Մատչելիության հղումներ

«Ծառուկյան դաշինք»-ը չի բացառում համագործակցությունը Սեյրան Օհանյանի հետ


«Ծառուկյան դաշինք»-ի քարոզչական հարցերով պատասխանատու Արման Վարդանյան, 3-ը փետրվարի, 2017թ.

«Ծառուկյան դաշինք»-ի քարոզչական հարցերով պատասխանատու Արման Վարդանյան, 3-ը փետրվարի, 2017թ.

Կիրակի օրը հինգ ուժեր համագործակցության հուշագիր կստորագրեն։

«Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ), Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ), Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ), «Հայոց համազգային շարժում»-ը (ՀՀՇ) և «Միասնություն» համազգային շարժումն այս կիրակի կստորագրեն «Ծառուկյան դաշինք»-ի ստեղծման հուշագիր։

Այս ուժերը միավորող դաշինքը կղեկավարի ԲՀԿ նախկին առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը: «Ազատության» հետ զրույցում, դաշինքին անդամակցող «Միասնություն» շարժման ղեկավար և քարոզչական հարցերով պատասխանատու Արման Վարդանյանը շեշտեց, թե դաշինքը կրում է Գագիկ Ծառուկյանի անունը, քանի որ սոցհարցումների համաձայն մարդիկ իրենց ապագան հենց Ծառուկյանի հետ են կապում։

Վարդանյան. - Ղեկավարելու է Գագիկ Ծառուկյանը, և առանցքը հենց ինքն է լինելու։ Սակայն, կարող ենք ասել, որ սա ոչ թե անձնային դաշինք է, այլ՝ գաղափարական։ Այստեղ խնդիրը հետևյալն է՝ շատերը հարցնում են, թե ինչո՞ւ հենց «Ծառուկյան դաշինք». ինքը՝ Գագիկ Ծառուկյանն այդքան էլ կողմ չէր այդ անվանը, սակայն հենց քարոզչական խումբն իր առջև խնդիր էր դրել անել այնպես, որպեսզի յուրաքանչյուր մարդ, այդ թվում՝ ամենահեռավոր գյուղերում ապրող մարդիկ հասկանան, որ այս դաշինքը, այս միավորումը հենց միավորումն է, որը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը։

«Ազատություն». - Պարոն Վարդանյան, իսկ գաղափարական միավորումն ինչի՞ շուրջ է, որովհետև, երբ որ նայում ենք, լրիվ հակադիր ուժեր են՝ ՍԴՀԿ, ՀՀՇ, ԲՀԿ, այսինքն՝ ի՞նչն է միավորել բոլորին, Ծառուկյա՞նն է միավորողը և ոչ թե կուսակցական գաղափարախոսությունը։

Վարդանյան. - Այդ բոլոր ուժերը, որ հավաքվել են դաշինքի մեջ հավատում են, որ Ծառուկյանի առաջնորդությամբ մենք բոլորս կարող ենք այդ ծրագրերն իրականացնել։ Այսինքն՝ ստեղ ամենակարևորը հավատն է, այդ մարդու նկատմամբ։

Արման Վարդանյանի փոխանցմամբ, դաշինքի պլատֆորմը ստեղծելուց հետո, այլ քաղաքական ուժեր ու անհատներ նույնպես կարող են միանալ այս ուժին, այդ թվում՝ չի բացառվում համագործակցությունը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։

«Ազատություն». - Սեյրան Օհանյանը նույնպե՞ս ցանկություն է հայտնել միանալ դաշինքին։

Վարդանյան. - Սեյրան Օհանյանի հետ եղել են խորհրդատվական հանդիպումներ, որտեղ շատ ընդհանուր եզրույթներ են եղել, սակայն խնդիրն այստեղ համագործակցության փուլի որոշումն է, այսինքն՝ բոլորը կիսում են մի տեսակետ, որ պետք է համախմբվել և պետք է միասնական ձևով երկրում կատարել դրական փոփոխություններ, ո՞ր փուլում դա կլինի, դա արդեն տեխնիկական հարց է։

«Ազատություն». - Այսինքն՝ Դուք չե՞ք բացառում, որ ինչ-որ մի փուլում հնարավոր է Սեյրան Օհանյան - Գագիկ Ծառուկյան միավորումը տեղի ունենա։

Վարդանյան. - Միավորումը թե՛ մեկ դաշինքում, թե՛ ընտրություններից հետո որոշակի ընդհանուր եզրեր գտնելու...

«Ազատություն». - Կոալիցիոն կառավարության ձևավորման...

Վարդանյան. - Որևիցե բան մենք չենք բացառում, իհարկե։

«Ազատություն». - Հովիկ Աբրահամյանին կարո՞ղ ենք տեսնել «Ծառուկյան դաշինք»-ում։

Վարդանյան. - Ճիշտն ասած, մենք դրա մասին մամուլից ենք իմացել, որ հնարավոր է նման բան։ Որևիցե նման խոսակցություն, որևիցե նման մերժում կամ ընդունում դաշինքի շրջանակներում չի եղել։ Այսինքն՝ կան հարաբերություններ, բոլորին հայտնի հարաբերություններ, որի շրջանակներում կա մշտական շփում, և դա անկախ քաղաքական իրավիճակից։

«Ազատություն». - Այսինքն՝ Դուք բացառո՞ւմ եք, որ հետագայում, երբ որ ստեղծվի Ծառուկյան դաշինքը, ինչ-որ մի փուլից կարող է Հովիկ Աբրահամյանը միանալ, կամ նրա անունն ընդգրկվի ձեր համամասնական կամ ռեյտինգային ցուցակում։

Վարդանյան. - Ես չեմ կարող բացառել, կամ չբացառել մի բան, որ մասին այս պահին որևիցե ինֆորմացիա չկա և չկա նման որևիցե մի գործընթաց։

Հարցին, թե արդյո՞ք «Ծառուկյան դաշինք»-ում կլինի Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, դաշինքի քարոզչական պատասխանատուի փոխանցմամբ, այս պահի դրությամբ նման բան դեռ չի նշմարվում, հստակ չէ նաև գործարար Խաչատուր Սուքիասյանի մասնակցության հարցը:

Ինչ վերաբերում է այն խնդրին, որ «Ծառուկյան դաշինք»-ն իր շուրջն է համախմբում նաև այնպիսի անձանց, ովքեր ոչ միանշանակ ընկալում ունեն հանրության շրջանում, ապա Վարդանյանի փոխանցմամբ, բոլոր այդ հարցերի պատասխանները կտան ընտրությունները։

Վարդանյան. - Այդ մասով որևիցե մեկը չի կարող համեմատվել Հանրապետականի ցուցակի հետ, ձեր բոլոր նշած մարդիկ երևի տեղ են գտել այդ ռեյտինգային ցուցակում։

«Ազատություն». - Օրինակ՝ Վարդան Ղուկասյանը, որը հանրապետական էր, հիմա «Գագիկ Ծառուկյան» դաշինքով է մասնակցելու ընտրություններին։ Դուք չունե՞ք այդ մտավախությունը, որ կարող է նման ընկալում ստեղծվել, որ Հանրապետականից հեռացած, նեղացած և այնքան էլ միանշանակ ընկալում չունեցող անձանցով եք շրջապատվում։

Վարդանյան. - Նրանք բոլորը դնելու են ռեյտինգային ցուցակով, կտեսնենք՝ քանի ձայն են հավաքում և կտեսնենք այդ մարդկանց ընկալումը, եթե նույն Վարդան Ղուկասյանին 10 հազար, 5 հազար, 15 հազար մարդ ձայն տա, մենք կփաստենք, որ այդ որոշակի ընկալումներն այդքան էլ այդպես չէին։

«Միասնություն» շարժման ղեկավարի փոխանցմամբ, հաշվի առնելով «Ծառուկյան դաշինք»-ի ներուժը իրենք գնում են ընտրություններում հաղթելու և նոր իշխանություն ձևավորելու մտադրությամբ:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ են ընտրություններից հետո Հանրապետականի հետ համագործակցությունը, Արման Վարդանյանը նշեց, որ եթե իրենք ցանկային համագործակցություն, ապա Ծառուկյանը դեռ տարիներ առաջ կընդուներ Հանրապետականի առաջարկը և բազմաթիվ պորտֆելներով կմտներ կոալիցիոն կառավարություն։

«Եթե Ծառուկյանը ցանկանար համագործակցել, ինքը կհամագործակցեր շատ վաղուց, բայց մեր մոտեցումը հետևյալն է՝ պետք է բան փոխել երկրում», - ասաց Վարդանյանը։

XS
SM
MD
LG