Մատչելիության հղումներ

Ավելի քան մեկ տարի կալանավայրում գտնվող Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբանն ահազանգում է՝ 69-ամյա կալանավորի առողջական վիճակն անցած ամսվա ընթացքում ավելի է վատացել, բայց իրավապահները հրաժարվում են նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել։

Ավելին՝ Հայկ Ալումյանի խոսքով, «Երևան կենտրոն» քրեակատարողկան հիմնարկի ղեկավարությունը միջնորդություն է ներկայացրել քրեակատարողական հիմնարկների վարչություն Շիրխանյանին Արմավիրի բանտ տեղափոխելու վերաբերյալ․ - «Մեր գնահատմամբ, սա արվում է այդ մարդուն լրացուցիչ ցավ պատճառելու, ֆիզիկական ցավ պատճառելու համար: Միգուցե ինչ-որ մարդկանց հանգիստ չի տալիս այն միտքը, որ պարոն Շիրխանյանը դիմել է Եվրոպական դատարան, և շուտով այնտեղից Հայաստանին սպասվում են բավականին լուրջ հետևանքներ»:

2015-ի նոյեմբերին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստերը արդեն երրորդ անգամ հետաձգվում են Շիրխանյանի բացակայության պատճառով։ Ալումյանի կարծիքով, Արմավիր տեղափոխելով, իր պաշտպանյալին փորձում են մեկուսացնել նիստերից․ - «Համ ամեն ինչ անում են, որպեսզի ինքը չմասնակցի, բայց էնպես են կազմակերպում, որ հետո սլաքը ուղղեն մեր դեմ, ասեն՝ տեսեք, չի գալիս դատական նիստի: Ամեն ինչ անում են, որպեսզի պարոն Շիրխանյանը արտաքին աշխարհի հետ չշփվի»:

Ալումյանը չբացառեց, որ դա կապված է մտավախության հետ, թե Շիրխանյանը կարող է ինչ-որ հայտարարություններ անել:

«Ազատության» հետ զրույցում փաստաբանն ասաց նաև, որ օրեր առաջ է տեսակցել պաշտպանյալին:

Վահան Շիրխանյանը արյան հետազոտություն պետք է անցներ, բայց անգամ Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ գտնվող կլինիկա չի կարողացել հասնել։

«Նման վիճակում ինչպե՞ս կարող է տեղափոխվել Արմավիր», - տարակուսում է Ալումյանը՝ շարունակելով․ - «Չկարողացավ այդ երկու հարյուր մետրը ավտոմեքենայով գնալ»:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության խոսնակ Գոռ Ղլեչյանն, մինչդեռ, «Ազատությանը» փոխանցեց, որ Շիրխանյանի վիճակը կայուն բավարար է․ - «Իր բժշկական օգնությունը համապատասխան տրամադրվում է»:

Ղլեչյանը հավելեց, որ Շիրխանյանին Արմավիրի բանտ տեղափոխելու միջնորդություն չեն դեռևս ստացել:

Հանցավոր համագործակցությանը մասնակցելու և դրա օգտին գործելու մեջ մեղադրվող Շիրխանյանը մեղքը չի ընդունում։

Ըստ նրա փաստաբանի, նախկին փոխնախարարի մոտ պաշտոնապես 9 հիվանդություն է հայտնաբերվել՝ ընդ որում, դրանցից մեկը առնչվում է անոթներին և, ըստ պաշտպանի, անհամատեղելի է բանտային պայմանների հետ։

Ալումյան ահազանգում է, որ Շիրխանյանը դժվարությամբ է քայլում՝ անցած պգոստոսիւց մինչև հիմա նա չի կարողանում անգալ լոգանք ընդունել։

«Հիմա եթե իրենց հարցնեք, իրենք ձեզ հատորներով թղթեր ցույց կտան, թե ինչքան լավ է պարոն Շիրխանյանի վիճակը, ինչքան լավ են իրեն այնտեղ հետևում, ինչքան լավ բուժումներ են իրեն նշանակում ու իրականացնում: Բայց եթե մենք նայում ենք պարոն Շիրխանյանին ու իր առողջական վիճակի դինամիկան, ամեն ինչ տրամագծորեն հակառակ ուղղությամբ է գնում»:

Եվրոպական դատարանը դեռ մեկ ամիս առաջ վարույթ է ընդունել Շիրխանյանի բողոքն ու որոշում կայացրել արագացված ընթացակարգով քննել այն։ Ալումյանը կարծում է, որ առաջիկայում կարող է Հայաստանի դեմ որոշում կայացվել։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պնդում է, որ Պաշտպանության նախկին փոխնախարարը ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Ըստ նրա, դրա ապացույցներից էր այն, որ վերջերս Ստրասբուրգից Հայաստան ժամանած ռուս փաստաբան Կարինա Մոսկալենկոյին, ով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում էր Վահան Շիրխանյանի շահերը, թույլ չտվեցին հանդիպել նախկին փոխնախարարին:

«Սա ևս մեկ անգամ վկայում է, որ այս գործը քաղաքական ենթատեքստ ունի, և ինչ-որ մեկին պետք է, որ Վահան Շիրխանյանը գտնվի խոշտանգման պրոցեսում: Ամբողջ այս ընթացքը և այդ արգելքը պաշտպանի հետ հանդիպման միայն սրա մասին են վկայում: Սա քաղաքական ենթատեքստով մյուս գործերից շատ տարբերվում է, առանձնահատուկ է: Եվ անմարդկային վերաբերմունքը Վահան Շիրխանյանի նկատմամբ ակնհայտ է»:

Իրավապաշտպանի կարծիքով, Պաշտպանության նախկին փոխնախարարի հանդեպ վատ են վարվում, քանի որ նա մեղքը չի ընդունում։

XS
SM
MD
LG