Մատչելիության հղումներ

Վրաստանն ու «Գազպրոմը» համաձայնության եկան Հայաստան արտահանվող գազի տարանցման շուրջ


Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, արխիվ:

Վրաստանի կառավարությունն ու «Գազպրոմ» ընկերությունը գրեթե մեկ տարի տևած բանակցություններից հետո ի վերջո կարողացան ընդհանուր հայտարարի գալ` անցնելով ֆինանսական ուղղակի վճարումների մեխանիզմի:

Ռուսաստանյան կողմը այսուհետ որպես Հայաստան արտահանվող գազի տարանցման վճար Վրաստանին ֆինանսական միջոցներ կփոխանցի, այլ ոչ թե «Հյուսիս-Հարավ» մագիստրալային գազատարով արտահանվող գազի 10 տոկոսը:

Այս մասին այսօր Թբիլիսիում կայացած կառավարության նիստի ավարտին հայտարարել է «Գազպրոմի» հետ բանակցություններում վրացական պատվիրակությունը ղեկավարող Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն` չբացառելով նաև, որ Վրաստանը կարող է համալրել ռուսաստանյան գազի գնորդների շարքերը:

«Պայմանավորվածությունների համաձայն, Վրաստանը, անհրաժեշտության դեպքում, Ռուսաստանից կարող է գազ գնել: Հայտնի է, որ գազի սպառման ծավալները Վրաստանում աճում են, և մենք անհրաժեշտության դեպքում կարող ենք գազ ձեռք բերել հազար խորանարդ մետրի դիմաց ոչ թե 215, այլ 185 դոլար վճարելով», - հայտարարել է Կալաձեն:

Հայաստան ներկրվող ռուսական գազի տարանցման պայմանների շուրջ «Գազպրոմն» ու պաշտոնական Թբիլիսին բանակցում էին ողջ 2016 թվականի ընթացքում: Ռուսաստանյան գազի մատակարարումների հնարավոր աճը Թբիլիսին պատճառաբանում էր երկրում գազի սպառման ծավալների մեծացմամբ և ադրբեջանական գազի մատակարարումներից կախվածության նվազեցման անհրաժեշտությամբ: Նախորդ տարի բանակցությունները չէին դադարում, դրանք սկզբում ընթանում էին իտալական Միլանում, ապա Մինսկում: Երեկ «Գազպրոմի» և Վրաստանի կառավարության բանակցությունների վերջին փուլը նույնպես կայացավ Բելառուսի մայրաքաղաքում: Հենց երեկ կայացած բանակցությունների ընթացքում էր, որ ռուսաստանյան կողմը ներկայացրեց առաջարկների այն փաթեթը, որին մի քանի ժամ առաջ Վրաստանի կառավարության անդամները հավանություն տվեցին:

«Այս համաձայնագրով Վրաստանի կախվածությունը ռուսական էներգակիրներից չի մեծանա: Փոխվում է միան վճարումների ձևը: Տարանցման դիմաց վճարած հումքին փոխարինելու են գալիս ֆինանսական միջոցները, ինչպես և ընդունված է միջազգային պրակտիկայում: Պայմանագիրը կարճաժամկետ է, այն կնքվելու է միայն երկու տարով», - նշել է Վրաստանի էներգետիկայի նախարարը:

Վրաստանի քաղաքագիտական և փորձագիտական շրջանակներում, սակայն, Կալաձեի լավատեսությունը չեն կիսում: Վրաց վերլուծաբանների համոզմամբ, «Գազպրոմի» հետ ուղղակի ֆինանսական կապերի հաստատումը լուրջ վտանգներ է պարունակում:

Փորձագետ Գիա Խուխաշվիլիի խոսքով, օրինակ, պաշտոնական Թբիլիսին պետք է աներ հնարավորը «գազ՝ տարանցման դիմաց» բանաձևը պահպանելու համար:

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն ավելի հավակնոտ և ուժեղ է դարձել: Մեր գլխավոր նպատակը «Գազպրոմի» հետ հարաբերություններում այսօր գործող պայմանները չվատթարացնելը պետք է լինի», - մինչև բանակցությունների ավարտը նշել էր Խուխաշվիլին:

Իսկ թբիլիսցի փորձագետ Նոդար Խարշիլաձեի համոզմամբ, Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքում վրացական իշխանությունները նախևառաջ պետք է խորհրդակցեն հայաստանցի գործընկերների հետ․ - «Մենք պետք է համակարգենք մեր գործողությունները հայկական կողմի հետ: Մտավախություն ունեմ, որ «Գազպրոմի» հետ պայմանավորվածությունների ձեռքբերման դիմաց Վրաստանը որոշակի քաղաքական գին է վճարելու»:

Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունն ևս կոչ է անում պաշտոնական Թբիլիսիին «Գազպրոմի» հետ որևէ պայմանագիր չկնքել: Ազգային միացյալ շարժման անդամ, Վրաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Ռոման Գոցիրիձեն, օրինակ, վստահ է, որ Վրաստանը իր էներգետիկ կարիքները կարող է բավարարել բացառապես ադրբեջանական գազի ներկրման միջոցով․ - «Ռուսաստանը մեզ միակողմանի, ոչ-շահավետ պայմանագիր է պարտադրում: «Գազպրոմի» հետ բանակցությունների առումով ես լուրջ կասկածներ ունեմ: Հարցը միայն տնտեսական տիրույթում չէ: Այլ լծակներ ևս առկա են և ուշ թե շուտ մենք կտեղեկանանք դրանց մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG