Մատչելիության հղումներ

ՀՀԿ ԳՄ նիստում որոշվել է խորհրդի կազմից ազատել ՀՀԿ-ից դուրս գալու համար դիմածներին


Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նիստին որոշում է կայացվել խորհրդի կազմից ազատել կուսակից նախկին այն գործընկերներին, ովքեր Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին դիմում են գրել։

«Նախ նիստը որոշում է կայացրել խորհրդի կազմից ազատել մեր կուսակից արդեն նախկին այն գործընկերներին, ովքեր դիմում են գրել Հանրապետական կուսակցությունից դուրս գալու համար՝ պարոնայք Հովիկ Աբրահամյանին, Հենրիկ Աբրահամյանին և Արարատի նախկին մարզպետ Ռուբեն Աբրահամյանին ազատել խորհրդի անդամի պաշտոնից, և նաև մեր Արարատի տարածքային կառույցի ղեկավար տիկին Կարինե Պողոսյանին՝ Ազգային ժողովի պատգամավոր, ազատել խորհրդի անդամի պաշտոնից՝ հաշվի առնելով իրենց դիմումը՝ դուրս գալ Հայաստանի հանրապետական կուսակցությունից», - ասաց Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակը նշեց, որ նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական հարցեր, ինչպես նաև ՀՀԿ-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագիրը։ «Ծրագիրն արդեն ավարտական փուլում է, կարծեմ հաջորդ շաբաթավերջ արդեն պատրաստ կլինի։ Սա բնականոն գործընթաց է, յուրաքանչյուր քաղաքացի ազատ է՝ անդամակցելու այս կամ այն կուսակցությանը։ Հանրապետական կուսակցությունը կենդանի օրգանիզմ է, ՀՀԿ և՛ անդամագրվում են, և՛ դուրս են գալիս, և՛ արտահոսք կա, և՛ ներհոսք կա, բայց դա անհամաչափ է, բնականաբար արտահոսքը շատ ավելի քիչ է, քան թե ներհոսքը։ Մենք մեր բոլոր գործընկերներին նախ շնորհակալություն ենք հայտնում միասնական աշխատանքի համար՝ երկար տարիների, այդ թվում նաև` Հովիկ Աբրահամյանին: Իրենք են իրենց ճակատագիրը որոշում, ինչպես ասում են՝ իրենք են իրենց ճակատագրի դարբինը, դա իրենց որոշելու խնդիրն է, մենք ընդամենը հարգանքով ենք վերաբերում: Մենք ունենք մեր ճանապարհը, իրենք ընտրել են այլ ճանապարհ, իրենց խնդիրն է, այստեղ որևէ մեկնաբանելու հատուկ բան չեմ տեսնում», - ասաց Շարմազանովը։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն խնդիրներ ունենա առաջիկա ընտրություններում, քանի որ շատ է խոսվում, թե Հովիկ Աբրահամյանը մեծ ազդեցություն ունի Արարատի մարզում, Շարմազանովն այսպես պատասխանեց. - «Կներեք, ի՞նչ է նշանակում՝ ՀՀԿ-ն խնդիրներ կունենա, այսինքն՝ որևէ մեկն ակնկալում է, որ Հանրապետականը 100 տոկոս ձա՞յն է ակնկալելու, ի՞նչ եք հասկանում, երբ որ ասում եք՝ Հանրապետականը խնդիր կունենա։ Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, որտեղ կա բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգ, և շատ նորմալ է, երբ որ հանրության մի մասը ընտրում է այս կուսակցությունը, մեկը՝ այլ, մյուսը՝ լրիվ այլ, սա է քաղաքական մրցակցությունը, և մենք ազատ քաղաքական մրցակցության կողմնակից ենք՝ անկախ նրանից՝ մեր օպոնենտը նախկին հանրապետական է, նախկին պաշտոնյա է, թե՝ նախկին ընդդիմադիր...»:

«Այսինքն, մենք գնում ենք ոչ թե ընդդեմ, մենք գնում ենք հանուն, մենք գնում ենք մեր գաղափարով և շատ նորմալ ենք վերաբերվում, որ այլևս Հայաստանի Հանրապետությունը 25-ամյա պետականություն ունի, որտեղ բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգն այլևս փաստ է», - հայտարարեց իշխող կուսակցության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG