Այս տարվա առաջին աշխատավարձը ստացածները թերևս նկատեցին, որ այն 1000 դրամով պակասել է: Օրենքի պահանջով՝ աշխատավարձից գանձված այդ գումարը փոխանցվում է հատուկ ստեղծված հիմնադրամի հաշվին, որտեղից էլ պետք է ուղղվի 2017 թվականից սկսած՝ բանակում վիրավորում ստացող զինվորների կյանքի ու առողջության ապահովագրությանը։
Ուշագրավ է այն, որ թեև գումարի գանձումն արդեն սկսվել է, սակայն, հիմնադրամը դեռ չի ստեղծվել․ այժմ ձևավորվում է դրա խորհուրդը, որն էլ դեռ պետք է ընտրի գործադիր մարմնի անդամներին: ԿԲ-ից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ հիմնադրամի խորհուրդը ենթակա է ձևավորման մինչև 2017 թվականի փետրվարի 16-ը: Ինչ վերաբերում է գումարները մինչև հիմնադրամի ձևավորումը գանձելուն, ապա, ԿԲ-ն, հղում անելով նշված օրենքի 30-րդ հոդվածին, փոխանցում է՝ «դրոշմանիշային վճար վճարելու պարտականությունը ծագել է 2017թ. հունվարի 1-ից»:
Չնայած օրենքի պահանջին, իրավապաշտպան Արթուր Սաքունցը մտադիր չէ իր աշխատավարձից վճարել պահանջվող 1000 դրամը: Այսօր պարզելով, որ այդ գումարն իր կամքին հակառակ արդեն իսկ հանվել է իր հաշվեհամարից, նա որոշել է բողոք ներկայացնել դատարան: «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքի խախտմամբ է փորձ արվում ինչ-ոչ խնդիր լուծել: Դա հակաիրավական է ի սկզբանե, և էդ հարցն, իհարկե, կդառնա ընդհուպ՝ Սահմանադրական դատարանի քննարկման առարկա»,- ասաց Սաքունցը:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, ով ևս բազամաթիվ խնդիրներ է տեսնում այդ օրենքում, ուշադրություն է հրավիրում հատկապես հետևյալ հանգամանքի վրա՝ չկա որևէ երկիր, որտեղ քաղաքացուն կարող են պարտավորեցնել՝ գումար վճարել որևէ հիմնադրամի: Այդուհանդերձ, լավ իմանալով այսօրվա դատական համակարգն ու այս օրենքի իրագործման հարցում պաշտոնյաների ընդգծված վճռականությունը, իրավաբանը մեծ հույս չունի, թե դատարանում այս գործով հաջողության կհասնեն: «Որպես կանոն, երբ խնդիր ա ծագում, բանը հասնում է դատարան, պետությունը շատ ճկուն է գտնվում էդ պահին, ինչ-որ լուծում տալիս ա խնդրին»,- ասում է փաստաբանը:
Ավելի վաղ «Ազատության» եթերում տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշված օրենքում առկա մի շարք բացթողումներ էր մատնանշել: Ըստ այդմ, օրենքի շրջանակում մարդը կրկնակի է հարկվում, մյուս կողմից՝ գումարները հետ ստանալու հստակ մեխանիզմ չկա: Մատնանշվող խնդիրներից մեկն էլ այն է, որ մի քանի պայմանագիր ունեցող աշխատողը (ասենք թարգմանիչը) պետք է յուրաքանչյուր աշխատավարձից 1000 դրամ վճարի, ինչը, ըստ իրավաբանների՝ արդարացի մոտեցում չէ: Հատակապես այն պարագայում, որ «օրենքի մեջ հավասարության սկբունքն էր կարևորվում»:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի համար այդ օրենքն անընդունելի էր ի սկզբանե: Նա հետևել է զարգացումներին, և իր մտահոգություններն ավելացել են: Մասնագետը շարունակում է պնդել՝ քաղաքացիների վճարած յուրաքանչյուր դրամը պետք է փոխանցվի բացառապես պետբյուջե, ավելին՝ պետությունն իր պարտավորությունը չպետք է դնի քաղաքացու ուսերին: «Եթե խնդիր կա, լուծեք բյուջեի միջոցով, բերեք բյուջեում առանձին հոդված նախատեսեք, այդ հոդվածի համաձայն, բյուջեից վճարեք: Եթե անհանգստություն կար, որ թափանցիկ չի լինի, բյուջեից ավելի լավ, թափանցիկ տարբերակ չկա: Հիմա փաստը, 1000 դրամները հավաքվել են, ու՞ր են դրանք: Խորհուրդը չի ստեղծվել, ո՞վ ա վերահսկելու»,- հարցեր է տալիս Վահագն Խաչատրյանը:
«Ազատության» հարցին՝ հիմնադրամում հավաքված գումարի վերաբերյալ ինչպե՞ս կարելի է տեղեկություններ ստանալ, ԿԲ-ից պատասխանեցին, որ տեղեկատվությունը շուտով հասանելի կլինի հիմնադրամի ինտերնետային կայքում, որի միջոցով էլ կապահովվի գործընթացի վերահսկելիությունը և թափանցիկությունը:
Չնայած այս հավաստիացումներին՝ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ այս հիմնադրամում հավաքված փողերն էլ, նախորդ հիմնադրամների օրինակով, հօդս են ցնդելու, երբ մի օր առաջանա դրանում կուտակված գումարի անհրաժեշտությունը՝ «Խայտառակ պատմություն է լինելու»: