Մատչելիության հղումներ

Թիլերսոնի թեկնածությունը Սենատի հանձնաժողովում հավանություն ստացավ ձայների չնչին առավելությամբ


Ռեքս Թիլերսոնը պատասխանում է սենատորների հարցերին

Ռեքս Թիլերսոնը պատասխանում է սենատորների հարցերին

Ռուսաստանի ու անձնապես նախագահ Պուտինի հետ իր սերտ կապերով հայտնի Ռեքս Թիլերսոնի թեկնածության հաստատումը հարցականի տակ էր մնում մինչև վերջին պահը:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրած Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը երեկ ձայների չնչին առավելությամբ հավանություն ստացավ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Նավթային հսկա «Էքսոն Մոբիլ»-ի ղեկավարին կողմ քվերակեցին հանձնաժողովի բոլոր 11 հանրապետական անդամները, իսկ 10 դեմոկրատները՝ միաձայն դեմ: Վերջնական հաստատման համար, սակայն, Թիլերսոնը դեռ պետք է ստանա Սենատի լիագումար նիստի հավանությունը, որն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ շաբաթ:

Ռուսաստանի ու անձնապես նախագահ Պուտինի հետ իր սերտ կապերով հայտնի Թիլերսոնի հաստատումը հարցականի տակ էր մնում մինչև վերջին պահը: Քվեարկությունից ժամեր առաջ, սակայն, հանրապետականներից վերջինը՝ սենատոր Մարկո Ռուբիոն ևս հայտարարեց, թե կպաշտպանի նրան, թեև իրեն «մտահոգել են ապագա պետքարտուղարի հայտարարությունները Ռուսաստանի ու այլ երկրների վերաբերյալ»:

Ավելի վաղ, Սենատում տեղի ունեցած լսումների ժամանակ, Թիլերսոնը հայտարարել էր, թե Ռուսաստանը վտանգ է ներկայացնում, բայց նաև շատ կանխատեսելի ձևով է պաշտպանում իր շահերը, և «ժամանակն է, որ Վաշինգտոնը Կրեմլի հետ բաց ու անկեղծ երկխոսություն սկսի»:

«Ռուսաստանի հետ համագործակցությունը հնարավոր է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերում, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարում, և մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից: Սակայն, այն հարցերում, որտեղ լուրջ տարաձայնություններ կան, մենք պետք է հաստատակամ լինենք Ամերիկայի և մեր դաշնակիցների շահերը պաշտպանելիս: Ռուսաստանը պետք է իմանա, որ պատասխան է տալու իր արարքների համար»,- ասել էր պետքարտուղարի թեկնածուն:

Մինչ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնում Թիլերսոնի վերջանական հաստատումը, Սենատը երեկ հավանություն է տվել Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնում կոնգրեսական Մայք Փոմփեոյի թեկնածությանը: Սենատորների հարցերին պատասխանելիս Փոմփեոն հայտարարել է, թե Ռուսաստանն իրեն «ագրեսորի պես է պահել»՝ ներխուժելով Ուկրաինա, սպառնալով Եվրոպային և ոչինչ չանելով «Իսլամական պետությանը» պարտության մատնելու համար:

Վերջինս նաև ընդունել էր հետախուզական ծառայությունների եզրակացությունները՝ նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի կողմից իրականացված կիբերհարձակումների վերաբերյալ և հավաստիացրել, թե անհրաժեշտության դեպքում պատրաստ է անգամ այդ հարցում դիմակայության մեջ մտնել ԱՄՆ-ի նախագահի հետ:

Ակնկալվում է, որ այսօր ավելի ուշ Թրամփն առաջին պաշտոնական հանդիպումը կունենա ԿՀՎ-ի նոր ղեկավարի հետ: Ի դեպ, ժամանակին, ներկուսակցական ընտրություններում, Փոմփեոն Մացյալ Նահանգների Նախագահի պաշտոնում սատարել էր Թրամփի ներկուսակցական մրցակից Մարկո Ռուբիոյին, ու չնայած դրան, նորընտիր նախագահը որոշել է հենց նրան վստահել Կենտրոնական հետախուզական վարչությունը:

Երեկվանից պաշտոնապես աշխատանքի է անցել Պենտագոնի նոր ղեկավար Ջեյմս Մատիսը: Աշխատանքային առաջին իսկ օրը նա հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ՝ ընդգծելով դաշինքի կարևորությունը Միացյալ Նահանգների համար: «Երկու առաջնորդները քննարկել են համատեղ արժեքների կարևորությունը, Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ այդ արժեքների պաշտպանության հարցում դաշնակիցների փնտրտուքն Ամերիկան միշտ սկսել է Եվրոպայից»,- հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջեֆ Դեվիսը:

Աշխատանքային առաջին օրվա ընթացքում ԱՄՆ-ի նոր պաշտպանության նախարարը հեռախոսզրույց է ունեցել նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի հետ՝ նրան ևս հավաստիացնելով, թե Միացհալ Նահանգները պահպանում է անխախտ հավատարմությունը ՆԱՏՕ-ի նկատմամբ: Նախագահ Դոնալդ Թրամփը, մինչդեռ, բազմիցս հայտարարել է, թե հյուսիսատլանտյան դաշինքը հնացած է, դարձել է անարդյուավետ, և ԱՄՆ-ն շատ գումար է ծախսում այնտեղ, իսկ եվրոպացի գործընկերներն անգամ ստանձնած պարտավորությունները չեն կատարում:

Ի տարբերություն նախագահ Թրամփի, նրա առաջադրած պաշտպանության նախարարը՝ երկրի բանակում «Կատաղած շուն» մականունով հայտնի Ջեմյս Մատիսը առավել կոշտ դիրքորոշում ունի Ռուսաստանի նկատմամբ: «Հարկ է գիտակցել, որ Ռուսաստանը շատ բնագավառներում Ամերիկայի հակառակորդն է, և ոլորտները, որտեղ մենք կարող ենք համագործակցել, գնալով նվազում են: Փոխարենն աճում է նրանց հետ առճակատումը»,- նախկինում հայտարարել է Մատիսը:

Ի դեպ, երեկ Ռուսական պաշտոնական աղբյուրները հաղորդել էին, թե Ռուսաստանը սկսել է ԱՄՆ-ի զինուժի հետ համատեղ ավիահարվածներ հասցնել Սիրիայում: Ավելի ուշ, սակայն, Պենտագոնը հերքեց այդ լուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG