պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Ցուցակում չէ նաև նաև նախկին վարչապետ, 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ ցուցակի երկրորդ տեղը զբաղեցրած Հովիկ Աբրահամյանը, ով վերջերս հայտարարել էր իշխող ուժը լքելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG