Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Հակառակորդը շարունակել է հրադադարի ինտենսիվ խախտումները


ԼՂ ՊԲ զինծառայողը զորավարժության ժամանակ, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողը զորավարժության ժամանակ, արխիվ

Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության այն մասին, թե հայկական կողմի արձակված կրակոցից սպանվել է ադրբեջանական բանակի զինծառայող Ֆիկրետ Նուրշիրավանօղլու Բաշիրովը, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին հայտարարում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ ադրբեջանական կողմին խորհուրդ տալով զինծառայողի մահվան պատճառները փնտրել իրենց բանակում տիրող միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերություներում:

«Ավելին՝ հունվարի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հրաձգային զինատեսակների հետ կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր: Հատկապես ինտենսիվ արկակոծման են ենթարկվել ՊԲ արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում տեղակայված մարտական հենակետերը, որոնց ուղղությամբ հակառակորդը 60 միլիմետրանոց ականանետից արձակել է 51 արկ, իսկ 82 միլիմետրանոցից՝ 3 արկ», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար որոշ հատվածներում դիմել են պատասխան գործողությունների: Առաջնագծում իրադրության հետագա լարման հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա: Հակառակորդ կողմի նման պահվածքի շարունակման դեպքում ՊԲ-ի կողմից ձեռնարկվելիք գործողությունները կլինեն ավելի խիստ», - հայտարարում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG