Մատչելիության հղումներ

Գուանտանամոյի բանտից ազատ է արձակվել վերջին ռուսաստանցին


ԱՄՆ դրոշը Գուանտանամոյի ամերիկյան ռազմական բանտի տարածքում

Գուանտանամոյի ամերիկյան ռազմական բանտից ազատ է արձակվել ռուսաստանցի Ռավիլ Մինգազովը։ Նա այս բանտում պահվող վերջին ռուսաստանցին էր։

Ըստ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության երեկվա հաղորդագրության, Մինգազովը երկու այլ բանտարկյալների հետ ուղարկվել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ «Այս մարդկանց բանտում պահելն այլևս անհրաժեշտություն չէ, նրանք այլևս սպառնալիք չեն ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը», - ասված է Պենտագոնի հայտարարությունում։

Գուանտանամոյի բանտում դեռ 41 բանտարկյալ կա, թեև ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբաման խոստացել էր փակել այն մինչև իր պաշտոնավարման ավարտը։

48-ամյա Մինգազովը զինվորական համույթի նախկին պարող էր, ԱՄՆ իշխանությունները նրան մեղադրում էին Ուզբեկստանում Իսլամական շարժման ճամբարներում վերապատրաստվելու, 2001 թվականին Աֆղանստանում թալիբներին միանալու մեջ։ Նա Գուանտանամոյի բանտում անցկացրել է ավելի քան 14 տարի, ձերբակալվել է 2002 թվականին՝ Պակիստանում։

Ռուսաստանը մի քանի անգամ դիմել է ԱՄՆ-ին Մինգազովին արտահանձնելու խնդրանքով, սակայն ինքը՝ Մինգազովը հրաժարվում էր վերադառնալ Ռուսաստան՝ խուսափելով քրեական հետապնդումներից։

Բանտի բացման օրից՝ 2002 թվականից, այստեղ պահվում էին Ռուսաստանի 9 քաղաքացիներ, ովքեր կասկածվում էին «Ալ-Ղաիդա»-ի և «Թալիբան»-ի հետ կապեր ունենալու մեջ։ 2004 թվականին Ռուսաստանին հաջողվել էր հասնել 9-ից 7-ի արտահանձնմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG