Մատչելիության հղումներ

Հայամետ կոնգրեսականները Թրամփին հորդորում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը


ԱՄՆ Կոնգրեսի շենքը՝ Կապիտոլիումը, արխիվ

ԱՄՆ Կոնգրեսի շենքը՝ Կապիտոլիումը, արխիվ

Ապրիլի 24-ին ընդառաջ՝ կոնգրեսականները դիմել են նաև իրենց գործընկերներին՝ հորդորելով միանալ նախաձեռնությանն ու կոչ անել Սպիտակ տան ղեկավարին՝ այս տարի շիտակ և ճշգրիտ կերպով կոչել 1915 թվականի իրադարձությունները:

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնախումբը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հորդորում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և մերժել Թուրքիայի լռեցման քաղաքականությունը:

«Որևէ կասկած չկա, որ մոտ մեկուկես միլիոն հայ է սպանվել 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ: Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպանը՝ Հենրի Մորգենթաուն, արձանագրել է այդ ցեղասպանությունն ու զգալի միջոցներ հանգանակել՝ տուժած հայերին օգնելու համար»,- հայտարարել են դեմոկրատներ Ֆրենկ Փալոնը, Ջեքի Սփայերը, Ադամ Շիֆը և հանրապետականներ Դեյվիդ Թրոթը, Դեյվիդ Վալադոն և Գուս Բիրիլակիսը: Ապրիլի 24-ին ընդառաջ՝ հայամետ կոնգրեսականները դիմել են նաև իրենց գործընկերներին՝ հորդորելով միանալ նախաձեռնությանն ու կոչ անել Սպիտակ տան ղեկավարին՝ այս տարի շիտակ և ճշգրիտ կերպով կոչել 1915 թվականի իրադարձությունները:

«Ցեղասպանությունը ճանաչելով՝ Միացյալ Նահանգների նախագահը հարգանքի տուրք կմատուցի ոչ միայն զոհերի հիշատակին, այլև վերապրողների հաստատակամությանն ու հայկական արմատներ ունեցող բազմաթիվ ամերիկացիներին, որոնք մինչ օրս հզորացնում են մեր երկիրը»,- գրել են ամերիկացի կոնգրեսականները: Նախագահ Թրամփին ուղղված նամակում նրանք նաև նշել են՝ ճանաչումը կհաստատի ամերիկյան վարչակազմի, այդ թվում՝ կառավարության ու օրենսդիր մարմնի կողմից նախկինում արված քայլերը: «Նախագահ Ռեյգանը 1981 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, նույնն է արել նաև Էյզենհաուերի վարչակազմը 1951 թվականին՝ Արդարադատության միջազգային դատարան ներակայացրած փաստաթղթով:

Ներկայացուցիչների տունը ևս ոգեկոչել է Հայոց ցեղասպանությունը 1975 և 1984 թվականներին ընդունված բանաձևերով»,- հիշեցրել են հայամետ կոնգրեսականները, հավելելով՝ «Օսմանյան կայսրության զանգվածային ջարդերից հայերին, ասորիներին, հույներին ու հետապնդման ենթարակված մյուս փոքրամասնություններին օգնելու համար Վաշինգտոնը պատմական մակադակի օգնություն է տրամադրել, Կոնգրեսի հովանավորությամբ գործող մերձավորարևելյան կոմիտեն այն տարիներին 116 միլիոն դոլար է հանգանակել, որը հավասարազոր է այսօրվա երկուսուկես միլիարդին: «Ամերիկյան ժողովրդի առատաձեռնությունը փրկեց անհամար կյանքեր և օգնեց հայկական մշակույթի պահպանմանը»,- նախագահ Թրամփին ուղղված նամակում ընդգծել են հայամետ կոնգրեսականները:

Ավելի վաղ նրանք Հայոց ցեղաասպանության ճանաչման հարցով դիմել էին Միացյալ Նահանգների նոր պետքարտուղարին՝ պարզելու համար նոր վարչակազմի դիրքորոշումը ամերկահայերի համար զգայուն այս հարցերի շուրջ: «1915 թվականի ողբերգական վայրագությունները մնում են ցավոտ խնդիր Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում, և Միացյալ Նահանգների շահերից է բխում երկու երկրների միջև խաղաղ ու կայուն հարաբերությունների ապահովումը»,- ասել էր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ խոստանալով աջակցել պատմական դեպքերի լիակատար ընդունմանն ու Հայաստանի և Թուրքիայի միջև բաց երկխոսությանը:

Պետդեպարտամենրի նոր ղեկավարը նաև խոստացել էր աջակցել Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև՝ ուշադրության կենտրոնում պահել Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների, այդ թվում` հայերի իրավունքների, մշակութային ժառանգության պահպանության հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG