Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ. Ցանկացած բռնություն հետաձգում է ԼՂ կարգավորումը


Ռիչարդ Հոգլանդ, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ռիչարդ Հոգլանդն անհամբերությամբ սպասում է տարածաշրջանային այցին` լսելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հակամարտող կողմերի դիրքորոշումները: Այս մասին դիվանագետը հայտնել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում` նշելով, որ մտադիր է սերտորեն աշխատել Մինսկի խմբի իր գործընկեր համանախագահների հետ՝ խրախուսելու կողմերի կառուցողական ներգրավվածությունը՝ կարգավորման հետագա ուղին նախանշելու հարցում:

«Իմ մասով ուզում եմ փաստել, որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ համանախագահ երկրների միջնորդությամբ խաղաղ կարգավորում ապահովելու իր հանձնառությանը», - ասել է Հոգլանդը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 9-ին տարածած հայտարարության մեջ խուսափեցին հասցեական գնահատականներ տալ դեկտեմբերի 29-ին Չինարի գյուղի մոտ Ադրբեջանի սանձազերծած դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հարցին, թե որքանո՞վ են անհասցե հայտարարությունները նպաստում հակամարտության կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահը պատասխանել է. - «Մինսկի խմբի համանախագահները հունվարի 9-ի հայտարարությամբ կողմերին կոչ արեցին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և խստիվ հետևել 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին: Ցանկացած բռնություն պարզապես հետաձգում է կարգավորումը և երկարաձգում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների տառապանքները: Վերջնական նպատակը պետք է լինի խաղաղությունն ու բարեկեցությունը տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար»։

Անդրադառնալով բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ընդգրկելու հարցին, ամերիկացի համանախագահն ասել է, թե անձամբ ինքն այս հարցում մոտ ապագայում որևէ արմատական փոփոխություն չի կանխատեսում։ «Ուզում եմ շեշտել, որ համանախագահները նախկինում նշել են, որ հասկանում են հակամարտության բոլոր կողմերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումները լսելու կարևորությունը: Իսկ այն, թե այդ դիրքորոշումներն ինչպես են ներառվելու բանակցություններում, մի հարց է, որ համանախագահները շարունակում են քննարկել կողմերի հետ», - ասել է Հոգլանդը:

Հարցին, թե առաջիկա ամիսներին միջնորդները ծրագրո՞ւմ են այցելել տարածաշրջան, ամերիկացի համանախագահը պատասխանել է. - «Իմ գործընկեր համանախագահները և ես խորհրդակցում ենք տարածաշրջան մեր հաջորդ այցի համար առավել հարմար ժամանակ գտնելու շուրջ: Անձամբ ես անհամբերությամբ սպասում եմ այդ այցին, որպեսզի կարողանամ լսել բոլոր դիրքորոշումները»։

Մեկ այլ հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում ե՞րբ է ծրագրվում, Հոգլանդը պատասխանել է. - «Համանախագահները պատրաստ են աշխատել կողմերի հետ ցանկացած ձևով, որը կարող է տևական կարգավորման հանգեցնել: Մենք շարունակում ենք խրախուսել նախագահներին ու արտաքին գործերի նախարարներին հանդիպել հնարավորինս շուտ՝ շարունակելու հիմնական հարցերի, այդ թվում՝ հրադադարի պահպանման կարևորության և Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների լիարժեք կատարման համար քայլերի ձեռնարկման շուրջ կարևոր քննարկումները»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG