Մատչելիության հղումներ

ԱՄՆ Պետքարտուղարի թեկնածուն խոստանում է աջակցել հայ-թուրքական երկխոսությանը


Ռեքս Թիլերսոն, արխիվ

Ռեքս Թիլերսոն, արխիվ

Հայոց ցեղասպանության ու հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ դիրքորոշում է հայտնել նաև նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մեկ այլ ներկայացուցիչ՝ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիկկի Հեյլին:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնը խոստանում է աջակցել հայ-թուրքական երկխոսությանն ու պատմական փաստերի լիակատար ընդունմանը: Նախօրեին հաստատվելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ Թիլերսոնը պատասխանել է նաև Հայոց ցեղասպանության ու հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ՝ սենատոր Ռոբերտ Մենենդեզի հարցին, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:

«1915 թվականի ողբերգական վայրագությունները մնում են ցավոտ խնդիր Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում, և Միացյալ Նահանգների շահերից է բխում երկու երկրների միջև խաղաղ ու կայուն հարաբերությունների ապահովումը: Եթե ես հաստատվեմ պետքարտուղարի պաշտոնում, կաջակցեմ պատմական դեպքերի լիակատար ընդունմանն ու բաց երկխոսությանը Հայաստանի ու Թուրքիայի միջև՝ հանուն տարածաշրջանի կայունության»,- պատասխանելով սենատարի հարցին, ասել է նավթային հսկա «Էքսոն մոբիլ»-ի ղեկավար Ռեքս Թիլերսոնը: Ակնկալվում է, որ արդեն հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի Սենատը լիագումար նիստում կհաստատի նրա թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում:

Հայոց ցեղասպանության ու հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ դիրքորոշում է հայտնել նաև նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մեկ այլ ներկայացուցիչ՝ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիկկի Հեյլին: Հայամետ սենատոր Ռոբերտ Մենենդեզը հետաքրքրվել է դեսպանից՝ «Արդյո՞ք նա աջակցելու է ՄԱԿ-ի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Եվ եթե ոչ՝ չի՞ կարծում արդյոք, որ դա ստվերում է Ամերիկայի դավանած արժեքներն ու նպաստում նման հանցագործությունների կրկնությանը»: Ի պատասխան, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպանը հայտարարել է՝ «Ես երբեք չեմ խուսանավի՝ իրենց անունով կոչել այն երկրները, որոնց քայլերը կհակասեն Միացյալ Նահանգների արժեքներին, կոտնահարեն մարդու իրավունքներն ու միջազգային նորմերը»:

Ի դեպ, Միացյալ Նահանգների պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնն անդրադարձել է նաև Թուրքիայի իշխանությունների կողմից մարդու իրավունքների շարունակական ոտնահարումներին ՝ընդգծելով, որ իրեն շատ մտահոգում են Էրդողանի կառավարության կողմից ձեռնարկված բազմաթիվ քայլեր: Թիլերսոնը խոստացել է պետքարտուղարի պաշտոնում հաստատվելու դեպքում աշխատել պաշտոնական Անկարայի հետ՝ կրոնական փոքրամանությունների իրավունքները երաշխավորելու, նրանց մշակութային ժառանգության հանդեպ հարգանքը խթանելու ուղղությամբ:

«Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է սենատոր Մենենդեզի տևական հանձնառությունը և առաջնորդությունը հայկական հարցերում»,- հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրեն Բրայան Արդունին՝ հավելելով՝ «Մենք անհամբերությամբ ենք սպասում նոր վարչակազմի ու Կոնգրեսի հետ աշխատանքին՝ էլ ավելի ամրապնդելու Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև հարատև կապերը, ինչպես նաև՝ ընդարձակելու տնտեսական հնարավորությունները Հայաստանի համար»:

XS
SM
MD
LG