Մատչելիության հղումներ

Փոստանջյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է իր մեջ ուժ գտնի և ցուցաբերի իմաստություն»


Եթե «Ժառանգություն»-ը որոշի խորհրդարանական ընտրություններին մասնակցել դաշինքով, ապա կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանի անունը չի լինի ցուցակներում։ Հայտարարելով այդ մասին «Ազատություն» հետ զրույցում՝ ընդդիմադիր պատգամավորը պնդեց, որ «Ժառանգություն»-ը «ընտրություններին պետք է մասնակցի իր [«Ժառանգության»] անվան տակ»։

«Ազատություն». - Տիկին Փոստանջյան, Դուք կարծես թե փոքրամասնություն եք կուսակցության ղեկավար մարմնում, ճի՞շտ եմ։

Փոստանջյան. - Այո, կարող ենք այս պահին այդպես ասել, որ ես փոքրամասնություն եմ, բայց երբ ղեկավար մարմինը դեռ չունի որոշում, ես կարծում եմ, որ ես պետք է մինչև վերջ պայքարեմ, որպեսզի իմ կարծիքը դառնա գերակայող։

«Ազատություն». - Եթե ո՞չ...

Փոստանջյան. - Եթե ոչ՝ կսպասեմ մինչև նրանք կգնան և կձախողեն, վերջիվերջո պատասխան պետք է տրամադրվի նաև ձախողման համար։

«Ազատություն». - Թե՛ «Ելք»-ի, թե՛ Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան դաշինքին միանալու դեպքում Դուք բացառո՞ւմ եք, որ կլինեք ցուցակում։

Փոստանջյան. - Այո՛, ես բացառում եմ։

«Ազատություն». - Երկու դեպքում էլ բացառո՞ւմ եք, որ կլինեք չորրորդ համարը...

Փոստանջյան. - Ես երկու դեպքում էլ բացառում եմ, որովհետև «Ժառանգություն»-ը պետք է մասնակցի իր անվան տակ։

«Ազատություն». - Այլ ուժի ցուցակում ընդգրկվելու առաջարկներ ստացե՞լ եք։

Փոստանջյան. - Թույլ տվեք ուղղակի ասեմ, որ ես բոլորին եմ հայտնել իմ կարծիքը՝ հրապարակավ, որ ես կարող եմ աշխատել, գործել, պայքար տանել միայն և միայն այս պահին «Ժառանգության» ներքո։

«Ազատություն». - Կամ «Ժառանգություն»-ը միայնակ գնում է ընտրություններին և Դուք կուսակցության ցուցակում եք, հակառակ դեպքում չեք առաջադրվի։

Փոստանջյան. - Այո՛, չեմ առաջադրվելու։

«Ազատություն». - Ձեր որոշումը սա է։ Նեղացա՞ծ եք կուսակցությունից։

Փոստանջյան. - Իհարկե ոչ։ Իրոք երևի թե այսպես էլ պետք է հանգուցալուծվեր այս ամենը։

«Ազատություն». - Հնարավո՞ր է, որ Դուք դուրս գաք կուսակցությունից։

Փոստանջյան. - Այս պահին ես կարծում եմ, որ ոչ, որովհետև ես ցանկանում եմ ճանապարհ դնել բոլոր նրանց, ովքեր որ սխալվել են, ովքեր որ շեղվել են «Ժառանգության» թե՛ ծրագրից, թե՛ գաղափարախոսությունից։

«Ազատություն». - Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ունեցե՞լ եք առանձնազրույց այս թեմայով։

Փոստանջյան. - Այո, ունեցել եմ։

«Ազատություն». - Ի՞նչ մանրամասներ կարող եք փոխանցել, եթե հնարավոր է։

Փոստանջյան. - Չեմ կարող ասել որևիցե մանրամասներ, ես կարծում եմ, որ պետք է պարոն Հովհաննիսյանն իր մեջ նույնպես ուժ գտնի և ցուցաբերի իմաստություն և լուծում տրամադրի այս բոլոր հարցերին։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել՝ հենց իրենից է կախված առաջին հերթին, որովհետև շատերը կուսակցությունում նաև հենց խորհրդի նիստի ժամանակ իրենց կարծիքը պայմանավորում էին հենց իր կարծիքով և հայտնեցին այդ մասին՝ «մենք ցանկանում ենք իմանալ՝ Ձեր կարծիքն ինչպիսի՞ն է, պարոն Հովհաննիսյան, որպեսզի նաև մենք կարողանանք ճիշտ կողմնորոշվել», հետևաբար իրենից է կախված՝ ինքը եթե կընտրի որևիցե դաշինք, ապա կարող ենք ասել, որ դա իր ընտրությունն է, և մեր որոշ անդամներ միգուցե հետևեն իրեն, բայց ես, եթե ինքը ընտրելու է դաշինք, ես իրեն չեմ հետևելու։

«Ազատություն». - Բայց ինքը, կարծեք թե, դեռ հակված է այդ տարբերակին, ես ճիշտ ե՞մ։

Փոստանջյան. - Կարծում եմ՝ այո։

«Ազատություն». - Իսկ ինքը մտահոգություն հայտնե՞լ է, տիկին Փոստանջյան, որ, փաստորեն, կարող է իր ամենամերձավոր դաշնակցին, պայմանական ասեմ՝ կորցնել։

Փոստանջյան. - Չեմ կարծում, որ ինքը, այսպես ասեմ, կորուստի մասին մտահոգ է, ինքն այդպես չի կարծում և երևի թե ինքը մտածում է, որ կապ չունի՝ ինքն ում կկորցնի, ում չի կորցնի, կարևորը իր նախատեսած ծրագրի իրականացումն է։

«Ազատություն». - Դուք սա կհամարե՞ք Ձեր պարտությունը, եթե այնուամենայնիվ կուսակցությունը որոշի դաշինքով գնալ։

Փոստանջյան. - Իհարկե ոչ, դու պետք է ձգտես անհնարինին, որ հնարավոր լինի հասնել ամենանվազագույն հնարավորինին։ Իրենք են հեռանում «Ժառանգություն»-ից՝ բարի ճանապարհ իրենց։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG