Մատչելիության հղումներ

Մարգվելաշվիլիի պնդմամբ՝ «Գազպրոմ»-ի հետ համաձայնագիրը հակասում է Վրաստանի շահերին


Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի, արխիվ

«Պաշտոնական Թբիլիսիի և ռուսական «Գազպրոմ» ընկերության միջև դեպի Հայաստան գազի տարանցման պայմանների մասին օրերս կնքված համաձայնագիրը հակասում է Վրաստանի ազգային շահերին», - համոզված է երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Վրաստանի նախագահի տեսակետն այս հարցում երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց Մարգվելաշվիլիի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն:

«Գազպրոմ»-ի հետ այս համաձայնագրի ստորագրմամբ իրադրությունը Վրաստանի էներգետիկ սեկտորում վատթարացել է: Վրաստանի քաղաքական և տնտեսական շահերին վնաս է հասցվել, ինչը կարող է իրադրության վատթարացման հանգեցնել մի շարք այլ ոլորտներում ևս: Այն, ինչ տեղի ունեցավ «Գազպրոմ»-ի պարագայում, զուտ բիզնես գործարք չէ: Դա նախևառաջ անվտանգության, արտաքին հարաբերությունների, աշխարհքաղաքականության հարց է և նոր միայն` էներգետիկ կամ տնտեսական խնդիր», - հայտարարում էր Վրաստանի նախագահի մամուլի խոսնակը:

«Գազպրոմ»-ի և Վրաստանի կառավարության պատվիրակությունները Հայաստան արտահանվող ռուսական գազի տարանցման պայմանների փոփոխության շուրջ համաձայնության եկան անցած շաբաթ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ եթե նախկինում Վրաստանը ստանում էր իր տարածքով Հայաստան արտահանվող գազի 10 տոկոսը, ապա այսուհետ գործելու է վճարումների ֆինանսական մեթոդը: Վրաստանի իշխանությունները, ի դեպ, պնդում են, որ «Գազպրոմ»-ը երկրի տարածքով արտահանվող գազի դիմաց բավական շահավետ պայմաններ է առաջարկել: Հստակ գինը, սակայն, որի շուրջ պայմանավորվել են «Գազպրոմ»-ը և Վրաստանի կառավարությունը, չի նշվում:

Խորհրդարանական ընդդիմությունը արդեն իսկ խոստացել է լսումներ անցկացնել «Գազպրոմ»-ի հետ կնքված համաձայնագրի հարցով` պահանջելով գաղտնազերծել ռուսական ընկերության հետ կնքված համաձայնագրի բոլոր դրույթները: Վրացական ընդդիմության ներկայացուցիչները համոզված են` անցնելով ֆինասնական վճարումների մեթոդին՝ Մոսկվան Թբիլիսիի վրա ազդեցության հավելյալ լծակ է ձեռք բերում:

«Մենք խորհրդարանական որոշման նախագիծ ենք մշակել, որը վերաբերում է Վրաստանի համար ոչ շահավետ այս համաձայնագրի կնքմանը: Պայմանագրի տեքստը գաղտնի է պահվում: Որոշման այս նախագծով մենք պահանջում ենք այն ամբողջությամբ գաղտնազերծել, ինչպես նաև անդրադառնալ նման պայմանագրերի կնքման հարցում կառավարության պատասխանատվությանը», - հայտարարում էր Վրաստանի խորհրդարանի ֆինանսական հանձնաժողովի նախագահ Ռոման Գոցիրիձեն:

XS
SM
MD
LG