Մատչելիության հղումներ

Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավարությունը հետաձգվեց արդեն 4-րդ անգամ: Դատավոր Արմեն Բեկթաշյանն ասաց՝ «Երևան» ՔԿՀ-ից տեղեկացրել են՝ թեպետ Վահան Շիրխանյանն ի վիճակի է իր ոտքով գալ դատարան, այդուհանդերձ նա կրկին հրաժարվել է դուրս գալ խցից ու սալյակ է պահանջել:

ՊՆ նախկին փոխնախարարի փաստաբան Հայկ Ալումյանն էլ կրկնեց՝ նա չի կարող առանց սայլակի տեղաշարժվել: Փաստաբանը դատարանի դահլիճում կարդաց Շիրխանյանի հայտարարությունը․ - «Չորրոդ անգամ հայտնում եմ, որ մեկուսարանում ձեռք բերված բազմաթիվ հիվանդությունների բուժման համար 17 տեսակի 4 հազարից ավել տարբեր հաբեր խմելուց հետո զրկվել եմ տեղաշարժվելու, ուղիղ նստելու կարողությունից, ստացել եմ թոքերի ինֆարկտ: Ուզում եմ մասնակցել դատական նիստին, քանզի անխուսափելիորեն պարզվելու է, որ ինձ ներկայացված մեղադրանքները շինծու են ու պատվերով, սակայն ՔԿՀ-ն մերժում է ինձ պատգարակով, սայլակով տեղափոխել՝ միտումնավոր ձախողելով նիստերին ներկայանալս»:

Մեղադրող դատախազը դատարանից պահանջեց սանկցիա կիրառել Շիրխանյանի նկատմամբ՝ ընդգծելով՝ նա չարամտորեն խուսափում է ներկայանալ նիստին՝ անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատարանի նկատմամբ: Ալումյանը պնդեց՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորում ոչ թե իր վստահորդը, այլ քրեակատարողական հիմնարկը: Փաստաբանը բացատրեց՝ որպեսզի դատարանը համոզվի, որ Շիրխանյանն ի վիճակի չէ առանց պատգարակի կամ սալյակի մասնակցել նիստին՝ ինքը միջնորդել էր ՔԿՀ-ից պահանջել Շիրխանյանի բժշկական փաստաթղթերն ու հատկապես ամբուլատոր քարտը: Սակայն ՔԿՀ-ից դատարան էին ուղարկել Նորք-Մարաշի զինված խմբի գործով մեղադրվող Շիրխանյանի ամբուլատոր քարտի քաղվածքը, հիմնավորելով, որ այն 179 էջ է ու սեղմ ժամկետներում հնարավոր չէ պահանջը կատարել: Կից ուղարկված էր նաև 33 լուսապատճեն:

«Սա սանձարձակություն է ուղղակի․ բանտապետը դատարանի փոխարեն որոշում է, թե ինչը պիտի դատարանը հետազոտի, ինչը չէ», - մեկնաբանեց Ալումյանը:

Երբ դատավորը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է 2 շաբաթով, մեղադրյալներից մեկի փաստաբան Հովիկ Արսենյանը վրդովվեց․ - «Բոլորը խոսեցին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին․ Ձեր կողմից բոլորիս նկատմամբ է անհարգալից վերաբերմունք: Ըստ էության, գտնում եք, որ մարդը առողջ է: Եթե առողջ է՝ բերման որոշում կայացրեք, թող բերեն: Ըստ էության՝ մարդը չի հրաժարվում: Դուք պարտավոր եք, չէ՞ ապահովել: Դե Ձեր վրա է, թող բերեն»:

Մեկ տարի առաջ Նորք-Մարաշում Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված զինված խմբի գործով գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանն էլ նիստերի դահլիճից հեռանալիս բղավեց՝ պատրաստվում է հայտարարություն տարածել: - «Պարզ ձևով կնշեմ ճշմարտությունը: Այս ամեն ինչը միայն վախի մթնոլորտ ստեղծելու համար է, որ հասկանաք, որ բոլորին են դատում Հայաստանում», - հայտարարեց նա:

Մեկ տարի առաջ Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորման գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել 33 անձի, նրանցից 20-ն այսօր ամբաստանյալի կարգավիճակում են, կալանքի տակ են 12-ը, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավ:

Ըստ ԱԱԾ-ի, Արթուր Վարդանյանի ստեղծած հանցավոր խումբը նպատակ է ունեցել բռնություն գործադրելու սպառնալիքով Հայաստանում իշխանությունը յուրացնել:

XS
SM
MD
LG