Մատչելիության հղումներ

Ռեքս Թիլերսոնը` ԱՄՆ պետքարտուղար


ԱՄՆ - Ռեքս Թիլերսոնը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 11-ը հունվարի, 2017թ․
ԱՄՆ - Ռեքս Թիլերսոնը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 11-ը հունվարի, 2017թ․

Ամերիկյան Սենատը հաստատեց Ռեքս Թիլերսոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում` ձայների 56 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ: 64-ամյա Թիլերսոնը մինչ այս երբեք դիվանագիտական կամ քաղաքական պաշտոն չի զբաղեցրել, աշխատել է նավթային ոլորտում` ղեկավարելով խոշորագույն ExxonMobil ընկերությունը: Նրա թեկնածությունն առաջադրելիս նախագահ Դոնալդ Թրամփը պնդել էր, թե տասնյակ երկրների ղեկավարների հետ բանակցած Թիլերսոնը «համառ է, փորձառու և շատ լավ է հասկանում աշխարհքաղաքական իրավիճակը»:

Ապագա պետքարտուղարի թեկնածությունը, սակայն, միանշանակ չէր ընդունվել, սենատորները քննադատում էին հատկապես նրա սերտ կապերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` հիշեցնելով, որ Կրեմլի առաջնորդը տարիներ առաջ անձամբ է նրան Բարեկամության մեդալով պարգևատրել:

Ընդդիմադիրների հարցերին ի պատասխան՝ Թիլերսոնը Սենատում հայտարարեց․ - «Ռուսաստանը վտանգ է ներկայացնում, բայց նաև շատ կանխատեսելի ձևով է պաշտպանում իր շահերը, և ժամանակն է, որ Վաշինգտոնը Կրեմլի հետ բաց ու անկեղծ երկխոսություն սկսի»:

ԱՄՆ պետքարտուղարն անցած օրերին պատասխանել էր նաև հայամետ սենատորների հարցերին` ղարաբաղյան հակամարտության, Հայոց ցեղասպանության ու հայ - թուրքական հարաբերությունների վերաբերյալ:

«Պետքարտուղարի պաշտոնը ստանձնելու դեպքում աշխատելու եմ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ՝ հանուն խաղաղ ու տևական կարգավորման, որը թույլ կտա կայունություն ու բարգավաճում հաստատել տարածաշրջանում», - ասել էր Թիլերսոնը` մանրամասնելով․ - «Այս գործընթացում առաջին քայլը պետք է լինի վստահության կառուցումը, որպեսզի հարգվեն կողմերի միջև համաձայնությունները»:

Հայ - թուրքական հարաբերություններին անդրադառնալով՝ Թիլերսոնը խոստացել էր աջակցել երկու երկրների միջև դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների, այդ թվում` հայերի իրավունքները:

Կալիֆորնիայից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեսն էլ հետաքրքրվել էր` ինչ դիրքորոշում է որդեգրելու ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

«1915 թվականի ողբերգական վայրագությունները մնում են ցավոտ խնդիր Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում, և Միացյալ Նահանգների շահերից է բխում երկու երկրների միջև խաղաղ ու կայուն հարաբերությունների ապահովումը», - պատասխանել էր Ռեքս Թիլերսոնը, խոստանալով աջակցել պատմական դեպքերի լիակատար ընդունմանն ու բաց երկխոսությանը Հայաստանի ու Թուրքիայի միջև՝ հանուն տարածաշրջանի կայունության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG