Մատչելիության հղումներ

«Ծառուկյան դաշինք»-ի հուշագրի ստորագրման ժամկետի հարցում անորոշություն է


Գագիկ Ծառուկյան, արխիվ
Գագիկ Ծառուկյան, արխիվ

«Ծառուկյան դաշինք»-ի ստեղծման հուշագրի ստորագրումը հավանաբար տեղի կունենա հաջորդ շաբաթ: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց դաշինքին անդամակցող ուժերից «Միասնություն» շարժման ղեկավար, քարոզչական հարցերով պատասխանատու Արման Վարդանյանը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, մինչդեռ, ընդգծում է՝ ժամկետի հարցում վերջնական որոշում դեռ չկա։

Արման Վարդանյան՝ «Դեռ վերջնական չի, բայց մենք որոշել ենք, որ ամենայն հավանականությամբ, հուշագիրը կստորագրվի երեքշաբթի։ Զուտ տեխնիկական հարցեր են»: Նաիրա Զոհրաբյան՝ «Քանի դեռ քննարկումների փուլ է, քանի դեռ անգամ տեխնիկական որոշ հարցեր կան, դեռևս չհամաձայնեցված, ինձանից դուք չեք լսի որևէ քաղաքական ուժի կամ անհատ գործչի անուն, ոչ էլ՝ թե որ օրն է ստորագրվելու»:

Վարդանյանի խոսքով, կուսակցությունների հետ դեռ խորհրդատվական հանդիպումներ են տեղի ունենում։ «Միասնություն» շարժման ղեկավարն «Ազատությանը» նախօրեին հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանի անունը կրող դաշինքին պատրաստվում են միանալ Ռամկավար ազատական, ՍԴՀԿ, «Հայոց համազգային շարժում» կուսակցությունները և «Միասնություն» համազգային շարժումը։

Ալեքսանդր Արզումանյան․ «Ոչ գաղափարական դաշինքներին միանալը նպատակահարմար չեմ համարում»

Ալեքսանդր Արզումանյան, արխիվ
Ալեքսանդր Արզումանյան, արխիվ

«Հայոց համազգային շարժման» վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանի խոսքով, «Ծառուկյան դաշինք»-ին միանալու հարցն իրենք դեռ քննարկում են, և որոշում կկայացվի մեկ-երկու օրվա ընթացքում։ «Ազատության» հետ զրույցում ՀՀՇ վարչության անդամն, այդուհանդերձ, ընգծում է՝ ընտրություններին պետք է մասնակցել գաղափարական դաշինքներով։ Ինքը՝ Արզումանյանը, խորհրդարանական ընտրություններին մասնակցել չի ցանկանում։

«Կարծում եմ, որ մենք, որպես կուսակցություն, չպետք է որևէ դաշինքի միանանք։ Եթե կան անհատներ ՀՀՇ-ում, որոնք նպատակահարմար են գտնում՝ կարող են այդպիսի որոշում կայացնել։ «Հայոց համազգային շարժումն» ազատական կուսակցություն է, ունի իր տեսլականը Հայաստանի ապագայի վերաբերյալ, ունի իր մոտեցումները և ընտրություններին պետք է մասնակցի գաղափարական դաշինքների կազմում, գաղափարակից ուժերի հետ։ Դա է պատճառը, որ ոչ գաղափարական դաշինքներին, ես անձամբ համարում եմ, որ միանալը նպատակահարմար չէ»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG